Հայրենիքից օտարված, բայց՝ չօտարացող
Սփյուռքում բնավորված, բայց հայացքներն Հայաստանին հառած մեր հայրենակիցների հետ առնչվելով՝ երբեմն մտածում ես, թե ինչու են հեռանում և հեռուներից փորձում են իրենց կարոտը մեղմել՝ օգտակար ինչ-որ քայլ անելով:
Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն այս անգամ կարծես թե տվեց այդ հարցի պատասխանը.
- Այստեղ ապրելով՝ ես նույնիսկ ընտանիքիս կարիքները չէի կարողանում հոգալ: Իսկ հիմա ունեմ աշխատանք, իսկ կարոտը և հայի ինքնությունը պահելու պատասխանատվությունը մղում են՝ անել հնարավորը:
- Իսպանիայում մենք դասական սփյուռք չունենք: Այսինքն, հայ համայնքն այնտեղ ստեղծվել է ոչ թե Ցեղասպանությունից հետո՝ դրա հետևանքով, այլ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ բացվեցին «երկաթյա վարագույրները»: Համախո՞ւմբ է համայնքը, օտարազգի տեղացիներն ինչպե՞ս են վերաբերվում իսպանահայ դարձած մեր հայրենակիցներին:
- Ինչպես նշեցիք՝ Իսպանիան դեռևս դասական հայ համայնք չունի։ Այն ստեղծվել է վերջին 20-25 տարիների ընթացքում՝ երկրաշարժից և ԽՍՀՄ փլուզումից մի հետո։ Այսինքն‚ դեռ ձևավորման փուլում է։ Հայաքիչ երկիր է‚ որտեղ ամեն քաղաքում փոքրաթիվ հայեր կան‚ բայց բոլորին միավորում է ինքնությունը պահպանելու ներքին մղումը՝ որպեսզի չկորչենք‚ մեր լեզուն պահպանենք։ Դրանից ենք վախենում։ Իմ իսպանացի ընկերներն ինձ հաճախ ազգայնամոլ են ասում՝ երբ պատմում եմ մեր փառավոր անցյալի, մաքառումների, տարբեր արժանիքների մասին:
- Արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին ևս մտահոգում, հաճախ նույնիսկ զայրացնում է մեզանում առկա սոցիալական դժվարությունները: Այսինքն՝ ամեն ինչ տեսանելի է նաև հեռավոր սփյուռքում: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րը կարող է լինել այս իրավիճակից ելքը:
- Ինձ թույլ չեմ տա խրատ կարդալ. դա ամենահեշտն է, բայց այնքան էլ բարոյական չէ: 50-60 տարի առաջ այնքան հեշտ էր խաբել‚ որովհետև չկար համացանց‚ մարդիկ տեղեկացված չէին։ Հիմա դժվար է կեղծ գաղափարներով համակել‚ սուտ խոստումներով կերակրել մարդկանց։ Սակայն դեռ Հայաստանում ես չեմ տեսնում այն ուժը‚ որը կարող է ինչ-որ բան փոխել։ Համախմբում չկա: Տպավորությունն այնպիսին է, որ ժողովրդի ձայնը լսելի չէ‚ կամ լսող չկա։ Բայց նաև՝ այդ ձայնը հստակ չի հնչում: Եթե ուզում ենք‚ որ ինչ-որ բան փոխվի՝ բոլորը պիտի միաբանվեն: Մանավանդ՝ բոլորի ցավը նույնն է։ Մեր պետությունը սկսվում է սահմանից‚ բայց մեր սահմանները ապահովված չեն։ Ասում են՝ ամեն մեծահարուստ իր դղյակի շուրջը ավելի հզոր զորք ու զենք ունի‚ քան մեր սահմանում։ Իշխանություններն ի սկզբանե մի տեսակ անջրպետվեցին ժողովրդից: Հիմնականում սա է պատճառը‚ որ 1988-ից հետո ժողովուրդը հիասթափվեց‚ այլև պայքարի ուժ չմնաց։ Քաղցած մարդը չի կարող պայքարել։ Ես աշխատում էի դպրոցում‚ ստանում էի 10 հազար դրամ։ 10 հազար դրամով իմ երեխային չէի կարող պահել։ Եվ դա համարվում էր նորմալ. այն դեպքում‚ երբ համատարած գռփում էին։ Հիմա էլ սուտ բարեգործի անուն ձեռք բերածները մարդկանց 5-10 հազար դրամ են տալիս ու փառաբանվում են։ Բայց չէ՞ որ դա ժողովրդի փողն է։ Սա է խնդիրը։ Շատ դժվար է հայ լինել։ Հեշտ է ռուս լինել‚ ուկրաինացի‚ եվրոպացի‚ բայց դժվար է հայ լինելու համակերպվել այդ ամենին։ Այս է պատճառը‚ որ մարդիկ լքեցին երկիրը‚ ու արտագաղթը շարունակվում է։ Պարզունակ բան եմ ասում, բայց քանի դեռ ապրելու տարրական պայմաններ չսեղծվեն՝ տարածքը հայրենիք չի դառնա։ Մենք ունենք հոյակերտ կոթողներ‚ հուշարձաններ‚ տուրիզմը զարգացնելու մեծ հնարավորություն‚ բայց այդ հուշարձանը, դիցուք, բլրի վրա է‚ ուր հասնելն անհնարին է։ Ի՞նչ դժվար է մի 100 մետր ճանապարհ սարքել‚ բարեկարգել‚ մաքրել‚ որ զբոսաշրջիկը զվարճանա‚ հրճվի դրանով‚ որ ասի՝ ես եղել եմ առաջին քրիստոնյա երկրում և նորից եմ գնալու։ Իսպանիայի ընկերներիս մոտ ես պարծենում եմ Հայաստանով‚ բայց‚ ներքուստ սարսափում եմ‚ որ հանկարծ կցանկանան այստեղ գալ։
- Բայց իսպանական շատ քաղաքներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։
- Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ներկայացրած դիմումներով՝ արդեն 31 քաղաք ճանաչել է Մեծ Եղեռնը։ Նշեմ նաև‚ որ 5 մարզ է արդեն ճանաչել Իսպանիայում՝ Բասկերի երկիրը‚ Կատալոնիան‚ Բալյարյան կղզիները‚ Նավալան և Արագոնան։ Արդեն աշխատանքներ ենք տանում՝ որպեսզի Վալենսիայի մարզն էլ ճանաչի. Նույնանուն քաղաքը վերջերս ճանաչեց։ Խոշոր քաղաքներից ճանաչել է Մերիդան‚ Մալագան‚ Վալենսիան‚ Ալիգանտեն և Սան Սեբաստիանը։ Այս առումով մեր գործն ավելի է դժվարացնում այն հանգամանքը, որ Իսպանիան շատ մեծ առևտրային հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ և չի ցանկանա դա կորցնել: Միայն 980 մլն զենք է վաճառել Թուրքիային։ Դա արդեն մեծ խնդիր է:
- Շատ վերլուծաբաններ համոզված են, որ Թուրքիայի մասնատումն արդեն սկսվել է։
- Դրան, թեկուզ գաղտնի‚ բայց սպասում է նաև Իսպանիան։
- Ասացիք՝ մեր ներկայացրած դիմումներով: «Մեր» ասելով՝ նկատի ունեք Վալենսիայի «Արարատ հայկական միությո՞ւնը»։
- Այո։ Շատ մեծ պայքար է տարվում։ Ինչո՞ւ։ Նախ հայաքիչ է և հայաճանաչ չէ երկիրը։ Արգենտինայում‚ Ուրուգվայում ավելի տարածաված է հայությունը‚ իսապանախոս են և ճանաչում են հայերին ավելի շատ‚ քան Իսպանիայում։ Այդ պայքարի արդյունքն է‚ որ սկսեցին ճանաչել‚ սկսեցին հասկանալ‚ թե ինչ են բաց թողել։ Դրա պատճառն. իհարկե, Ֆրանկոյի դիկտատուրան էր Իսպանիայում‚ այն ժամանակ թույլ չէր տրվում։ Ֆրանկոն էլ մահացել է 1975 թ.։ Այսինքն, Իսպանիան 40 տարվա դեմոկրատիա ունի։ Դա շատ քիչ է։ Միապետություն է‚ բայց միապետը խորհրդանշական դեր ունի. սնվում է պետբյուջեից, ամբողջ ընտանիքը լավ ապրում է։ Սակայն վերջերս դատարան քարշ տվեցին թագավորի աղջկան և փեսային‚ ովքեր մեղադրվում են կաշառակերության մեջ՝ 9 միլիոն եվրո են գրպանել։ Դատախազը հարցնում է‚ թե ի՞նչ եք արել‚ ասում են չենք հիշում։ 23 քաղաքական գործիչ արդեն բանտում են։
- Ինչպես ասում են՝ դրսից սիրելը հեշտ է. ձեր՝ սփյուռքաբնակ հայերիդ պարագայում կարո՞տն է սեր դառնում։
- Ե՛վ կարոտը, և՛ հայի ինքնությունը պահելու պատասխանատվությունը։ Եթե ավելի անկեղծ՝ Սփյուռքի վստահությունն է կորել։
Նշեմ նաև Ցեղասպանության հետ կապված‚ որ 5 մարզ է արդեն ճանաչել Իսպանիայում՝ Բասկերի երկիրը‚ Կատալոնիան‚ Բալյարյան կղզիները‚ Նավալան և Արագոնան։ Աշխատում ենք արդեն Վալենսիայի խորհրդարան ներկայացնենք‚ որպեսզի Վալենսիայի մարզն էլ ճանաչի‚ վերջերս ճանաչես քաղաքը։ Խոշոր քաղաքներից ճանաչել է Մերիդան‚ Մալագան‚ Վալենսիան‚ Ալիգանտեն և Սան Սեբաստիանը։ Սա շատ դժվար քայլ է։ Նշեմ‚ որ շատ մեծ առևտրային հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ։ Իսպանիան չի ցանկանա դա կորցնի միայն 980 մլն զենք է վաճառել Թուրքիային։ Դա արդեն մեծ խնդիր է (Թուրքիայի մասնատումն արդեն սկսվել է)։ Դրան թեկուզ գաղտնի‚ բայց սպասում է նաև Իսպանիան:
- Ձեր այս այցը հիշարժան է նաև «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսներով:
- Իսկապես: Այս ընթացքում հասցրինք 3 քաղաքներում՝ Հրազդանում‚ Էջմիածնում և Սևանում իրականացնել գրքիս՝ շնորհանդեսները։ Հրազդանում այն կազմակերպել էր Կոտայքի մարզային գրադարանը‚ որտեղ մեզ արդեն հատկացրել են «Սերվանտեսի» անկյունը։ Էջմիածնում շնորհանդեսը տեղի ունեցավ Հովհաննես Հովհաննիսյանի անվան տուն-թանգարանում՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ւանքերի շնորհիվ։ Իսկ Սևանում այդ առթիվ կազմակերպված անմոռաց ցերկույթի համար պարտական եմ տեղի ավագ դպրոցի ուսուցչուհի Արմինե Մելքոնյանին։
- Շնորհակալություն՝ հետաքրքիր զրույցի ու նաև՝ հայրենիքից չօտարանալու համար: