Հայկական անկյուն՝ Կույերայում

Ամեն անգամ, երբ աշխարհի որևէ գողտրիկ անկյունում հայկական կազմակերպություն է հիմնվում, ակամայից մտաբերում ես աշխարհահռչակ հայի՝ Վիլյամ Սարոյանի, հայտնի խոսքերը՝ երկու հայի մասին. «Երբ երկուսը նրանցից ճանաչեն իրար ու՜ր էլ որ պատահի, կկառուցեն մի նոր Հայաստան»։
Ահա նման մի նոր Հայաստան է ստեղծվել Իսպանիայի Կույերա քաղաքում, որտեղ արդեն 20 տարի է, ինչ հայեր են բնակվում։

Այսուհանդերձ, հասունացել էր այն պահն ու հրամայականը, որպեսզի այս հայաշատ անկյունում ևս հիմնադրվեր հայկական կազմակերպություն։ Հրաշալի մի նախաձեռնություն, որը հնարավոր դարձավ Հերմինե Աբրահամյանի գլխավորությամբ՝ տեղի հայերի վճռականության շնորհիվ։ Դե իսկ կազմակերպությունը հենց այդպես էլ անվանվեց՝ «Հայկական անկյուն» (վալենսիաներեն՝ Racó d'Armenia, իսպաներեն՝ Rincón de Armenia), որն օրերս իր հյուրընկալ դռներն էր բացել տեղի (և ոչ միայն) հայերի առջև՝ հայտնելու համար այս հրաշալի նախաձեռնության մասին։

Վերջին միջոցառումը, հատկապես, ճանաչողական բնույթ էր կրում, որի ժամանակ, ի թիվս այլ ցուցահանդեսների, հանրությանն ի ցույց դրվեց նաև Հայաստանի Ազգային Ճարտարագիտական համալսարանի դասախոս Իրինա Վանյանի յուրատեսակ տիկնիկների հավաքածուն, որը խորհրդանշում է հայ-իսպանական բարեկամությունը։
Նշենք, որ Իրինա Վանյանի տիկնիկների հավաքածուն կշրջագայի ողջ Իսպանիայի տարածքում, կցուցադրվի այլ քաղաքներում։
Ահա այսպես հիմնադրվեց ևս մեկ սփյուռքյան կազմակերպություն, որը ստանձնել է, ի թիվս այլ մարտահրավերների, հայապահպանության և հայ ինքնության պահպանման դժվարին, սակայն անհրաժեշտ գործը։
Հաջողություն և անխափան երթ մաղթենք «Հայկական անկյունին» և սպասենք նրա կազմակերպած նորանոր հայանպաստ միջոցառումներին։