Հանուրի սերն է նրան աջակից

Նունե ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հայտնությունը Լոս-Անջելեսում իրոք, երևույթ եղավ: Քանզի նա հախուռն օվկիանի պես եկավ: Եկավ և բերեց իր հետ արվեստագետի իր տեսակը՝ իմաստուն ու խենթ, խորազգա ու դյուրաբորբ, նրբագեղ ու երբեմն էլ մանկան նման անօգնական ու անկար, բայց միշտ իր հոգում անթեղված հրաբուխներն ու լավաները այսօր էլ շարունակում են գործել, ժայթքել, ի ցույց դնելով ամենքիս նրա հոգու գաղտնարանում անթեղված լուսակերոն գանձերը՝ ՆԱՐԵԿԱՑԻ ու ԻՍԱՀԱԿՅԱՆ, ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ու ՇԵՐԱՄ, ՇԻՐԱԶ ու ՍԵՎԱԿ...
 

Առանց նրա վարպետ ու հմուտ հանդիսավարության՝ մշակութային ձեռնարկումները մեր համայնքում չէին եզրափակվի այն բուռն «բռավո»-ներով և օվացիաներով, որ կարծես սովորական ու բնական են դարձել մեզ համար: Այստեղ զարմանալու ոչինչ չկա. պարզապես Նունեն ծնվել է արվեստագետների ընտանիքում. հայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ժողովրդական և գուսանական երգերի անզուգական մեկնաբան Վաղարշակ Սահակյանն է, իսկ մայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, հայ պոեզիայի հրաշալի գիտակ, անվանի ասմունքող Սիրվարդ Մեսրոպյանը: Եվ մի՞թե մայրական սրբազնագույն գեները չեն, որ անցնելով միամորիկ Նունե դստերը, այսօր նրան դարձրել են հանրաճանաչ, սիրված ու փնտրված, հոգեհարազատ ու սրտամոտ անուն մեր հայրենիքում:

Շուրջ մեկ տասնամյակի հասնող նրա թողարկած լազերային սկավառակներն այսօր մեր առօրյայի անբաժանելի մասն են կազմում՝ տանը, թե ավտոմեքենայում: Նունեն դարձել է մի մեծ ու անփոխարինելի միջնորդ մեր և Հայ դասական գրականության երևելիների միջև: Իսկ 20-ամյա «Բարև» մշակութային հեռուստածրագիրը, որի մտահղացման հեղինակն ու տնօրենը համայնքում ճանաչված ռեժիսոր Սողոմոն Ավետիսյանն է, այսօր բոլորիս սիրելի և ցանկալի հյուրն է, որին գրկաբաց մենք հյուրընկալում ենք մեր տներում ամեն օր: «Բարև»-ի հյուրասրահում բազմաթիվ արվեստագետներ են հյուրընկալվել` հեռուստադարանը հարստացնելով իրենց արժանապատիվ ներկայությամբ և իրենց արժեքավոր իմաստությամբ:

Ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, Նունե Ավետիսյանն այնուհետև ուսումը շարունակել է հանրաճանաչ Օստանկինոյի ռեժիսորական կուրսերում:

Անվանի արվեստագետ-հեռուստալրագրողն այսօր իր գրապահոցում ունի բազմաթիվ դիպլոմներ ու պատվոգրեր, շնորհակալագրեր ու մրցանակներ: Բայց նրա համար հատկապես թանկ ու անգնահատելի է Յախունտովի անվան համամիութենական ասմունքի փառատոնում ստացած գլխավոր մրցանակը (1981 թվական, Լենինգրադ), որն այնպես սրբությամբ է պահում նա: Չէ՞ որ այն անդրանիկ մրցանակն է` իր ինքնատիպ ու զարմանահրաշ արվեստի առաջին գնահատանքը:
   
Նունե Ավետիսյանը լոսանջելեսյան «Համայնապատկեր»  գրական-մշակութային հանդեսի բարեկամների խորհրդի անդամ է. Ասել է թե` մեր հանդեսի լավագույն բարեկամներից մեկը: Նրա շնորհիվ է նաև, որ «Բարև» մշակութային հեռուստածրագիրն ու «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսը ոչ միայն բարեկամացել են այսօր, այլև «Բարև»-ի արծարծած գրական-մշակութային կարևորագույն և հրատապ հարցերն անմիջապես տեղ են գտնում «Համայնապատկեր»-ի էջերում` հրամցվելով մեր բազմահազարանոց լսարանին: «Բարև»-ի և «Համայնապատկեր»-ի փոխադարձ հյուրընկալությունները ոչ միայն հոգևոր սնունդ, այլև մշակութանպաստ ու կենարար ավիշ են ներարկում հայ համայնքի հայրենակարոտ սրտում` նրան ավելի կապելով Մայր Հայաստանի հետ, դառնալով Հայրենիք-Սփյուռք հոգևոր կամրջի զույգ կարոտած թևերը:

Նունե Ավետիսյանն այն համեստագույն և խոնարհ արվեստագետներից է, որոնց կոչումներ և տիտղոսներ պետք չեն: Ժողովուրդն ի սկզբանէ Նունեին արժանացրել է բարձրագույն պարգևի՝ համաժողովրդական սիրո: Եվ ինչպես գյումրեցիներից մեկն է տեղին սրամտել՝ «Նունե Ավետիսյանը վաղուց է ստացել ժողովրդական արտիստի կոչում, բայց ինքը խաբար չէ...»:

Այդ համաժողովրդական սերն է նրան օգնում իր դժվարին, բայց և պատվաբեր աշխատանքում, նրան առաջնորդում Արվեստի ու Մշակույթի խորհրդավոր աշխարհ, աջակից լինում իր հայրենանվեր ու ազգօգուտ ծրագրերում:
   
Եվ մենք ամեն երեկո անհամբեր սպասում ենք, թե վերջապես ե՞րբ կհայտնվի հեռուստաէկրանին միշտ ժպտադեմ ու բարեհամբույր Նունե Ավետիսյանն ու իրեն հատուկ մտերմաշունչ ձայնով կողջունի բոլորիս.

- Բարև, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ...