Փակվող և բացվող սահմաններ
Իր հարևան երկու պետության հետ փակ սահմաններ ունի նաև Հայաստանը: Ասենք` Ադրբեջանի հետ սահմանին «փակ» անունը տալը շատ մեղմ է ասված: Տեսնես ուժերի ի՞նչ վերադասավորում պետք է լինի, որպեսզի այդ սահմանները բացվեն: Իհարկե, արդարն այն կլինի, որ այդ երկու պետությունն էլ անցնեն իրենց կարճատև ու արյունոտ պատմությունների գիրկը, և տարածաշրջանում բնիկ ազգերն իշխեն: Իսկ արդարությունը, ասում են, հիվանդանում, բայց երբեք չի մեռնում:
Արաբական երկու երկիր` Սաուդյան Արաբիան և Իրաքը, որոշել են բացել 27 տարի փակ պահված սահմանը: Շատերը կհիշեն, որ 1990թ., երբ Սադամ Հուսեյնի Իրաքը անսպասելի հարձակվեց Քուվեյթի վրա` բազմաթիվ երկրներ միասնական բուռն մղումով շտապեցին Քուվեյթն իրենց պաշտպանության տակ առնել:
Պատճառը, իհարկե Քուվեյթի ունեցած նավթի հարուստ պաշարներն էին, որոնք ոչ ոք չէր ուզում Սադամի տրամադրության տակ թողնել: Այդ ժամանակվանից Սաուդյան Արաբիայի և Իրաքի միջև առկա Արար անցակետը տարեկան միայն մեկ անգամ է բացվել` դեպի Մեքքա մահմեդականների ուխտագնացության առիթով:
Բաց սահմանը հնարավորություն կընձեռի ընդլայնել առևտրային հարաբերությունները Բաղդադի և Էր-Ռիադի միջև (նշել է սաուդյան «Մաքքահ» թերթը)։ Սա, իհարկե, ամենակարևոր պատճառը չէ: Թե ինչն է իրականում դրդել տարածաշրջանի համար այսքան վտանգավոր իրադարձությունների փուլում 27 տարի չգործող անցակետին կենդանություն տալ` պարզաբանել է ռուսական «Ռոյթերս»-ը: Իրաքի հանդեպ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հանդուրժողական քաղաքականությունը պարբերականը բացատրում է տարածաշրջանում իրենց գլխավոր թշնամու` Իրանի դեմ ազդեցությունը մեծացնելու ձգտումով:
Աշխարհում, ըստ էության, ուժերի վերադասավորում է տեղի ունենում, և արաբական երկրները փորձում են իրենց դիրքերն ուժեղացնել: Քաղաքական մի իրադարձության հարցում, սակայն, Իրաքն ու Իրանը պետք է որ համակարծիք լինեն: Խոսքը քրդական պետության ստեղծմանն է վերաբերում. նրանք երկուսն էլ դրան խիստ դեմ են: Ու հիմա հարց է` դրա դեմ կփորձեն միասնաբա՞ր պայքարել, թե՞ առանձին-առանձին: Թեև առայժմ կարծես սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեի դեմ ինչ-որ բուռն գործողություններ չեն ձեռնարկվում: