Հիմա հպարտանա՞նք, թե՞ նեղանանք

Մշակութային զբոսարշավների ջատագով կայքը Հայաստանը ներառել է աշխարհի 10 հնագույն երկրների շարքում: The Culture Trip-ը, որ ամսական հինգ միլիոնի հասնող հաճախորդ ունի, իսկ սոցցանցերում՝ 1,5 մլն հետևորդ, առանձնացրել է աշխարհի ամենահին ազգերի և երկրների տասնյակը՝ Հայաստան, Հունաստան, Չինաստան, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Իրան, Սան Մարինո, Եթովպիա ու Եգիպտոս: 

Հայաստանի մասին հաղորդած տեղեկությունները, իհարկե, բնավ էլ ճշգրիտ չեն, ոչ էլ բազմազան են: Նշաված են հանրահայտ փաստեր Հայասատանի մեծ սփյուռքի, 1915-16թթ. Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության, 301թ. քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու, Ք. ա 782թ. մայրաքաղաք Երևանի հիմնադրման մասին: Իսկ ահա մեր երկրի պատմության սահմաններն այնքան են նեղացրել, որ մեզ բերել-տեղավորել 2600 տարի առաջվա սահմանագծին: 
 
Ինչ կա որ, նույնիսկ մեր գիտնականների մի մասն է աչք փակում ակնհայտ փաստերի վրա և Հայաստանի պատմությունն սկսում Ուրարտու անունով հայտնի դարձած պետության իբրև թե կործանումից, այսինքն Ք. ա 6-րդ դարից: Դե, իսկ զբոսարշավի մակարդակով մշակույթ քարոզող կայքն էլ օգտվել է ինչ-որ տեղեկագրերից ու այսպես կողոպտել մեր պատմությունը: Մնում է միայն զարմանալ, թե սրանով հանդերձ ինչպե՞ս է պատահել, որ Հայաստանի անունն այս վարկանիշում ընդգրկվել է, թեև իրավամբ այդ շարքում առաջինը լինելու բոլոր իրավունքներն ունի… 
 
Որքան էլ ուրախանանք, որ այսպիսի ուշադրության ենք արժանացել, և հպարտանանք մեր հնությամբ, այնուամենայնիվ անընդունելի է, որ միլիոնավոր մարդիկ մեր մասին այդքան սխալ ու սահմանափակ տեղեկություններ են ստանում: