«Ես ասում եմ՝ հայ լինելն է լավ»

«ՀԱՅՐԵՆՔԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Ու ԱՐՑԱԽԻՆ

Հայրենիքին, Արցախ աշխարհին բոլորանվեր սիրով կապված հրապարակախոս, լրագրող Ասպրամ Ծառուկյանին մեր ընթերցողը ճանաչում է Արցախյան պատերազմի, դրա նահատակ ու ապրող հերոսների մասին պատմող հայրենաշունչ նրա հրապարակումներից: Երկրի շենացմանը նպաստող այս ընտանիքի մասին այս հոդվածը ևս նրա խորաթափանց հայացքի որոնումների արգասիք է:
 
 
Օպերային մոտ բացօթյա «Մեղեդի» սրճարանը գրեթե դատարկ է: Գուցե մեղավորը օգոստոսյան կեսօրի այրող տա՞պն է: Հակոբ և Զեփյուռ Ալիքսանյանների հետ այստեղ պիտի հանդիպեմ: Ինձ ճանաչելու են Մոնթեի նկարով, որ ձեռքիս պիտի լինի: Հենց պայուսակից հանում եմ գիրքը, որի շապիկին Մոնթեի նկարն է, բարեհոգի երևույթով տղամարդն իսկույն բարձրանում է տեղից, ձեռքով կանչում: Մոտենում, բարևում եմ, ու հենց այդ պահին արագաքայլ մեզ է մոտենում նույնքան բարեհոգի և հարազատի անմիջական ջերմությամբ ժպտացող մի կին. նա է՝ Զեփյուռը... Առանց նախաբանի, առանց նման դեպքերում ընդունված հերթապահ բառերի՝ ծայր է առնում պարզ ու ջերմ մի զրույց , որի հիմնաբառը, առանցքն Արցախն է ու ապա Հայաստանը:
 
- Ծնվել եմ Պոլսում, 18 տարեկան էի, որ ընտանիքով տեղափոխվեցինք Ամերիկա,- ասում է Հակոբ Ալիքսանյանը: - Պոլսեցի ընկերս՝ Վարուժանը, Արցախյան պատերազմի թեժ օրերին՝ 1992թ. եկավ Հայաստան, տեսավ ու զգաց, թե ինչ դժվար վիճակ է, և թե ինչպես են մարդիկ տոկում ու ամեն ինչ անում հանուն Արցախի ազատության ու ապահովության: Նույնպես պոլսեցի Սարգիս Հացպանյանը նրան հորդորում է հնարավոր ամեն բան անել վտանգված հայրենիքին օգնելու համար: Վերադարձավ Լոս Անջելես և ինձ պես պոլսահայ ընկերների հավաքելով՝ Երվանդ Տոնիկյան, Փառունակ Չերիկյան, Հովսեփ Արդչ, Սեդրակ Բիրեթ... և ոչ միայն պոլսահայերի, հիմնեց «Հայրենիք» միությունը: Քարոզչական աշխատանքի արդյունքում շատերն անդամակցեցին մեր միությանը, և սկսեցինք Հայաստանին ու Արցախին օգնելու, սատարելու ծրագրեր իրականացնել: Ցավոք ու հազար ափսոս, որ Վարուժանը 1993թ. մայիսի 23-ին մահացավ սրտի տագնապից ու չտեսավ իր փայփայած ծրագրերի իրականացումը:
 
Կողքից բարձրաձայն արաբերեն խոսակցություն է լսվում:
 
- Կարծու՞մ եք արաբներ են, ո՛չ: Սիրիահայեր են և հայերեն գիտեն: Ինչու՞ հայերեն չեն խոսում,- դժգոհում է տիկին Զեփյուռը, ասես, ամուսնու տխուր խոսքը մեկ այլ տխրությամբ շեղելու համար:
 
Հարցական հայացքս որսալով՝ ավելի խիստ տոնով շարունակում է.
 
- Այո՛, այո՛, շատ ցավոտ խնդիր է: Ես 6 լեզու գիտեմ, հրաշալի անգլերեն, բայց ինչու՜ անգլերեն խոսեմ: Մեծ ցավ եմ զգում, որ հայը մոռանում է հայերենը: Երբեմն լսում եմ՝ ֆրանսիացի լինելը լավ է: Ես ասում եմ՝ հայ լինելն է լավ: Մեր երկու որդիներին ուղարկել ենք հայկական մանկապարտեզ ու վարժարան: Ամերիկյան դպրոց հաճախելը ձրի է: Հայկականը, խոսքը կիրակնօրյա դպրոցի մասին չէ, այլ «Մեսրոպյան», վճարովի է, տարեկան վարձը՝ 10.000 դոլար: Երկու որդիներիս ուսման համար 30.000 դոլար ենք վճարել, որ հայերեն սովորեն: Շատերի պես եթե ամերիկյան դպրոց տայինք, այդ 30.000 դոլարը մեկ այլ նպատակի կծառայեցնեինք: Բայց մեզ համար կարևոր էր, որ մեր երեխաները հայ մեծանային:
 
Հակոբ Ալիքսանյանն Արցախ է եկել 1994թ.՝ հրադադարի օրերին: Կորուստների ցավ, ավերված տներ. պատերազմի մռայլ պատկերներից ազդված՝ ավելի նպատակամղած սկսեց աշխատել՝ Արցախի աննկուն ժողովրդին օգնելու համար: Տիկին Զեփյուռի բնորոշմամբ՝ օրը 24 ժամ այդ գործին է:
 
Պոլսից Ամերիկա տեղափոխվելուց հետո Հակոբ Ալիքսանյանը սովորել է քոլեջում, ապա ուսումը շարունակել ճարտարապետության գծով: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կալիֆորնիայի օդանավաշինության մեծ ընկերությունում՝ որպես ինժեներ: Երեսուն տարի աշխատելուց հետո անցել է թոշակի ու հիմնովին, հոգով-սրտով նվիրվել միության աշխատանքներին:
 
Հոգով -սրտով բժշկի իր աշխատանքին նվիրված տիկին Զեփյուռը եռանդով չի զիջում ամուսնուն՝ միասին են այցելում Արցախ, հետևում «Հայրենիքի» ծրագրերի իրականացման ընթացքին: Որդիները՝ Սևանն ու Կարեն, անմասն չեն մնում ծնողների հայրենաշունչ գործերին: 2008թ. ավագ որդին, լինելով համակարգչային ոլորտի գիտակ մասնագետ, 240 համակարգիչ ձեռք բերեց՝ 26.498 դոլար արժողությամբ՝ Արցախի գյուղեր ուղարկելու համար: Իսկ «Հայրենիքի» անդամ Լևոն Թորոսը դպրոցի մանկավարժների համար համակարգչային դասընթաց կազմակերպեց, որպեսզի նրանք էլ սովորեցնեն իրենց աշակերտներին:
 
Ընդգրկուն և բազմաբնույթ է «Հայրենիք» միության գործունեությունը: Նախ հիշատակենք, որ հիմնադիր Վարուժան Քարյանի հիշատակի համար հուշաղբյուր է կանգնեցվել Կուսապատ գյուղում: Բացման արարողությանը ներկա է եղել նաև Մարտակերտի վարչակազմի ղեկավարը: Հենց այդ արարողության ժամանակ էլ ժողովուրդը հուշեց ավերված դպրոցը «Հայրենիքի» միջոցներով վերաշինելուց հետո Վարուժան Քարյանի անունով անվանակոչելու միտքը:
 
- Դպրոցը լրիվ քանդված էր,- ասում է տիկին Զեփյուռը, - 160.000 դոլար տրամադրվեց այն հիմնովին նորոգելու համար: Հիմքից սարքեցինք:
 
Այր ու կին միմյանց լրացնելով հիշում են անցյալ տարիներին կատարված աշխատանքները: Միության ֆինանսական միջոցները գոյանում են իր անդամների տարեկան 3.000 դոլար անդամավճարներից: 1993-2014թթ. շինարարական աշխատանքների համար հատկացվել է 2,8 միլիոն դոլար: 
32.500 դոլար արժողությամբ բրինձ է գնվել, որն անձամբ են բաժանել գյուղերում: 2016թ. շինարարության և հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 4,1 միլիոն դոլար: Առանձին ջերմությամբ են հիշատակում երկու ջրաղաց գնելու փաստը: 1999թ. միությունը Նոր Կարոլինայից գնեց դրանք՝ յուրաքանչյուրը 57.000 դոլար արժողությամբ, տեղափոխեց Լոս Անջելես, այնտեղից էլ Արցախ: Մեկը հատկացվեց Հադրութի շրջանին, մյուսը՝ Մարտակերտի: Հեշտ չէր այդպիսի հեռվից ջրաղացներ տեղափոխելը, բայց երբ եկան ու տեսան ջրաղացի ալյուրով Հադրութում թխված հացը, մոռացան դժվարությունները: Բացման արարողությանը ո՜նց էին պարում...
 
Ես լսում էի Ալիքսանյաններին ու հիանում նրանց ոգեշնչմամբ: Արցախ գործուղվելիս միության միջոցներից չեն օգտվում, իրենք են հոգում իրենց ծախսերը : Միության ջանքերով գոյացած գումարները պետք է ծառայեն կարևոր նպատակին՝ հայրենիքի բարելավմանը: Հարությունագոմերում կառուցվել է մշակույթի մեծ պալատ, սանհանգույց: Ավդուռում կառուցվել է բուժկետ: Շինարարական աախատանքները հովանավորել են Հայրո և Հավերժ Քյոսեյանները: Ծմակահողում, Շահմանսուրում, Գառնաքարում կառուցվել են համայնքային շենք, բուժկետ, սանհանգույց: Երեքի բացման արարողությունն էլ այս տարի էին: 
 
- Հուլիսի 19-21-ը Ավդուռում էինք: Գյուղի 25 ընտանիքները մեզ շատ սիրալիր ընդունեցին: Բժշկական սարքավորումներ էինք տարել նորակառույց բուժկետի համար: Քանի որ բժիշկ եմ, լավ գիտեի՝ ինչ է անհրաժեշտ, գործիքներ, սարքեր, ամեն անհրաժեշտ բաներ բերեցինք: Ամենահուզիչը Խրամորթում էր: Սարերից գյուղ հասցվեց խմելու ջուր: Գյուղապետն ասաց. «Սա ամենալավ գործն է, որ դուք արեցիք»: Աշխատանքները հովանավորել էր Սեպուհ Մադոյանը: Ցավոք, հայրենասեր այդ մարդը 60 տարեկանում մահացավ թոքերի քաղցկեղից: Մարդը անցնում է, նրա բարի գործը՝ մնում: Օր ու գիշեր հոսող ջուրը Սեպուհի հիշատակն է խորհրդանշում: Ովքեր պիտի Լոս Անջելես վերադառնային, փոքրիկ շշերով աղբյուրի ջրից վերցրին, որ հասցնեն Սեպուհի տիկնոջը...
 
2013-2014թթ. Արա լեռում կառուցվեց հոսպիտալ: Բացման արարողությանը մի ուսուցչուհի ներս մտավ, ձեռքով շոշափեց անկողնու սպիտակեղենը և հիացմունքով ասաց. «Վա՜յ, մարդու հիվանդ ըլլալը կուգա...»: Այդ հոսպիտալը կարևոր դեր կատարեց Ապրիլյան պատերազմի օրերին...
 
Բանակը, սահմանը պահող զինվորն ամենակարևորն են: Շատ կարևոր խնդիր... Ապրիլյան դեպքերից հետո «Հայրենիք» միությունը սահմանի զինվորի համար 15.000 դոլար ուղարկեց, ապա՝ 10.000 դոլար՝ քնապարկերի և այլ անհրաժեշտ բաների համար: Քաշաթաղում սահմանը պահող սպաների համար երեք առանձնատուն է կառուցվել...
 
...Ժամանակն անցնում է աննկատ: Իսկ պատմելու բան դեռ շատ կա: «Հայրենիքը» օգնում է նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններին: Հատկապես կենտրոնական ճանապարհներից հեռու, կյանքի զարկերակից կտրված գյուղերին: Շինարարական անհրաժեշտ աշխատանքներ են կատարել Դսեղում, Սիսիանում, այլ գյուղերում:
 
Ամեն տարի «Հայրենիք» միությունը 100-ից ավելի ծրագիր է ստանում, բայց իր միջոցները բավարարում են մոտավորապես 25 ծրագրի իրականացման համար:
 
- Մեր կազմակերպության պես 30 կազմակերպություն էլ է անհրաժեշտ՝ բոլոր ծրագրերն իրագործելու համար: Երազում եմ՝ գա երանելի ժամանակ, մեր հայրենիքը հզորանա, ոտքի կանգնի և մեր միության պես կազմակերպությունների կարիք չունենա: Բայց քանի դեռ պետք է, «Հայրենիքը» ծառայելու է մեր հայրենիքին՝ Հայաստանին ու Արցախին...
 
Մեր զրույցի ընթացքում ակամա հիշում էի հեռուստադրվագներ. աղքատ ընտանիքին օգնություն են տարել՝ դրամ, հյութեր, կենցաղային տարբեր առարկաներ, ընտանիքը շփոթված, խեղճացած նայում է տարբեր լրատվամիջոցներից եկած լրագրողներին, որոնք շրխկողներով նկարում-նկարահանում են... տխուր, նվաստացուցիչ պատկեր: Իսկական բարեգործությունը ցուցադրական, բարձրագոչ չի լինում: Հակոբ և Զեփյուռ Ալիքսանյաններն իրենք էլ նվիրյալ զինվոր են և «Հայրենիք» միության ավանդույթներին հավատարիմ՝ շարունակում են հայրենաշեն գործերով սատարել իրենց հայրենիքին՝ մի օր այնտեղ մշտապես հաստատվելու բաղձալի ծրագրով...