«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն»

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 6-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Մինչ լրագրողները հարմար տեղավորվում են՝ Սփյուռքի նախարարի հրավիրած ասուլիսին նախապատրաստվելով, ակամա հիշում եմ լոնդոնաբնակ գրող, բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս Ասատուր Կյուզելյանի խոսքերը՝
 
- Հայաստանի կառավարութեան իմաստուն որոշումներէն մէկը եղաւ, իմ կարծիքով, ստեղծել  Սփիւռքի Նախարարութիւնը, որուն շնորհիւ  ամրապնդուեցաւ սփիւռք-հայրենիք կապը։ Քիչ  կը պատահի  որ  ճիշդ անձը, ճիշդ ժամանակին, ճիշդ պաշտօնին կոչուի։ Ուրախ եմ որ Սփիւռքի նախարարի պաշտօնը վստահուեցաւ ճիշդ ժամանակին, ճիշդ անձի մը, յանձինս փորձառու, գործունեայ եւ վարչական կարողութիւններով օժտուած Հրանուշ Յակոբեանին, որ համեմատաբար կարճ ժամանակուան մը  ընթացքին կրցաւ շահիլ սփիւռքահայութեան վստահութիւնն ու յարգանքը՝  հեղինակ դառնալով կարեւոր իրագործումներու։ 
 
Իսկ սա սոսկ կարծիք չէ. գնահատանք է, ինչը վաստակում են՝ հավատընծա գործերի ու վստահության արդյունքում:
 
ՀԱՅԱՀԱՎՔՆԵՐԸ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐԹԱԿ
 
Իսկ ասուլիսն ընդլայնված տեղեկատվություն էր՝ սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի վերաբերյալ:
 
Համաժողով, որն անցկացվելու է Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ: 
 
Անձնական փորձով ու ներդրած ջանքերի արդյունքով է նախարար Հ. Հակոբյանը համոզվել, որ համաժողովները համահայկական միասնական ամենամեծ հարթակն են: Ազգային ներուժի համախմբման և դրա արդյունավետ կիրառմանը նպաստող բացառիկ իրադարձություններ են, որոնց ընթացքում ճշգրտվում են առաջնահերթությունները, ուրվագծվում է սփյուռքյան, համահայկական գործունեության  օրակարգը, ձևավորվում է հայաստանակենտրոն համազգային հայեցակարգ, ազգային հզոր լիցք են հաղորդում մասնակիցներին: 
 
Հենց այս խոսքերով էլ նա սկսում է ասուլիսը, ապա ընդգծում՝
 
- Ի տարբերություն նախորդ համաժողովների՝ 6-րդ համաժողովն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Առաջին անգամ համաժողովում առանձնացվել են 4 գլխավոր ուղղություններ, որոնց կազմակերպման համար ընտրվել են պատասխանատու գերատեսչություններ՝  Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփյուռքի նախարարությունները:
 
6-րդ համաժողովի մեկ այլ առանձնահատկությունը 2 կլոր-սեղան թեմատիկ քննարկումները կլինեն: Առաջինում քննարկման կդրվեն աշխատանքային խմբի առաջարկները՝ Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Իսկ երկրորդը նվիրվելու է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերին: 
 
Ի դեպ՝ համաժողովին Սփյուռքից արդեն իրենց մասնակցությունն են հաստատել  ավելի քան 1500 մարդ աշխարհի 70 երկրից: Յուրատիպ այս հայահավաքին հեռակա մասնակցություն կկարողանան ունենալ նաև Հայաստան չժամանողները. Համաժողովի աշխատանքները ներկայացնելու, լուսաբանելու և հետադարձ կապ ապահովելու համար ստեղծվել են աշխատանքային խումբ և Paf2017.am կայքէջը: Կգործի ուղիղ տեսակապ՝ լիագումար նիստերից...
 
Մի խոսքով՝ որևէ «մանրուք» անտեսված չէ: Այս գերատեսչության համար մանրուքներ չկան. Մանավանդ՝ երբ խոսքն այսքան մարդաշատ հայահավաքին է վերաբերում:
 
ԱՍԵԼԻՔԸ՝ ԳՈՐԾԵՐԻ ՉԱՓ ԱՆՍՊԱՌ
 
Ինչպես միշտ՝ ասելիքը շատ է, զի ծրագրերն ու արված գործերն են շատ: Այս անգամ, սակայն Սփյուռքի նախարարը կատարված աշխատանքներին չի անդրադառնում. անելիքներն է հակիրճ թվարկում, որոնք մտապահելն իսկ դժվար է: Այդ ամենին դեռ կհասցնենք անդրադառնալ՝ համաժողովի հագեցած օրակարգը ներկայացնելիս:
 
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես անդրադարձավ Համահայկական խորհրդին. 
 
- Համահայկական խորհուրդը պետք է լինի խորհդատվական մարմին: Սփյուռք ունեցող  շատ երկրներ ունեն նմանատիպ մարմիններ: Խորհուրդը միտված է լինելու Սփյուռքի մտավոր ներուժը համախմբելուն և կազմակերպելուն: Պետք է կարողանանք Սփյուռքի ներուժի օգտագործման արդյունավետ ձևը գտնել: 
 
Անդրադառնալով համահայկական խնդիրներին՝ համաժողովներում համատեղ պետք է քննարկել և միասնաբար լուծումներ գտնել: Առաջարկելու ենք, որ Սփյուռքի համայնքներն աջակցեն սահմանապահ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: Մեր նախաձեռնած՝ «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ են կյանքի կոչվել: Վերջերս էլ արգենտինահայերը նախաձեռնել են 10 համերգներով շրջագայություն, վերջին համերգը կկայանա Երևանում, իսկ համերգների հասույթով ձեռք բերված երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Արցախի երաժշտական դպրոցներին: Այս բոլոր միջոցառումները Սփյուռքի երիտասարդության համար նաև դաստիարակչական նշանակություն ունեն, իրենց մեջ քաղաքական, բարոյական, ազգային, պատմական մեծ լիցք են պարունակում: Նաև՝ փորձի փոխանակման մեծ հարթակ են, ամրապնդում են ոչ միայն Հայաստան-Սփյուռք, այլև՝ Սփյուռք-Սփյուռք կապերը: