Քաղծառայող Լոուրենս կատուն

ՄԱՐԴՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱ՞Ր

Հորդանանում առաջին անգամ քաղաքացիական ծառայության մեջ կատու են ընդգրկել:
 
Կենդանիներին ընդհուպ մինչև պաշտոնյա դարձնելու փորձը ուրիշ երկրներում էլ կա: Այս փաստը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Դիցուք՝ տվյալ երկրում (քաղաքում) այնքան հստակ են գործում օրենքները, որ կարևոր չէ, թե ով է պաշտոնական աթոռին: Կամ՝ կենդանիները պակաս օրինապահ չեն, քան մարդիկ: Եվ կամ՝ ամեն աշխատանք, նույնիսկ իր փորի համար կատվի մուկ որսալը, պետք է վարձատրվի…
 
Մի խոսքով՝ Բրիտանական դեսպանատունը Ամմանում (Հորդանան), իր պատմության մեջ առաջին անգամ ծառայության է ընդունել կատվի՝ երկու պարտականությամբ: Չորքոտանի փափկամազիկ Լոուրենսն այժմ աշխատում է որպես դիվանագետ և մկնորս: Նա, իհարկե միակ կատուն չէ, որ ապրում է բրիտանական նախարարությունում (տեղեկացրել է Yahoo !-ն), բայց իր ցեղակիցներից նրա առավելությունների մասին «նրբանկատորեն» ոչինչ չի ասվում:
 
Դեսպանատանն ապաստանած Լոուրենսի կյանքին ու աշխատանքին կարելի է հետևել նրա իսկ պաշտոնական «Twitter»-ում:
 
Բրիտանական նախարարությունում օթևանած կատուների հիմնական խնդիրը չծուլանալն ու մկներ բռնելն է: ԶԼՄ-ները հաճախ են պատմել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում աշխատող Պալմերստոնե կատվի մասին: Նաև՝ նրա ցեղակից Լարրիի մասին, որը պատկանում է Մեծ Բրիտանիայի վարչապետին նրա հետ ապրում է Դաունինգ-Սթրիթում: