Երեխաների արտադրության հարահոս

ԲԱՅՑ Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ

Թաիլանդի դատարանում չորրորդ տարին է` քննվում է մի տարօրինակ գործ, որը թերևս միայն փոխնակ մայրերի մեր ժամանակներին է հատուկ: Ճապոնացի միլիարդատեր Միցուոկի Սիգետան պահանջում է վերադարձնել իր երեխաներին: Ոստիկանությունն արդեն գտել է նրա շառավիղներից 15-ին, սակայն հնարավոր է, որ նրանք շատ ավելին են: Չարակամները  պնդում են, թե միլիարդատերը մեծացնում է հետնորդների մի ամբողջ բանակ, որը հետագայում նրան կօգնի զավթել իշխանությունը:

Նման երեխաներից մեկի մայրը բանգկոկցի Վանեսան է, որի պատմությունը մեջ է բերում ռուսական «Լենտան»: 30-ամյա կինը քրոջից է իմացել, որ New Life ընկերությունը հրավիրում է կանանց, ովքեր կցանկանան փոխնակ մայր դառնալ և երեխա ունենալ արտասահմանցի անզավակ ծնողների համար: Ծառայությունը գնահատվում էր 10 000 դոլար: Պարտքերի մեջ խրված, 8 տարեկան որդու ու էլի 7 ազգականի հետ մի նեղլիկ բնակարանում ապրող և սոսկ փողոցային առևտրով եկամուտ ապահովող Վանեսայի համար դա խոշոր գումար էր: Նա ընկերության հետ կապ է հաստատել և որոշել է ավելորդ հարցեր չտալ.

- Մտածում էի, որ եթե ծնողներն այդքան վճարում են, նշնակում է շատ են ուզում երեխա ունենալ: Գործակալն ինձ ասաց, որ զույգն արտասահմանցի է,- երեխայի ծննդից երկու տարի անց Associated Press-ին խոստովանել է նա:

2013թ. հունիսին Վանեսան առաջին անգամ տեսել է երեխայի հորը` երկարամազ մի ճապոնացի, որը ոչ մի բառ չի արտասանել: Նրա փոխարեն խոսել է փաստաբանը: Վերջինս Վանեսայից պահանջել է ստորագրել հօգուտ իր հաճախորդի ծնողական իրավունքներից հրաժարվելու գրության տակ: Վանեսան, բնականաբար հնազանդվել է: Ստացած գումարը բավականացրել է սոսկ պարտքերը մարելու համար, իսկ ահա մեկ տարի անց բորբոսնած պատերով իր բնակարանում նորություններ դիտելիս` կինը տեսել է նույն ճապոնացուն:

Նորություններով ցուցադրել են, որ Բանգկոկի արվարձանի մի բազմաբնակարան շենքում գտել են երկու շաբաթականից մինչև երկու տարեկան ինը երեխա, յոթ դայակ և 7 ամսական հղի մի կնոջ: Ապա ցույց են տվել Վանեսայի ծանոթ ճապոնացուն և պարզաբանել, որ բոլոր երեխաները նրան են պատկանում, իսկ ինքը, լսելով շուրջկալի մասին, գնել է նույն պահին Մակաո թռչող ինքնաթիռի տոմս և երկրից հեռացել: Bangkok Post պարբերականը նրա մասին շատ բան պարզել չի կարողացել, միայն ցուցադրել է նրա արտասահմանյան անձնագրի պատճենը և նշել անունը և տարիքը ` Միցուոկի Սիգետա, 24 տարեկան:

Հետագայում ոչ հավաստի լուրեր են տարածվել, որ նա գործարարությամբ է զբաղվում Կամբոջայում, շքեղ բնակարան ունի Բանգկոկում և ֆինանսական ձեռնարկություն` Ճապոնիայում: Գրեթե կասկած չկա, որ նա որդին է Ճապոնիայի ամենահարուստ մարդկանցից մեկի` 43 մլրդ կարողության տեր Յասումիցու Սիգետայի: Համենայնդեպս` վերջինս նույն անունով ու նույն օրը ծնված որդի ունի: 

Բանգկոկի ոստիկանությունը ենթադրում է, թե Սիգետան Թաիլանդով սկսել է հետաքրքրվել դեռևս 2010թ.: Այդ ժամանակվանից առնվազն 40 անգամ այնտեղ է այցելել և փոխնակ մայրերի վրա ծախսել է 500 մլն դոլարից ոչ պակաս: Ընդ որում` դոնորներ է գտել աշխարհի բոլոր ծագերից` Ավստրալիայից, Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Չինաստանից, Իսպանիայից, Բրազիլիայից , Մալազիայից և Իսրայելից:  Ոչ ոք ստույգ չգիտի, թե Սիգետան քանի երեխա ունի, իսկ ԴՆԹ քննությունն արդեն հայրության 15 թեստ է հաստատել, և սա թերևս միայն սկիզբն է: Վերոհիշյալ բազմաբնակարան շենքում գրանցված է եղել 21 երեխա, որոնց մի մասին հասցրել էին երկրից հանել: Նրանցից 4-ին ճապոնացին անձամբ է Կամբոջա տեղափոխել:

New Life ընկերության մի աշխատակից էլ հայտնել է, որ ճապոնացին հաճախ է եղել նաև Հնդկաստանում, որտեղ փոխնակ մայրերից առնվազն երկու երեխա է ծնվել, իսկ 2011թ. նա փոխնակ մայրերին 100 հազար դոլար է վճարել Ուկրաինայում:

Այսպիսով, Սիգետան երեխաների արտադրության հարահոս է գործի դրել: Նրա գործակալները գտել են կանանց, վստահելի բժիշկներն ուշադիր հետևել են հղիությունների ընթացքին, այնուհետև կեսարյան հատումով նրանց ծնած հերթական երեխային ուղարկել են բազմաբնակարան շենքի տներից մեկը: Դրանից հետո գործի են անցել նրա իրավաբաններն ու ձևակերպել երեխայի նկատմամբ ծնողական իրավուքի փաստաթղթերը: Ինտերպոլի թաիլանդական բյուրոյի տնօրենը խոստովանել է, որ այդ արարքի դրդապատճառներն իրեն փակուղու առջև են կանգնեցրել:

- Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել` նման բան երբեք չեմ տեսել: Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի մարդը, ով փորձել է այդքան երեխա ունենալ,- ասել է նա:

Ոստիկանությունում նախապես ենթադրել են, թե խոսքը մարդկանց առևտրին կամ մանկական աշխատուժի շահագործմանն է առնչվում, սակայն ոչ մի ապացույց չի գտնվել: Չի հաստատվել նաև այն կասկածը, թե երեխաները նախատեսված են ցողունային բջիջների մատակարար դառնալու համար:

Պատմության բացահայտումից հետո փոխնակ մայրերի մի մասը դատարան է դիմել, բայց հաջողվել է վերադարձնել երեխաներից միայն երեքին, մնացածների ճակատագիրը դեռևս անորոշ է: Ճապոնացին, սակայն, մտադիր չէ այդ երեք երեխայից հրաժարվել, նա տեսակապի միջոցով Թաիլանդի դատարանից պահանջում է նրանց իրեն վերադարձնել:  

Այս պատմությունը կարող է դաս լինել որոշ կանանց, ովքեր առանց մանրամասներ ճշտելու` երեխա են ունենում ու հանձնում օտարի ձեռքը: Որքան էլ այդ կինն ինն ամսում ընդամենը պտղի կրողն է և ոչ թե մայր, չի կարող անտարբեր մնալ իր լույս աշխարհ բերած էակի ճակատագրի հանդեպ: Իսկ նրանք, պարզվում է, կարող են այնպիսի ձեռքերում հայտնվել, որտեղ ապրանքից ավելի արժեք չեն ունենա: Սա, իհարկե, նաև մարդկային հասարակության համար նոր ցավի աղբյուր է, սակայն դա արդեն բոլորավին այլ թեմա է: