8 հազար դոլար և հոգու ջերմություն

«ՕԳՆԵՆՔ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ»

ԱՄՆ-ի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները՝ տնօրեն Արփի Ավանեսյանի գլխավորությամբ, այսօր հյուրընկալվել էին ՀՀ սփյուռքի նախարարությունում:
 
2016-2017թթ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի աշակերտության կողմից իրականացված՝ «Օգնենք սիրիահայությանը» խորագրով դրամահավաքի հասույթը՝ 3000 ԱՄՆ դոլարը, վարժարանի մանկավարժական, աշակերտական կազմը որոշել է տրամադրել Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ բազմազավակ անապահով ընտանիքներին:
 
Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի «Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի աշակերտները դեռ 2016թ. ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի օրերին կազմակերպել էին դրամահավաք և գոյացած 6200 ԱՄՆ դոլարը տրամադրել քառօրյա պատերազմում զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին:
 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունելով հանդիպմանը մասնակից վարժարանի սաներին և սիրիահայ ընտանիքներին՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆրիդուս Զաքարյանը նշեց, որ ամենակարևորը հայ երեխայի մեջ փոքր տարիքից հայրենակցին օգնելու գաղափարի սերմանումն է: 
 
- Այսօր վարժարանի սաների օգնությունը տրամադրվում է սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված  առավել կարիքավոր 8 սիրիահայ բազմազավակ ընտանիքներին: Շնորհակալ ենք ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի մանկավարժական ողջ կոլեկտիվին և երեխաների ծնողներին, որ ապրելով հեռավոր ԱՄՆ-ում՝ ամեն ջանք գործադրում են մեր մանուկներին հայեցի դաստիարակելու և կրթելու համար, - ասաց նա:
 
Զաքարյանն ընդգծեց, որ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը առաջիններից էր, որ միացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» և «Նամակ հայ զինվորին» շարժումներին: 
 
- Վարժարանի մանուկների ձեռքով գրված նամակները հասել են հենց խրամատներում կռվող հայ զինվորներին: Նրանք կարդացել են, հուզվել և իրենց հերթին իրենց պատասխաններն են գրել վարժարանի սաներին: Այսօր մենք ձեզ ենք փոխանցում հայ զինվորների նամակները, որ վստահ եմ՝ մասունքի նման պիտի պահեք ու պահպանեք, - նշեց աշխատակազմի ղեկավարը:
 
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում ծրագրեր իրականացնելու համար ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը պարգևատրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով: Ֆիրդուս Զաքարյանը վարժարանի տնօրեն Արփի Ավանեսյանին հանձնեց շնորհակալագիրը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարժարանի տնօրեն Արփի Ավանեսյանը հավաստիացրեց, որ երեխաները սիրով և մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում Հայրենիքին և իրենց հայրենակիցներին օգնելու գործին:
 
- 1976թ. հիմնադրված վարժարանն այսօր ունի 700 աշակերտ: Մեզ մոտ դասավանդվում է նաև հայոց լեզու, գրականություն, մշակույթ, պատմություն, կրոն, երաժշտություն, գործում են հայկական պարի, շախմատի խմբակներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր վարժարանի սաներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում՝ այցելելով հայրենիքի տեսարժան վայրեր: Մենք ամեն բան անում ենք, որ մեր սաներն ամենափոքր տարիքից ճանաչեն և սիրեն հայոց լեզուն, Հայրենիքը և իրենց զավակների փոխանցեն մեր ոսկեղենիկ Մայրենին, - ասաց Արփի Ավանեսյանը:
 
Այնուհետև վարժարանի տնօրենը սաների մասնակցությամբ հանդիպմանը մասնակից սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչներին հանձնեց հավաքված գումարները:
 
Շնորհակալությամբ ընդունելով օգնությունը՝ սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչները նշեցին, որ արդեն 5 տարի Հայաստանում են, հիմնավորվել են Հայրենիքում, իրենց այստեղ ապահով ու անվտանգ են զգում և չեն պատրաստվում հեռանալ երկրից: Նրանք հավաստիացրին, որ հեռավոր ափերում ապրող իրենց հայրենակիցների ուշադրությունն ու օգնելու պատրաստակամությունն է՛լ ավելի է հուսադրում, Հայաստանում ապրելու և Հայրենիքը շենացնելու ուժ ու կորով է հաղորդում իրենց:
 
Վարժարանի ուսուցիչ, նաև «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն Հովհաննես սարկավագ Գումուրյանն էլ ընդգծեց. 
 
- Մենք մեր բոլոր նախաձեռնություններում մշտապես զգում ենք ՀՀ սփյուռքի նախարարության և նախարար Հրանուշ Հակոբյանի անմիջական և գործուն աջակցությունը: Դա ուժ և ոգևորություն է մեզ հաղորդում նորանոր ծրագրեր իրականացնելու համար:
 
Հանդիպման ավարտին ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները հավաստիացրին, որ այսօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու, եկող տարի նույնպես կգան Հայրենիք և իրենց օգնությունը կբերեն առավել կարիքավոր հայ ընտանիքներին: