Թեև ապագան անորոշ է և ոչ այնքան լավատեսական

Վերջին օրերին վարակակիրների և մահերի թիվը  նահանջելու միտում ունի Իսպանիայում։ Այդուհանդերձ, կառավարությունը հակված է ևս 15 օր երկարացնել Արտակարգ դրությունը։ Ներկայումս վարակվածների թիվն անցել է 150.000-ի շեմը, իսկ մահացածներն արդեն 15.000-ից ավելի են։
 
Ներկայումս Արտակարգ դրությունը կշարունակվի մինչև ապրիլի 26-ը, թեև կառավարությունը մտադիր է մեղմացնել իրավիճակը, և արդեն հաջորդ շաբաթ աշխատանքի դուրս կգան նաև ոչ միայն խիստ անհրաժեշտ համարվող աշխատողները։
 
Ինչպես տեղեկացնում է Վալենսիայի հայկական համայնքի ղեկավար Արարատ ՂՈւԿԱՍՅԱՆԸ՝ Իսպանիայում ապրող մեծ թվով հայեր իրենց աջակցությունն են հայտնում երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում։ Վալենսիա քաղաքում ապրող Ատոմ Բաղդասարյանը վարակի տարածման այս ծանր օրերին որոշեց ձեռքերը ծալած չնստել: Իր ռեստորանում, որն այս օրերին կարանտինի պատճառով փակ է,  ընտանիքի անդամների հետ, ամեն օր վաղ առավոտից հաց են պատրաստում և հասցնում ծառայության մեջ գտնվող ոստիկաններին, բուժաշխատողներին, վաճառակետերում աշխատողներին, ովքեր աշխատում են լարված, պատասխանատվության մեծ զգացումով:
 
Ատոմի նախաձեռնությանը միացան նաև Տիգրան Գաբրիելյանի և Արթուր Գրիգորյանի ընտանիքները:
 
Վալենսիային հարևան Կույերա քաղաքում Հերմինե Աբրահամյանը, ով նաև «Հայկական անկյուն» միության նախագահն է, իր ընտանիքի և հարազատների հետ միասին հաց և տարբեր տեսակի կարկանդակներ է պատրաստում քաղաքի ծեր բնակիչների համար, ովքեր չեն կարողանում տանից դուրս գալ և առևտուր անել։
Միսլատայի և Վալենսիայի հայերը մասնակցում են քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպած դիմակների պատրաստմանն ու բնակչությանը բաժանելու ծրագրին:
 
Բարսելոնայի հայ տաքսիստները վերջին օրերին բուժաշխատողներին անվճար տեղափոխում են դեպի աշխատավայր և իրենց տները:
 
Հայկական դեսպանատունն անընդհատ կապի մեջ է ոչ միայն տարբեր քաղաքի հայ համայնքների, այլ նաև այլ պետությունների դեսպանատների, ինչպես նաև Իսպանիայի արտաքին գերատեսչության հետ՝ միջպետական փոխօգնության ծրագրերի շրջանակներում։ Դեսպանատան անմիջական օգնությամբ՝ բազմաթիվ հայրենակիցներ վերադարձել են հայրենիք, շատերն էլ գրանցվել են՝ ցանկության դեպքում հետագայում վերադառնալու համար։ Դեսպանատունն օգնություն է տրամադրել նաև «Էրասմուս+» ծրագրով Իսպանիայում գտնվող ուսանողներին:
 
Վալենսիայի Կիրակնօրյա հայկական դպրոցը շարունակում է իր հայրենանվեր աշխատանքը՝ հեռավար դասեր անցկացնելով աշակերտների հետ։
Ամեն օր ժամը 20։00-ին մարդիկ դուրս են գալիս պատշգամբներ ու պատուհաններից ծափահարում են՝ ի նշան շնորհակալության  բուժաշխատողներին և ոստիկանությայնը։ Այս նախաձեռնությանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում նաև հայ համայնքը։
 
Ապագան շատ անորոշ և վատատեսական է, քանի որ Արտակարգ իրավիճակից հետո սպասվում է մեծ մասշտաբների հասնող ֆինանսա-տնտեսական ճգնաժամ։ Ներկայումս ավելի քան մեկ միլիոն մարդ գործազուրկ է դարձել, ավելի քան 200.000 ձեռնարկություն փակվել է։ Ճիշտ է, կառավարությունը խոստացել է 200 միլիարդ եվրոյի սոցիալական օգնության փաթեթ, այդուհանդերձ սպասելիքները շատ վատատեսական են։ Նախ, քանի որ այդ օգնությունը դեռ ոչ ոքի չի հասել, հետո էլ, որովհետև նման մասշտաբի կորուստը վերականգնելը տասնյակ տարիներ կպահանջի, և այս մասին գիտեն բոլորը, անգամ՝ կառավարությունը։
 
Միաժամանակ պետք է նշել, որ ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և, հատկապես, Եվրամիությունն իրենց բարձունքում չեն գտնվում, և ցայսօր ոչ մի օգնություն չեն տրամադրել ոչ Իտալիային, ոչ Իսպանիային, ոչ Ֆրանսիային և ոչ էլ մեկ այլ անդամ երկրի։ Սա խոսում է այն մասին, որ ձևական շատ երևույթներ գոյություն ունեն միջազգային այդ կազմակերպություններում, որոնք էական պահին, մեղմ ասած, բացակայում են։ Եվրոպայի Կենտրոնական բանկը հակված է ոչ թե օգնություն, այլև պարտք տրամադրելուն, որը կնշանակի ճգնաժամի ավելի խորացում, սոցիալական ավելի մեծ անհավասարություն և գործազրկություն։