Հրաժեշտ և բարի գալուստ

Ու այսպես՝ ամեն ամառ. դեռ հրաժեշտի խոսքերը չմարած՝ Սփյուռքի նախարարությունը բարի գալուստ է ասում իր կանչով Հայաստան շտապող երիտասարդների նոր խմբերին: Նրանց, ովքեր հայրենաճանաչության բաց դաս են առնում այստեղ ու մեկնում՝ հայրենիքի անմեկնելի սերը պատանի հոգիներում անթեղած:
Հրաժեշտը բաժանում է, և միշտ դժվար է հեռանալ նոր-նոր գտած ընկերներից, քեզ հյուրընկալած տանտերերից, ովքեր ընդամենը 10-20 օր առաջ անծանոթ էին, իսկ այսօր արդեն՝ ընտանիքի անդամի նման հարազատ...
 
2017-ի ամռան առաջին ամիսը ինքնորոնման, ծանոթությունների, անհոգության կարճ մի ընթացք էր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլի մասնակից163 պատանիների ու աղջիկների համար, ովքեր եկել էին աշխարհի 8 երկրներից (Ռուսաստան, Ուկրաինայ, Վրաստան, Ղազախստան, Կանադայ, Քուվեյթ, Սիրիայ և Ֆրանսիա)՝ հոգիները հայրենիքի արևով ջերմացնելու:
 
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում հրաժեշտի արարողությունն իրենց մասնակցությամբ է՛լ ավելի հանդիսավոր դարձրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և մշակույթի գործիչներն ու հյուրերը:        արիտունցիների
 
- Իմ սիրելի պատանիներ և աղջիկներ, 14 օր առաջ պայմանավորվեցինք, որ ունենալու եք անմոռաց օրեր Հայաստանում: Կարծում եմ, որ ձեր ցանկությունը իրականություն դարձավ: Հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Ոզում եմ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, որ ձեզ պահեցին, սիրեցին, դարձան ձեր հարազատները: Ուզում եմ շնորհակալ լինել ձեր ծնողներին, որ հավատացին մեզ, ձեզ ուղարկեցին «Արի տուն» և ծրագիրը իրականություն դարձավ: Հավատում եմ, որ Հայաստանում եք թողնելու ձեր սրտի մի մասնիկը և անընդհատ վերադառնալու եք: Բոլորդ ծնվել եք տարբեր երկրներում, բայց բոլորդ հայաստանցի եք: Բարի ճանապարհ և բարի վերադարձ: Բարով գաք Հայաստան,- ողջունելով արիտունցիներին՝ ասաց Սփյուռքի նախարարը: 
 
Երեխաները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայաստանը տեսնելու և ճանաչելու այս հիանալի հնարավորությունն իրենց ընձեռելու համար: 
 
- Ոչ մի ազգ այսքան համառությամբ չի պահպանում իր լեզուն: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Հպարտ եմ, որ ընկերներիս հետ հայերեն եմ խոսում: Շնորհակալ եմ այս հիանալի ծրագրի համար,- սփյուռքահայ պատանու անկեղծ այս խոստովանությունը նաև նրա նորահայտ ընկերների հոգուց էր բխում:
 
Ճամբարային օրերի ընթացքում արիտունցիները նաև համերգային ծրագիր էին պատրաստել, որը ներկայացրին հրաժեշտի երեկոյի մասնակիցներին՝ որպես երախտիքի ու սիրո հավաստիք:
 
Նրանց հրաժեշտի արձագանքները դեռ չմարած՝ հուլիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 3-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Եվ 14 երկրներից եկած ևս 172 սփյուռքահայ պարմանիներ (ԱՄՆ, Նիդերլանդներ, Կիպրոս, Չեխիա, Շվեդիա, Հորդանան, Քուվեյթ, Թուրքիա, ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Աբխազիա) իրենց ազգային ինքնությունը կվերագտնեն մայր հայրենիքում:
 
 
Ի դեպ, նույն օրը՝ հուլիսի 3-ին, Երևանի պետհամալսարանի մեծ դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը: Այս տարի ծրագրին կմասնակցեն 322 սփյուռքահայեր՝ աշխարհի 30 երկրից:
 
 «Սփյուռք» ամառային դպրոցում կանցկացվեն դասընթացներ հինգ ուղղություններով.
 
1. Հայոց լեզվի արագացված ուսուցում,
2. Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստում, 
3. Երիտասարդ լրագրողների վերապատրաստում,
4. Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ, 
5. Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց:
 
Բոլոր դասընթացները, բնականաբար, կանցկացվեն հայերենով: 
 
Ու այսպես՝ ամեն ամառ. հրաժեշտի խոսքերը դեռ չմարած՝ Սփյուռքի նախարարությունը բարի գալուստ է ասում իր կանչով Հայաստան շտապող երիտասարդների նոր խմբերին: