ԱՊՐԵԼՈ՛Ւ ԱՊՐԻԼ

Որպես ոգեկոչում և սթափության կոչ

Ապրիլն ակամա մեր հոգու հայացքը դեպի հարյուրամյա անցյալն է տանում: Բայց այլևս ոչ թե նախճիրի ողբն ու կականը վերապրելու, այլ նահատակաց հիշատակը խնկարկելու, ոճրագործի անարգ դեմքից դիմակը ևս մեկ անգամ պատռելու, աշխարհի սթափությունն արթնացնելու: ՈՒ այս օրերին Սփյուռքի նախարարությունում ավելի, քան մյուս գերատեսչութուններում՝ ապրիլքսանչորսյա տրամադրություններն են իշխում: 
 
Այցելուների պակաս չունեցող այս նախարարության և նախարարի՝ տարատեսակ հանդիպում-միջոցառումներով հագեցած առօրյան է՛լ ավելի լեցուն է դառնում: Ահավասիկ, միայն այսօր երկու յուրահատուկ հանդիպում և նահատակաց ոգեկոչման մեկ ցերեկույթ է տեղի ունեցել:
 
«Պատմում են Ցեղասպանությունը 
վերապրածների շառավիղները»
 
Այս խորագրով ցերկույթին մասնակցում էին Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղները, ովքեր հուզմունքով ներկայացրին իրենց գերդաստանների պատմությունները: 
Սփյուռքի նախարարությանը շնորհակալություն հայտնելով իր ընտանիքի պատմությունը ներկայացնելու հնարավորության համար, անվանի գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը պատմեց, թե ինչպես է մեծ մայրը Եփրատի ավազների վրա զավակներին սովորեցրել գրել «Ես հայ եմ» նախադասությունը՝ հետագայում, իրար կորցնելու դեպքում, ճանաչելու նպատակով:
Ներկաներըտպավորված էին նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով՝ 
 
- …102 տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Մեր հայրենակիցներից շատերը տեղահանվեցին և բռնեցին գաղթի ճանապարհը: Բայց հայ ազգը ապրեց, արարեց և այսօր մենք ավելի քան 10 միլիոն ենք: Ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդը՝ ծով դարձած հայ երիտասարդությունը, առանց վախի պահանջում է մեր Հայ Դատի արդարացի լուծումը:
 
Նախարարը չմոռացավ նաև հատուկ շնորհակալություն հայտնել այն օտարազգի մտավորականներին, ովքեր գրում և տպագրում են գրքեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին: 
 
- Նրանց մեջ կան նաև թուրքեր, ովքեր, երբ սկսում են ուսումնասիրել իրենց արմատները, հաճախ հայտնաբերում են հայկական ծագումը: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով ծպտյալ հայեր են վերագտնում իրենց ինքնությունը: Մեր գերդաստանների պատմությունները՝ օգնում են մեզ վառ պահել անմեղ զոհերի հիշատակը, - ընդգծեց Հ. Հակոբյանը:
 
Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները ներկայացրին նաև Գրող Սոսի Գևոնյանը, «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը, իրաքահայ հայրենադարձ Վարանդ Պետրոսյանը, պատմաբան, Անի Ֆիշենկչյանը և արգենտինահայ Լուիզա Հազարյանը: Նրանք հավաստիացրին, որ Ապրիլի 24-ը մեզ բոլորիս պետք է մտածելու առիթ տա՝ ինչ ենք անում 1,5 միլիոն զոհերի հիշատակը անմահ պահելու համար: Իսկ դասախոս Հրաչուհի Պողոսյանը ներկայացրեց իր գերդաստանի՝ Վասպուրականից գաղթելու պատմությունը և այդ մասին իր գրած՝ «Վասպուրականի գերդաստանի մը պատմությունը» գիրքը:
 
Կոչի պես հնչեց նախարար Հ. Հակոբյանի եզրափակիչ խոսքը.
 
- Թշնամուց մեր վրեժը այն կլինի, որ ապրենք ու արարենք, հզորացնենք մեր երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը: