Տոնածառի հայաշունչ խորհուրդը

ԻՆՉՈՒ Է ԵՂԵՎՆԻՆ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՆԱՉ ՄՆՈՒՄ

Տոնածառը Նոր տարվա խորհրդանիշ դարձավ մեր նորագույն պատմության ժամանակներում ու սկսեց պայծառ գույներով երանգավորել տոնը: Հայոց աշխարհում մոռացան, որ կենաց ծառի պաշտամունք են ունեցել և տոն օրերին տարբեր բույսերի ճյուղեր են զարդարել չրերով ու պտուղներով:
 
Մոռացան նաև ուրիշ մի բան. այժմ եղևնի զարդարելով նորեկ տարվա պատվին՝ դրանով խնկարկում ենք նաև հող հայրենիի համար ընկած հայորդիների հիշատակը:
 
Այս մասին իր «Սոսյաց անտառ» ժողովածուում վկայում է արձակագիր Հայկ Խաչատրյանը: Հայոց աշխարհի ծառատեսակների պատմությունները շարադրելիս՝ նա եղևնու մասին հետևյալ պատումն է հրապարակել.  
 
Ինչու է եղևնին մշտապես կանաչ մնում
 
Թշնամին խուժեց հայոց հող և սկսեց ավերել, սպանել, կողոպտել: Իշխանը փակվեց իր ամառային ամրոցում և չդիմագրավեց թշնամուն: Շինականը մեն-մենակ դուրս եկավ թշնամու դեմ: Տվեց-զարկեց, բայց մահացու վիրավորվելով՝ սկսեց նահանջել արյունաքամ լինելով: 
 
Ասում են՝ հայոց աշխարհի բոլոր մշտականաչ եղևնիներն աճել են զորական դարձած և հայրենիքի համար զոհված շինականի արյունից: Իշխանն էլ գնաց աշխարհից, բայց նրա հիշատակը մի կանաչ շյուղով էլ չնշանավորվեց: Իսկ եղևնին ապրում ու կանաչ է մնում 500 տարի, կրկին վերընձյուղվում և այսպես անվերջ: 
 
Հողը մշտականաչ է պահում հայրենիքի համար զոհվածների հիշատակը
(Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ»):
 
Իսկ սա չի՞ նշանակում, որ կենաց ծառը եղևնով փոխարինելը ազգային ավանդույթներին դավաճանել չէ, այլ պարզապես դրա վերաիմաստավորումը՝ ի հիշատակ հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած հերոսների ու ի պատիվ նրանց, ովքեր այսօր զենքը ձեռքին՝ մեր սահմանների անվտանգությունն են ապահովում: 
 
Եթե տոնածառի խորհուրդն այս կերպ ընկալենք, ձմեռ հագած մեր քաղաքների ու գյուղերի բազմահազար տոնածառերին մի նոր սիրով ու ակնածանքով կվերաբերվենք: