Ի՞նչ են զգում մահից հետո

ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՎ

Իրականում ի՞նչ է տեղի ունենում մարդու մարմնում և ուղեղում` սրտի կանգից հետո. այս հարցին փորձում են պատասխանել ամերիկացի գիտնականները (հաղորդում է Live Science):

Սրտի կանգից հետո մարդկային ուղեղը դեռ գործում է և շարունակում է ակտիվ մնալ: Ասել է թե` մարդը կարող է հասկանալ, որ ինքը մահացել է: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիների ուղեղը գործում է 1 րոպե: Մինչդեռ մարդն իր մահվան առաջին փուլում կարող է դեռևս գիտակցել:

- Շատ դեպքերում բժիշկները մահն արձանագրում են այն պահից, երբ սիրտը դադարում է բաբախել, - ասել է Նյու-Յորքի NYU Langone School of Medicine կրիտիկական բժշկության և վերակենդանացման հետազոտությունների ծրագրի տնօրեն, դոկտոր Սեմ Պարնիյան:

Վերակենդանացումից հետո գիտակցության եկող «հիվանդները խոսում են այն մասին, թե իրենց օգնություն ցույց տալու ընթացքում ինչպես են աշխատել բժիշկներն ու բուժքույրերը, ինչի մասին են խոսել և ինչ է կատարվել իրենց շուրջը»:
Պարնիայի խոսքերով` այդ հիշողությունները ցնցում են բժիշկներին, ովքեր իրենց հիվանդներին մահացած են կարծել, բայց նրանք կարողանում են հիշել բոլոր մանրամասները:

- Տեխնիկական տեսանկյունից` մահվան ժամանակը համարվում է սիրտը կանգ առնելու պահը: Հենց այդ պահից գլխուղեղում դադարում է արյան շրջանառությունը, ինչը նշանակում է, որ գրեթե ակնթարթորեն դադարում է ուղեղի գործառույթը, - ասում է Պարնիան:

Ուղեղի` այսպես կոչված «մտածող մասը» նույնպես ակնթարթորեն մարում է, ուղեղի ալիքները 2-20 վայրկյանի ընթացքում չեն երևում էլեկտրական մոնիտորի վրա: Սա հարուցում է բջջային պրոցեսների շղթայական ռեակցիա, որն ի վերջո հանգեցնում է ուղեղի բջիջների մահվան, սակայն դա կարող է տևել մի քանի ժամ` սրտի կանգից հետո: Սրտաթոքային վերակենդանացումը (ՍԹՎ) նպաստում է դեպի ուղեղ արյան հոսքին, ինչը բավարարում է, որ ուղեղը գործի: Դա բավական է` դանդաղեցնելու ուղեղի բջիջների մահը, սակայն բավարար չէ, որպեսզի ուղեղը նորից սկսի գործել. այնպես որ` ՍԹՎ-ի ժամանակ ռեֆլեքսները չեն վերականգնվում:

- Մենք ուսումնասիրում ենք մարդկային միտքը և գիտակցությունը մահվան համատեքստում, որպեսզի հասկանանք` մահից հետո  գիտակցությունը վերանո՞ւմ է, թե՞ պահպանվում որոշակի ժամանակահատվածում, - ասում է Պարնիան:

Վերջինս, ի դեպ, ղեկավարում է մարդկային գիտակցության ուսումնասիրման լայնամասշտաբ մի ծրագիր, որի ընթացքում Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի 25 հիվանդանեցներում ձայնագրում են այն մարդկանց հիշողությունները, ովքեր առժամանակ մահացած են եղել: