Իսպանիայի 36-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Իսպանիայի «Արարատ» Հայկական միության նախագահ (Վալենսիա) Արարատ ՂՈւԿԱՍՅԱՆԸ:
Րոպեներ առաջ Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց «Արարատ» Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի ցեղասպանությունը, հորդորում երկրի կենտրոնական իշխանությանը, այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Թուրքիայի կառավարությանը հետևել իր քայլին։
Նշենք, որ Կաստեյոնը Վալենսիայի մարզի շրջկենտրոն է, որը նշանակում է, որ տվյալ մարզի երեք շրջկենտրոնները՝ Վալենսիան, Ալիկանտեն և Կաստեյոնը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, ցեղասպանությունը ճանաչած 36 քաղաքներից 11-ը շրջկենտրոններ են, որոնցից են՝ Մալագան, Սան Սեբաստիանը, Մերիդան, Բուրգոսը, Սորիան, Սաբադելը, Ալիկանտեն կամ հենց նույն Կաստեյոնը։
Նաև հավելենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի 5 մարզեր՝ Բասկոնիան, Կատալոնիան, Բալեարյան կղզիները, Նավառան և Արագոնը։
Ներկայումս աշխատանքներ է տարվում Վալենսիայի խորհրդարանի կողմից ճանաչման համար։
Միջնորդագիրը քաղաքապետարանին է ներկայացրել Կաստեյոնում Արարատ Հայկական միության ներկայացուցիչ Նաիրա Սաֆարյանը։
Միջնորդագրի հիման վրա կազմված բանաձևի տակ ստորագրել են 5 կուսակցություններ՝ Սոցիալիստական (PSOE), Քաղաքացիական (Ciudadanos) Կոմպրոմիս (Compromís), Պոդեմոս (Podemos) և Ձախ միություն (Izquierda Unida), որին կողմ են քվեարկել նաև Ժողովրդական (PP) և ՎՈՔՍ (VOX) կուսակցությունները։