Ախ, բնության այդ հրաշք զավակները

ԳԻՏԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՊԱՑՈՒՅՑ, ՈՐ ԲՈՒՅՍԵՐԸ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

Ասում եք՝ ռոմանտի՞կ են նրանք, ովքեր պատմում են, թե ինչպես են զրուցում բույսերի հետ, զգում են դրանց տրամադրությունը և թոթափում են սեփական վատ ապրումները: Հավատացեք՝ այդպես պնդողներն իրատես են ու շատ նրբազգաց, և արդեն գիտությունն է փաստում, որ մարդկանց լուռումունջ գեղեցկություն պարգևող այդ էակները նույնպես տխրել և ուրախանալ գիտեն: Նաև շնորհակալ լինել գիտեն, ինչն արտահայտում են միշտ թարմ մնալով:
 
Թվում էր՝ գիտնականները արդեն հավաքել էին բավականաչափ ապացույցներ առ այն, որ բույսերը գիտակցություն ունեն: Իհարկե՝ ո՛չ տրամաբանական մտածողության առումով (դա բնորոշ չէ նույնիսկ առավել խելացի կենդանիներին): Այսուամենայնիվ, ֆլորայի ներկայացուցիչները հասկանում են իրենց, կարողանում են հաղորդակցվել, քնել և, ինչպես պարզվել է՝ նույնիսկ կենսադադար առնել (անաբիոզ):
 
Բույսերի մեջ, որպես անզգայնացնող, ցավազրկողներ լցնելու միտքը հետազոտողների գլխում ծագել է բոլորովին վերջերս. Բոննի համալսարանի կենսաբանները որոշել են համոզվել, թե այդ դեպքում ինչ կկատարվի բույսերի հետ: Եթերանյութ և լիդոկային ներարկելով թաղարներում՝ հետազոտողները պարզել են, որ այդ բույսերը շուտով դադարել են արձագանքել արտաքին ազդակներին: Բայց երբ անզգայացումն անցել է, կրկին արթնացել է կանաչ տնկարկների «գիտակցությունը» (տեղեկացրել է esoreiter.ru-ն):
 
Այս ուսումնասիրությունը հրապարակելով Annals of Botany գիտական ամսագրում, Բոննի համալսարանի աշխատակիցները մի կողմից վերստին ապացուցեցին, որ բույսերն այնքան էլ հետ չեն մնացել՝ գիտակցության առկայության առումով (աշխարհի ընկալման և նույնիսկ սոցիալական հարմարվողականության ընդհանություններ ունեն մարդկանց հետ): Իսկ մյուս կողմից՝ գիտնականները կարծում են, որ նման փորձարկումը բժիշկներին հնարավորություն կտա ապագայում ավելի լավ կողմնորոշվել վիրահատության ժամանակ օգտագործվող անզգայնացնող միջոցների ընտրության հարցում:
 
Ահա, թե այս ամենի մասին ինչ է ասում դոկտոր Ֆրանտիշեկ Բալուսկան.
 
- Ինչպես պարզվեց՝ բույսերը չեն տարբերվում կենդանիներից, հետեւաբար  նաև մարդուց, թեև անցյալում մենք միանգամայն այլ կերպ էինք մտածում: Ֆլորայի ներկայացուցիչները բարդ  օրգանիզմ են, որոնք, ինչպես մենք՝ զգում են ոչ միայն ցավ, այլև ուրախություն, վախ, տխրություն և շատ այլ զգացմունքներ են ունենում (հավանաբար՝ նույնիսկ սեր, քանի որ առանց դրա ո՞նց կապրեն այս աստվածային տիեզերքում): Զգացմունքներ, որոնք չգիտես ինչու՝ վերագրվում են միայն մարդկանց: Թմրանյութերի ազդեցությամբ գիտակցությունը կորցնելու ունակություն ապացուցում է, որ բույսերն ունեն նույն գիտակցությունը՝ ինչպես կենդանիները: Այսօր ոչ ոք ասի հարյուր տոկոսով չի պնդի, որ արդեն վաղը մենք չենք սովորելու հաղորդակցվել բույսերի հետ և հարցեր չենք ուղղելու նրանց… 
 
Ի դեպ, հոգևոր մարդիկ այդ մասին (բույսերի հետ մարդկանց հաղորդակցվելու) խոսում են շատ հազարամյակներ ի վեր: