Գերմանիայում հին ավտոմեքենա չե՞ն վարում

Կասկած չկա, որ Հայաստանում նույնպես ավտոմեքենաները պարբերաբար տեխվերահսկողություն են անցնում, իսկ «ԱՊՊԱ»-ն քիթ սրբելու ժամանակ չի ունենում՝ ամենօրյա բազմաթիվ վթարների ու պատահարների հետևից վազելով ու արձանագրություններ կազմելով:
 
Ու թեև Հայաստանը ուսումնասիրված երկրների ցանկում չկա, սակայն վատ չէր լինի, որ մեր փորձագետները ևս փորձեին վեր հանել վթարների և անսարքությունների վիճակագրությունը: Դա թե՛ հետաքրքիր պատկեր երևան կհանի, թե՛ մեքենատերերին կհուշի ճիշտ ընտրություն կատարել ու ճիշտ խնամք տանել:
 
Դժվար է այսօրվա աշխարհը պատկերացնել առանց ամենատարբեր մակնիշի, տեսակի ու ձևի ավտոմոբիլների: Առավել դժվար է ակնկալել, թե լուրերի հերթական թողարկման ժամանակ չես լսի ավտոմոբիլային աղետների ու բազմաթիվ զոհերի մասին: Թերևս այս հանգամանքն է գերմանական մի կազմակերպության մղել՝ կազմելու աշխարհի ամենահուսալի մարդատար մեքենաների վարկանշային աղյուսակը:
 
Տեխնիկական վերահսկողության գերմանական ընկերակցության փորձագետները հսկայական աշխատանք են կատարել՝ հետազոտելով 2016թ. հուլիս-2017թ. հունիս ժամանակամիջոցում իրականացված շուրջ 10 մլն տեխվերահսկողության գործողություններ: Եվրոպայում ամենաշատը գործածվող 225 մակնիշների ավտոմեքենաների համար որպես ցուցանիշ հաշվի են առնվել նրանց անսարքությունների լրջությունը, ինչպես, օրինակ, շարժիչի, շարժահաղորդչի, կախոցի, արգելակման և արտանետիչ համակարգերի արատները:  
 
Երկու-երեք տարի օգտագործված ավտոմեքենաների մեջ ամենահուսալին են ճանաչվել «Mercedes-Benz SLK»-ները: Երկրորդ տեղում «Volkswagen Golf Sportsvan»-ն է, իսկ երրորդն ու չորրորդը դարձյալ «Մերսեդեսի» միանգամից երկու տեսակ՝ B դասի «Mercedes» և «Mercedes-GLK»: 4-5 տարվա ավտոմեքենաների առաջատարներն են՝ B դասի «Mercedes», «Porsche 911», «Mazda CX-5» և «Audi Q5»: 6-7 տարվա ավտոմեքենաներից էլ ամենաանվտանգներն են համարվել` «Porsche 911», «Audi Q5», «TT», «Honda CR-V» և երրորդ լրակազմի «Mazda»:
 
Ելներով նրանից, որ 7 տարուց ավելի հին ավտոմեքենաներն այս աղյուսակում տեղ չունեն՝ պետք է ենթադրել, որ Գերմանիայում ոչ ոք այդքան հին ավտոմեքենա չի վարում: Թվում է՝ սա քիչ հավանական է: Բայց գուցե նաև դրա շնորհիվ է, որ Գերմանիան 2017թ. լավագույն երկրների վարկանիշում գլխավորել է պետությունների ցուցակը:
 
«Ինդեփենդենթը» հրապարակել է 50 երկրների ազգային որականիշների (բրենդ) դասիչը, որն ամեն տարի կազմում է ազգային որականիշի ստեղծման հարցերով անկախ քաղաքական խորհրդատու Սայմոն Անհոլտը: 
 
Վարկանիշը ձևավորվում է որոշակի գործոններից, ինչպես օրինակ «Կառավարություն», «Արտահանում», «Բնակչություն», «Ներդրումներ և ներգաղթ», «Զբոսաշրջություն», «Մշակույթ»: Նախորդ տարի Գերմանիան երկրորդն է եղել, իսկ այս տարի նա առաջին տեղն է գրավել՝ այնտեղից մինչև 6-րդ հորիզոնականը հետ մղելով ԱՄՆ-ին: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի այս հետընթացի պատճառը փորձագետները համարում են նախագահ Թրամփի ազդեցությունը: Իսկ այս երկու երկրների միջև տեղ են գրավել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան: Ի դեպ, 50 երկրների շարքում ներառված է նաև
Ռուսաստանը, որը 23-րդ հորիզոնականն է զբաղեցրել շնորհիվ «Մշակույթ» անվանակարգում ունեցած առավելագույն միավորների: