Երկիր մոլորակին քանի՞ տարվա կյանք է մնում

Գիտնականները վաղուց են խոսում այն մասին, թե Արեգակնային համակարգության երկրորդ մոլորակ Վեներան միլիարդավոր տարիներ առաջ մեր ճանաչած Երկրի նման ծաղկուն բնակավայր է եղել, և որ չի բացառվում` մի օր մեր մոլորակը ևս նրա նման անկյանք դառնա: Նոր տարում նման միտք է հայտնել նաև անգլիացի տեսաբան Սթիվեն Հոքինգը՝ իր տեսակետը հիմնավորելով որոշակի փաստարկներով:
 
Ինչպես լրատվամիջոցներն են փոխանցել՝ Հոքինգն ասել է, թե եղանակային պայմանների փոփոխությունների հետևանքով մարդկությունը կվերանա, մոլորակն էլ սաստիկ շոգերի պատճառով իսկական դժոխքի է վերածվում: 
Գիտնականը նշել է, որ եթե ջերմոցային գազերի արտանետումները չկրճատվեն, ապա վաղ թե ուշ մոլորակի մակերևույթին միջին ջերմաստիճանը կհասնի 460CO-ի: Ինչ խոսք՝ նման պայմաններում կյանքի հիմնական ձևերը կոչնչանան, և Վեներայի հարևանությամբ իր պտույտն անող Երկիրը աստիճանաբար կվերածվի նրա արդիական նմանակին: 
 
Բրիտանացի գիտնականի պնդումներում մխիթարականն այն է, որ մինչև կատարյալ անապատի վերածվելը՝ Երկիրն ամբողջ 500 մլն տարի ունի: Միայն թե՝ դատելով նրա բանական բնակիչների գործելակերպից՝ դժվար է հուսալ, որ մոլորակի բարիքները վայելելու համար մարդկությունը միլիոնավոր տարիներ ունի: Առայժմ որևէ մեկը ջերմոցային գազերի արտանետումների դեմ լուրջ պայքար չի տանում, բնական միջավայրը շարունակում է անխնա աղտոտվել ու վատնվել, իսկ միջուկային զենքերով պատերազմների սպառնալիքն առաջվա նման ամեն ինչ պահում է կործանման եզրագծին: Այսինքն, չի բացառվում, որ Արեգակնային համակարգության մեջ մի օր նոր երկնաքարերի գոտի կառաջանա (ինչպիսին այժմ կա Մարսի և Յուպիտերի միջև), որն այս անգամ կգտնվի Վեներայի և Մարսի միջև, իսկ ուրիշ բանական արարածներ միլիոնավոր տարիներ անց կենթադրեն, թե այնտեղ մի մոլորակ է եղել, որն ինչ-ինչ պատճառներով պայթել է…
 
Այս ամենից խուսափելու համար մարդկությունը, թերևս, մեկ ճանապարհ ունի՝ Վեներայի վրա բնակվելու «գործուղել» հանուն շահի ու իշխանության մեր մոլորակը կործանման տանող բոլոր մեծամեծերին, այն էլ՝ առանց շնչառական սարքերի կամ շոգուցրտից պաշտպանող հատուկ հանդերձանքի: