Հագեցած ու գործնական՝ ինչպես միշտ

Դեռ մինչև երեկ՝ ԱԺ նոր գումարման աաջին նիստից հետո, ինչպես մյուս նախարարները, Հրանուշ Հակոբյանը ևս պաշտոնավարում էր որպես պաշտոնակատար: Ասել է թե՝ փոքր-ինչ անորոշություն,  սպասողական վիճակ կարող էր ստեղծվել և հապաղում՝ գերատեսչության հագեցած առօրյայում: Բայց Սփյուռքի նախարարության պարագայում աշխատանքային եռուզեռն այս օրերին էլ չէր հանդարտվել: Ու երբ երեկ ՀՀ նախագահի հրամանագրով Հ. Հակոբյանը վերանշանակվեց նախարարի պաշտոնում, շնորհավորանքներից ու մաղթանքներից առաջ գրեթե բոլորն ասում էին, որ չէին կասկածում: 
Նշենք՝ մենք ևս չէինք կասկածում, որ փորձառու գործչի, Սփյուռքահայերի խնդիրներով զբաղվող գերատեսչության հիմնադիր նախարարի նվիրումն իր գործին աննկատ մնալ չէր կարող: Մանավանդ, որ Հրանուշ Հակոբյանի համար պաշտոնը պարտավորվածություբ ու պատասխանատվություն է՝ նախևառաջ: Հավելումն՝ պրպտում և ստեղծագործ միտք, որպեսզի աշխատանքային ծանրաբեռնված օրը հետաքրքիր ու  արդյունավետ լինի:
 
 «ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ, ՀԱՐԳԻ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»
 
Սա ամերիկահայ արձակագիր Մարգարիտ Դերանցի համոզմունքն է ու մեծ ցանկությունը: 
 
Այսօր հյուրընկալվելով Սփյուռքի նախարարությունում, Մարգարիտ Դերանցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ ինքը ծնունդով Ստեփանակերտից է, և մոտ օրերս Ստեփանակերտում տեղի կունենա իր հեղինակած «Բյուրեղապակյա ծաղկաման» վիպակի շնորհանդեսը:
 
- Ինձ համար Արցախը թանկ է ու նվիրական: Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը: Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել՝ իրականացնելով «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը և 2017 թվականը Արցախի տարի հռչակելով, - հավելեց նա:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Հ. Հակոբյանը կարևորեց Սփյուռքում հայոց լեզվի ու գրականության պահպանությանն ուղղված գրողի հայանպաստ գործունեությունը և նրան հրավիրեց՝ մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:
 
ՀԱՄԱՀՄԸՄԱԿԱՆ 10-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 900-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԶԻԿ՝
ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ
Ընդունելով Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին, նախարար Հրանուշ Հակոբյանը նախ հետաքրքրվեց կազմակերպության և համայնքային նորություններով: Նա կարևորեց համահայկական ավանդական կազմակերպության հայանպաստ, ազգանվեր 100-ամյա գործունեությունը:
 
Իսկ Գառնիկ Մկրտիչյանը նշեց, որ հուլիսի 20-29-ը Երևանում կանցկացվեն համաՀՄԸՄական 10-րդ խաղերը, որոնց կմասնակցի 900-ից ավելի մարզիկ աշխարհի տարբեր երկրներից:
 
Քննարկվեցին մարզախաղերի կազմակերպական և աշխատանքային հարցեր, անդրադարձ կատարվեց ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը, նախարարության ծրագրերին կառույցի անդամների մասնակցությանը, 2018թ. կառույցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նախապատրաստական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր:
 
ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԸ
 
Իրավաբանների համահայկական կազմակերպության անդամներ, Միջազգային իրավունքի փորձագետ, «Արևմտահայերի ազգային համագումարի» նախագահ Սուրեն Սերայդարյանը (Ֆրանսիա), Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր, միջազգային իրավունքի մասնագետ Ռոբերտո Մալխասյանը և արգենտինահայ իրավաբան Լուսիանա Մինասյանը ևս հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները լսեցին Սփյուռքի նախարարից:
 
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման իրավական հիմնավորման և տարբեր երկրներում խնդիրը իրավաբանական հարթակներում ներկայացնելու ուղղությամբ ներդրած սփյուռքահայ իրավաբանների ջանքերը:
 
Զրուցակիցներն անդրադարձան Ցեղասպանության ճանաչման և դատապարտման իրավական հիմնախնդիրներին: Երկուստեք կարևորվեց ցեղասպանություն տեսած ժողովուրդների, մասնավորապես հրեա մասնագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը, տարբեր երկրների փորձի ուսումնասիրումը և այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
 
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին սփյուռքահայ իրավաբանների մասնակցությանը, Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների ու հարցադրումների շրջանակին առնչվող հարցեր: