Գենային շեղումը՝ երիտասարդ մնալու հնարավորությո՞ւն

Որքան էլ բոլորն ընդունում են, որ երկար ապրելու դեպքում անհրաժեշտաբար պետք է ծերանա, այնուամենայնիվ փորձում է արվում դա կանխելու հնարը գտնել: Մարդու կյանքը երկարացնել, անշուշտ, հաջողվել է, սակայն ծերությունը հաղթահարելը դեռևս մեծ խնդիր է:
 
Իսկ ահա ամերիկացի գիտնականների ուսումնասիությունը պարզել է, որ ամիշի անունով հայտնի կրոնական շարժման անդամների խմբում տեղի է ունեցել գեների մուտացիա, ինչը նրանց օրգանիզմում դրական փոփոխություններ է առաջացրել:
 
«Մուտացիա» բառը սովորաբար բացասական հետևանք է ենթադրում, սակայն պարզվում է՝ այն նաև կարող է օգուտ բերել:  Եվ այդ օգտակար հատկությունը բացահայտել են ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները՝ փորձարանային պայմաններում դա դիտելով առանձնացված ամիշի կրոնական խմբի անդամների գեներում: Գիտնականները ենթադրել են՝ նրանք տվյալ փոփոխությանն են պարտական, որ սովորականից երկար են ապրում և զերծ են մնում շաքարախտից ու տարիքային տարբեր հիվանդություններից:  
 
Տեղեկությունը հրապարակող «Վեստի»-ի հաղորդմամբ՝ ամիշիները արդիական շատ տեխնիկական միջոցներից ու հարմարություններից չեն օգտվում: Շատ երկար ժամանակ է՝ նրանք ամուսնանում են լոկ հավատակիցների հետ: Դրա հետևանքով մարդու վերարտադրությունը գենային տեսանկյունից փակ է եղել, ինչն այս դեպքում բնորոշ չէ արդի աշխարհին: 
 
Մուտացիան, կամ այլ կերպ ասած՝ շեղումը, հայտնաբերվել է Ինդիանա նահանգում ապրող մի ընտանիքում, որի տվյալ «արատը» կրող անդամները բոլորն էլ վիճակագրականից 10%-ով ավելի երկարակյաց են եղել: Այնուհետև գյուտի հեղինակ Դուգլաս Վոնը (Douglas Vaughan) իր խմբի հետ ուսումնասիրել է ամիշների հին ծիսակարգի 177 անդամների գեները:
 
- Գենային տվյալ շեղումը, ինչպես մեզ է թվում, մարդկանց պաշտպանում է կենսաբանական ծերացումից,- նշել է գիտնականը:  
 
Հետազոտողները որոշել են իրենց հայտնագործությունն ի սպաս դնել ամբողջ մարդկությանը: Նրանք արդեն բուժարանային պայմաններում փորձարկում են դեղամիջոցներ, որոնք պետք է նմանակեն գենային տվյալ շեղումը: 
 
Ահա այսպես՝ աշխարհի գիտնականների մի մասը կյանքը նվիրում է մահաբեր զենքեր ստեղծելուն, որպեսզի ինչքան հնարավոր է շատ մարդու ոչնչացնեն, մեկ այլ հատվածն էլ փորձում է անհատի կյանքի ընթացքը դարձնել հնարավորինս առողջ ու ապահով: Միայն թե տվյալ դեպքում եթե նույնիսկ փորձարկվող դեղամիջոցներն իրոք մարդուն երիտասարդացնող հատկություն ունենան, «հասարակ մահկանացուներին» հասանելի կլինե՞ն, թե՞ կդառնան միլիարդատերերի ու նրանց համար շքեղ կյանք ապահովողների հերթական մենաշնորհը: