Արժանիներին՝ արժանվույնս

Երևանի պատմության թանգարանում այսօր բացված «4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառքն իրականացվում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում: Գոյացած հասույթի մի մասը կտրամադրվի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին:
 
ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ ու Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ անցկացվող «Թեքեյան» մշակութային միությունների հիմնադիր մարմնի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում և լիբանանահայ նկարչուհի Լենա Այդընյանի նախաձեռնությամբ Երևանի պատմության թանգարանում այսօր բացվեց «4 սերունդներ. վճռականության ոգին» խորագրով ցուցահանդես-վաճառքը:
 
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, արվեստագետներ, մտավորականներ:
 
Ինչպես խորագիրն է հուշում՝ ներկայացված էին 4 տարբեր սերունդների ներկայացուցիչներ Սահակ, Արփինե, Սարին Ոսկյանների, Տանիա և Լենա Այդընյանների, ինչպես նաև Սելին Չաղլասյանի գեղանկարչական աշխատանքները, մանրաքանդակներ և լուսանկարներ: 
 
«Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը, Լիբանանում Հայաստանի դեսպանությանը և Երևանի քաղաքապետարանին` ցուցահանդեսի կայացմանը նպաստելու համար:
 
Շնորհավորելով լիբանանահայ արվեստագետներին՝ հայրենիքում նման հետաքրքիր ցուցադրություն կյանքի կոչելու համար, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորեցրեց. 
 
- Արդեն մի քանի օր է, ինչ Լիբանանի շունչն ու ոգին է թևածում Երևանում, երեկ պարոն Վիգեն Ասսիլյանի ղեկավարությամբ  փայլուն համերգ էր կազմակերպվել, լիբանանցի երեխաները կատարեցին հայ երգահանների ստեղծագործությունները՝ կամրջելով Հայաստանն ու Լիբանանը, իսկ այսօր 4 սերունդի ներկայացուցիչներ միասին ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, որոնց միավորողը հայ մշակույթն է, լիբանանյան հողում ստեղծագործելու, հայկական արվեստը զարգացնելու ու աշխարհին ներկայացնելու մղումը: Սիրելի՛ լիբանանահայ արվեստագետներ, ձեր ստեղծագործություններում արտացոլված է գենետիկորեն ձեզ փոխանցված սերը գեղեցիկի, բարձր արվեստի հանդեպ: Այս ցուցահանդեսը վկայում է, որ Սփյուռքում հայկական ինքնությունը, հայի տեսակն ու ոգին պահպանելու գործը հուսալի ձեռքերում է: Հայը ամենուրեք հաղթող պետք է լինի՝ արվեստում, Արցախի առաջնագծում, թե գիտության ու տնտեսության ոլորտներում: Մեր բոլորի համար Հայաստանն է ձգողականության, ուժ ու զորություն տվող կենտրոնը:
 
Նախաձեռնությունը ողջունեց նաև Բեյրութի Սան Ժոզեֆ համալսարանի դեղագործության ֆակուլտետի դեկան, արվեստագետների Այդընյան գերդաստանի ներկայացուցիչ Հերմինե Այդընյանը:
 
Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու և հայ մշակույթը պահպանելու, զարգացնելու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Լենա Այդընյանին հանձնեց Սփյուռքի նախարարության պատվոգիր: