Եգիպտոսում նոր դամբարան է հայտնաբերվել

Հնագիտական նոր հայտնագործություն է արվել Եգիպտոսում: Արդի աշխարհի զբոսաշրջիկներին որպես բուրգերի երկիր հայտնի Եգիպտոսում հայտնաբերվել են 3700 տարվա դամբարանի լավ պահպանված բեկորներ: Դամբարանի գտնվելու վերաբերյալ տեղեկություններ է հրապարակել «Ինթերնեյշնըլ բիզնես թայմզ»-ը: Այն գտնվում է Կահիրեից հարավ՝ եգիպտական Դահշուր փարավոնների դամբարանադաշտում: Ենթադրաբար՝ այնտեղ՝ երկար ձգվող ներքին միջանցքում, հանգչում է XIII արքայատոհմի ներկայացուցիչներից մեկը: Այդ գտածոյի թերևս ամենաուշագրավ մասը 10 տողից կազմված գրանշաններ պարունակող քարաբեկորն է: 
 
Հնագույն քաղաքակրթության օրրան Եգիպտոսը, որի ներկայիս բնակիչները այդ քաղաքակրթության  ոչ թե ստեղծողներն են, այլ ընդամենը ժառանգողները, դեռևս շատ գաղտնիքներ է թաքցնում: Այն մասին, որ հայոց հնագույն պետությունների հետ այդ երկիրը սերտ առնչություններ է ունեցել, բազմաթիվ փաստեր ու գտածոներ են խոսում: Ու նաև չի բացառվում, որ գրանշաններով այս նոր քարաբեկորի վրա, եթե ճիշտ վերծանվի, շատ կարևոր տեղեկություններ մեզ հասած լինեն: 
 
Ցավալիորեն՝ մեր օրերի աշխարհում հնագիտական նյութը դարձել է առուծախի առարկա: Խոսվում է այն մասին, որ Մերձավոր Արևելքի թեժ կետերում գտնվող թանգարաններն ավերվում են, իսկ դրանցում պահվող անգնահատելի ցուցանմուշները՝ դառնում սև շուկայի ապրանք: Առուծախ անողները լավ գիտեն, որ իրենց ձեռնտու պատմությունը դրանք չեն հաստատելու, ուրեմն ավելի լավ է՝ ոչնչանան կամ հայտնվեն խարդախների ձեռքին: 
 
Թե ինչ ճակատագիր կունենա եգիպտական այս գտածոն, դժվար է գուշակել: Եգիպտոսում, սակայն, այդպիսի բաներին մեծ նշանակություն են տալիս. չէ՞ որ դրանք դեպի իրենց են ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք հաճախ վտանդներն անտեսելով՝ գալիս են առնչվելու հազարամյակներ առաջվա հրաշքների հետ: 
 
Իսկ քարաբեկորին, գուցե, արձանագրված կլինի, թե այնտեղ հանգրվան գտած փարավոնը ինչ մեծագործություններ է արել ու քանի երկրի կամ առաջնորդի է պարտության մատնել: Ինչքան էլ հազարամյակներ են անցել՝ այդ տարածաշրջանում պատերազմներ միշտ են եղել, տարբերությունը, երևի, միայն զինատեսակներն ու մարտավարության եղանակներն են եղել: