Եթե արմավաշուշան ես աճեցնում, զգուշացի՜ր

Շատերն են բնակարաններում, պատշգամբներում, գրասենյակներում ու պարտեզներում թաղարներով ծաղիկներ աճեցնում` բնավ չմտածելով, թե դրացից որոշները կարող են վնասակար լինել: Ավստրալացի գիտնականներն ու բժիշկները պարզել են դրանցից մեկի վնասակարության աստիճանը և բոլորին զգուշացնում են:

2012թ. սկսած` ամենաքիչը 28 մարդ բժշկի է դիմել ականջանցքի կամ թմբկաթաղանթի վնասվածքներով: Նրանց բոլորի համար ընդհանուր է եղել սոսկ մեկ բան` բոլորն էլ տանը պահել են արմավաշուշան տեսակի բույս (Ա. Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանում» գտնում ենք նաև բույսի «ադամի ասեղ», «յուկկա» անվանումները): Այն Կենտրոնական Ամերիկայից տարածված ծառանման մշտադալար բույս է: Շատ մարդիկ դրանք տեղադրում են այգիներում և պատշգամբներում, նաև գրասենյակներում, երբեմն էլ բնակարաններում:

Տնային այս «վնասատուների» գլխավոր նշաններից են երկար ու նուրբ սրածայր տերևները: Բժիշկները եզրակացրել են, որ հենց այդ տերև-«սուսերներն» են «հանցագործության»գործիք դառնում: Մելբուռնի բժիշկների խոսքով` եթե մարդ ապրում կամ աշխատում է արմավաշուշանի հետ անմիջական շփման պայմաններում, կարող է վնասվածքներ ստանալ կամ ամբողջովին կորցնել լսողությունը: Մելբուռնի համալսրանի պրոֆեսոր Սթիվեն Օ'Լիրիի խոսքով` երկար սրածայր տերևներն իրականում կարող են ներթափանցել ականջի անցքի մեջ, ասես նետեր լինեն: Իսկ երբ մարդու թմբկաթաղանթը որևէ առարկա ծակում է, դա ուղեկցվում է ոչ միայն լսողության կորստով, այլև մասնակի գլխապտույտով, հավասարակշռության կորստով. նաև վտանգ կա, որ այնտեղ վարակ կներթափանցի: 

Clinical Otolaryngology հանդեսում հրապարակված այս հետազոտության հեղինակները նշում են, որ բույսերի վնասակարության աստիճանը թերագնահատվում է: Ընդ որում` արմավաշուշանը կարող է «հարձակվել» նաև մարդու աչքի և կոկորդի վրա, հատկապես երեխաների, իսկ կոկորդի բժիշկներին, վիրաբույժներին և մնացած մասնագետներին հարկ կլինի բացատրել վնասվածքի պատճառը, որը կարող է միանգամայն անհեթեթ թվալ:

Ինչ մնում է արմավաշուշանի սիրահարներին, բժիշկները խորհուրդ են տալիս գոնե հաճախակի ծայրատել տերևները, իսկ մշտադալար «ահաբեկիչների» ծաղկաթաղարները տեղադրել առավել անվտանգ վայրերում: Օրինակ` դնել ոչ թե սենյակի մուտքի մոտ, այլ անկյունում, որտեղ մարդիկ ավելի քիչ են լինում: Եվ եթե մարդը պատահականորեն վնասվել է, լավ կանի անմիջապես բժշկի դիմի, անգամ եթե անհանգստանալու ակնառու պատճառ չի տեսնում: Դե, իսկ եթե ծագել է ինչ-ինչ անհասկանալի պատճառ, որը հարկադրում է գլուխը մտցնել արմավաշուշանի թաղարի մեջ, լավ կլինի` գոնե նախապես ականջակալներ դնել:

Եվ ընդհանրապես, երևի բոլոր տեսակի բույսերն աճեցնելիս էլ հարկավոր է դրանց բնույթին շատ թե քիչ ծանոթ լինել: Չէ՞ որ եթե մարդը առյուծ կամ ճագար է պահում, նրանց մասին գոնե մակերեսային պատկերացում ունի, իսկ թաղարներում փթթող բույսերը, պարզվում է, կարող են այս երկու կենդանու չափ տարբեր լինել: