Մարդու հասունության ճանապարհը երկարել է

Այժմյան չափանիշներով՝ մարդը դեռահաս է համարվում 10-19 տարեկանների միջակայքում: Ավստրալացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ժամանակն է մարդու այդ տարիքը ավելացնել՝ հասցնելով մինչև 24 տարեկանը: Ավանդաբար դեռահասություն է համարվում մանկության և հասունության միջև ընկած հասակը, որն սկսվում է սեռական հասունության առաջին նշաններից և հասնում մինչև հասարակության մեջ մեծահասակի դեր ստանձնելը: 
 
Հետազոտողները նկատել են, որ մեր օրերում երիտասարդներն սկսել են ավելի շատ ժամանակ ծախսել բարձրագույն կրթություն ստանալու համար, շատ ավելի ուշ են ամուսնանում և ուշ էլ երեխաներ են ունենում: Սրան էլ ավելացրած՝ ֆինանսական կախվածությունները հանգեցնում են նրան, որ մարդու կյանքում ավելանում է «կիսաանկախության» փուլը, որով բնորոշ է դեռահասության տարիքը: Այս ամենով պայմանավորված՝ որոշ չափով փոխվում է հասարակական ընկալումն առ այն, թե երբ է սկսվում մեծահասակի կյանքով ապրելու ժամանակը:  
 
Ամենազոր վիճակագրությունը ուշագրավ փաստեր է բացահայտում: 
Այսպես, Մեծ Բրիտանիայի Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ 2013թ. տղամարդկանց համար առաջին անգամ ամուսնանալու միջին տարիք է գրանցվել 32,5-ը, իսկ կանանց համար` 30,6-ը: Սա ցույց է տալիս, որ 1973թ. համեմատությամբ այս ցուցանիշը 8 տարով մեծացել է:
 
Հասարակական այս նշաններից բացի առկա են նաև ֆիզիոլոգիական կռվաններ: Օրինակ, գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը 20 տարեկանից հետո էլ է զարգանում, իսկ շատ մարդկանց իմաստության ատամները կարող են դուրս գալ համարյա 25 տարեկանում (հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet Child & Adolescent Health journal գիտական հանդեսում):
 
- Թեև հասուն մարդկանց տրվող իրավական որոշ արտոնություններ սկսվում են 18 տարեկանից, սակայն հասարակության մեջ հասուն մարդու դեր և պատասխանատվություն ստանձնելը ավելի ուշ են տեղի ունենում,- նշել է հետազոտությունը վարող պրոֆեսոր Սյուզան Սոյերը՝ Մելբուռնի Թագավորական մանկական հիվանդանոցին կից Դեռահասների առողջության կենտրոնի տնօրենը:
 
Հեղինակների կարծիքով՝ դեռահասության տարիքը երկարացնելը կօգնի մշակել օրենքներ, որոնք կպաշտպանեն երիտասարդ մարդկանց և նրանց կաջակցեն դեպի  հասուն կյանք տանող ճանապարհին: