Սիրիահայերի խնդիրներն` ուշադրության կենտրոնում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսովիչը և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության իրականացրած աջակցության ծրագրերը, ինչպես նաև նախարարության հետ սերտ համագործակցությունը:
Քննարկվել է «Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանց ազգային ինտեգրման ռազմավարության» նախագիծը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հանգամանորեն ներկայացրել է ռազմավարության վերաբերյալ իր կարծիքը, հարցադրումները, առաջարկությունները:

Նա կարևորեց միջազգային ասպարեզներում սիրիահայերի խնդիրների պատշաճ ներկայացումը՝ հանրության ուշադրությունը դեպի Հայաստան ուղղելու համար: