«ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ»-Ի ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

«Կարծում եմ, անկեղծ է ստացվել». Վիգեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երևանի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի սրահում հավաքվածներն այսօր մեծագույն բավականությամբ մասնակցեցին հայկական ժողովրդական երգերի երիտասարդ և խոստուﬓալից հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի անդրանիկ՝ «Արձագանքներ» («Echoes») խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսին:  Գնահատանքի այդ ցերեկույթն իրենց ներկայությամբ է՛լ ավելի կարևորեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, մտավորականներ, արվետագետներ, հյուրեր:

Առաջին ձայնասկավառակի թողարկումը համակ հուզմունքի ու հպարտության պահեր պարգևելուց զատ՝ նաև մուքի արտոնագիր է դեպի երաժշտության մեծ աշխարհ:  Եվ այդ ճանապահին այսօր ոտնադրող հեղինակին ողջունելով՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայկական մշակույթի, ժողովրդական երգերի պահպանումը և բարձրարվեստ մատուցումը: 

- Ուրախ եմ, որ այստեղ, այս մշակութային կենտրոնում, որտեղ թևածում է հայ մշակույթի շունչը, որտեղ ցուցադրված են Լևոն Դեր-Պետրոսյանի գորգերի հավաքածուն և բիզնես մշակույթը, որտեղ սփյուռքահայերը գեղեցիկ ու ջերմ անկյուն են ստեղծել, մասնակից եմ գեղեցիկ իրադարձության: Այսօրվա հերոսը Վիգեն Հովսեփյանն է, ով իր կատարումներով արդեն գրավել է հայ ունկնդրին: Երկու տարի առաջ Վիգենի կատարումները լսել ու հիացել է «Pomegranate music»-ի հիﬓադիր տնօրեն Րաֆֆի Մենեշյանը: Վիգենի ու Րաֆֆիի համատեղ ջանքերով էլ այսօր ձեր դատին է ներկայացվել այս սկավառակը: Շնորհավորում եմ,-ողջերթի իր խոսքում նշեց նախարարը:  
 
Այնուհետև նա Րաֆֆի Մենեշյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, որը շնորհվում է Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն   ծավալելու, հայապահպանության  գործում առանձնահատուկ  ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության   զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար:
 
Րաֆֆի Մենեշյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար՝ խոստովանելով, որ այն նաև պարտավորեցնող է:
 
Իսկ Վիգեն Հովսեփյանը մանրամասնեց.
 
- Ձայնասկավառակը ձայնագրել ենք Րաֆֆի Մենեշյանի հետ, և նրա հովանավորությամբ: Ի սկզբանե որոշեցինք հենց ժողովրդական երգերը ներկայացնել: Ձայնասկավառակի վրա սկսել ենք աշխատել 2015 թվականից: Ընտրել եմ այն ստեղծագործությունները, որոնք հաﬔմատաբար քիչ են կատարվել` «Գուլո», «Անի», «Լուսնյակ գիշեր»… Երգերը յուրովի ենք մատուցել` նոր գործիքավորմամբ: Համագործակցել եմ նորվեգացի հայտնի թավջութակահար Հավարդ Էնսթադի, դուդուկահարներ Հարություն Չկոլյանի, Արսեն Պետրոսյանի, ուդահար Արա Դինքջյանի հետ: Հպարտ եմ, որ նրանք իմ կողքին են և աջակցում են ինձ: Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում: