Նամակ` նացիստի թոռնիկից , ով ապրում է Նյուրնբերգում

ՄԵՂԱՆՉԱՆՔԸ ՈւՇԱՑԱԾ ՉԻ ԼԻՆՈւՄ

Երեք էջանոց իր նամակում Դորիսը գրել է, որ ամաչում է իր հայրենակիցների արարքից և Հիրշմանից ներում է հայցում այն ցավի համար, որ պատճառել են նրա ընտանիքին, ընկերներին, հարազատներին և Նյուրնբերգի հրեական ողջ համայնքին:
 

Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգի Մեյփլվուդ քաղաքում բնակվող 92-ամյա ամերիկացի հրեա Պիտեր Հիրշմանը դեռահաս տարիքում մազապուրծ փախել էր Գերմանիայից և զինվորագրվել ԱՄՆ-ի բանակին: Հավանաբար ապրած սարսափները նա չէր հասցրել մոռանալ, երբ այս ամռանը նամակ է ստացել Նյուրնբերգի բնակիչ, 46-ամյա Դորիս Շոթ-Նոյսից, ում նացիստ պապը խլել էր Հիրշմանների տունը (այս մասին պատմել է բրիտանական The Daily Mail- ի թերթը):
Երեք էջանոց այս նամակում Դորիսը գրել է, որ ամաչում է իր հայրենակիցների գործած հանցանքից և Հիրշմաններից ներում է հայցում այն վշտի համար, որ նրանք պատճառել են նրա ընտանիքին, ընկերներին ու հարազատներին, և Նյուրնբերգի ամբողջ հրեական համայնքին`

- Ցավալի և սարսափելի է մտածել, թե ինչ մղձավանջ են ապրել:

Դորիսը ծրարի մեջ դրել է նաև Նյուրնբերգից հյուսիս-արևելք գտնվող Էյհենդորֆշտրաս արվարձանի տան նկարը, որտեղ ապրել է հաջողակ գործարար Յուլիուս Հիրշմանի ընտանիքը: Ուղարկել է, որպեսզի դրա երբեմնի տերը կարողանա տեսնել, թե ինչ տեսք ունի այն այսօր: Ծերունին լրագրողներին ասել է, որ դա եղել է այդ ժամանակների համար շքեղ առանձնատուն և ցավով հիշել է իրենց այգին, որտեղ իր ծնողները ծաղիկներ և մրգեր են աճեցրել:

Հիշեցնենք, որ բավարական Նյուրնբերգ քաղաքը նացիզմի հենարան էր: Հենց այնտեղ 1935 թ. նացիստները հրեաներին զրկեցին քաղաքացիական իրավունքներից` նրանց հայտարարելով ապադասային (իզգոյ): Եվս երեք տարի անց Գերմանիայի «արիականացման » գործընթացը նոր թափ ստացավ, և բռնագրավեցին հրեական տներն ու ձեռնարկությունները, ինչը դարձավ « հրեական հարցի վերջնական լուծման նախերգանքը»:

Հիրշմանը Գերմանիայից փախել և բնակություն էր հաստատել Նյու Ջերսի նահանգում: Երբ լրացավ Պիտերի 18 տարին, Միացյալ Նահանգները պատերազմի մեջ էր ներքաշվել, և տղան զինվորագրվել է 78-րդ հետևակային դիվիզիային: 1944 թ. մասնակցել է Բելգիայի ազատագրմանը, գերեվարվել և պատերազմի վերջին ամիսներն անցկացրել գերմանական ռազմագերիների ճամբարում: Եթե նացիստները պարզեին, որ նա գերմանացի հրեա է` նրան կենդանի չէին թողնի: Բարեբախտաբար, նա փրկվել է:

Պիտեր Հիրշմանը հիշում է ճամբարը պահպանող գերմանացի զինվորին, որը երբեմն իրեն շոկոլադ էր տալիս: հիշում է նաև իր փայփայած այն հույսը, որ թշնամին, նույնպես, կարող է մարդավայել վերաբերվել իր նմաններին: