«Պապն աշխարհին պատմեց արմենիզիմի մասին»

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի մրցանակաբաշխությանը
 
Երեկ՝ հուլիսի 18-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի մրցանակաբաշխությանը, որին ներկա  էին նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, պետական, հասարակական գործիչներ, լրագրողներ:
 
«Տարվա Փի Ար իրադարձություն» անվանակարգում հաղթել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Հայ առաքելական եկեղեցին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կազմակերպելու, իրականացնելու և լուսաբանելու համար: Սփյուռքի նախարարը մրցանակները հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին: 
 
Շնորհավորելով մրցանակակիրներին, նախարար Հրանուշ Հակոբյանը  նշեց. 
 
- Այսօր առանձնակի հուզմունքով եմ հանձնում այս մրցանակը, որը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը ևս մեկ անգամ վերհիշելու, Պապի ու սրբավայր Հայաստանի մասին մտորելու, խորհելու տեղիք տվեց: Հիրավի, Պապի ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր մեծագույն իրադարձություն էր: Երեք օր շարունակ աշխարհը պտտվեց Հայաստանի շուրջ, բոլոր աղոթքները ուղղվեցին Նոյի երկիր, և Պապը Աստծո հետ խոսեց դրախտային երկրից, որն անվանեց հոգու լուսաշող կենտրոն: Հայկականության, հայի ինքնության ու լինելության խորը ճանաչողությամբ՝ Պապն աշխարհին պատմեց արմենիզիմի մասին, ասել է թե՝ խոսեց հայի եզակի տեսակի մասին՝ ի տես ամբողջ աշխարհի, ոչ միայն կաթոլիկների եւ առհասարակ քրիստոնյաների, այլև ողջ մարդկության առջև:
 
Նախարարն ընդգծեց, որ Պապի այցը լայնորեն լուսաբանվել է և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, և՛ միջազգային մամուլում՝ աշխարհին ևս մեկ անգամ ներկայացնելով մեր երկիրն ու հայ ժողովրդին:
 
«ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը Հայաստանի և Սփյուռքի հանրությանը լավագույնս ներկայացնելու համար» հատուկ մրցանակը հանձնվեց Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական հաղորդումների բաժնին: Մրցանակը փոխանցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին՝ նախարարը նշեց. 
 
- Հայաստանի հանրային ռադիոյի հասարակական հաղորդումների բաժինը լավագույնս իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությանն ու Հայաստան-Սփյուռք գործակցությանը նվիրված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Կամուրջ», «Հայկական գաղօջախներ», «Սփյուռքի ձայնը», «Հայրենադարձություն», «Պատմական հայրենիք», «Գերդաստաններ» և «Հայկական հետք» հաղորդաշարերը… 
 
Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության կամուրջն ավելի է ամրանում, երբ այդ գործակցությունը լուսաբանվում է համակողմանիորեն՝ ներկայացնելով Հայրենիքը Սփյուռքին և Սփյուռքը՝ Հայրենիքին: 
 
- Ու առավել հաճելի է, երբ Հայաստանի և Սփյուռքի մասին հաղորդումները սփռվում են աշխարհով, արդեն ծանոթ ձայները պատմում են օր օրի սերտացող կապերի, հայրենադարձների, հայկական համայնքների ու հայտնի հայերի մասին: Այսպիսով՝ Հայրենիքում ավելի բարձր է հնչում Սփյուռքի ձայնը, իսկ Սփյուռքում՝ հայրենի երկրի կանչը: Հանրային ռադիոյի հասարակական հաղորդումների բաժինը՝ Ռուզան Առաքելյանի ղեկավարությամբ, Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման գործում շարունակում է մեծ դերակատարություն ունենալ: Հուսով եմ՝ Հանրային ռադիոյի հետ մեր բազմամյա բարեկամությունը դեռ երկար կշարունակվի,-եզրափակեց իր խոսքը նախարարը: