ԱՅՈ՛ ԿԱՄ Ո՛Չ. «Նոր Հայաստանը» այլընտրանք չունի

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ՝ ԱԹԵՆՔԻՑ

Սիրելի հայ ժողովուրդ, Հպարտ քաղաքացի և հզոր երկիր խոստացող Նոր Հայաստանի այլընտրանքը, օտարամետ և կլանային իշխանություններն են, որ իրենց գծուծ շահերի համար ստորաբար քծնելով օտարների առջև՝ թալանեցին և ոչնչացման եզրին հասցրին մեր հաղթական երկիրը։
 
Ընթացիկ տարվա ապրիլի 22-ը հայ ժողովրդին բերեց նոր կառավարություն, որը ձգտում է ստեղծել «Նոր Հայաստան», ուր պիտի հաստատվի արդարությունը և հարգվի նրա քաղաքացին, իսկ ահա 100 օր անց Նոր Հայաստանի նոր կառավարությունն ու նրա վարչապետը գալիս են իրենց պաշտպանող ժողովրդին զեկուցելու կատարվածի, նաև տեղեկացնելու ապագա անելիքների և Նոր Հայաստանին սպառնացող վտանգների մասին, պետություն-ժողովուրդ անխափան միասնությունը ավետելու՝ առ որ անկէ, որովհետև այլևս Հայաստանից իսպառ անհետացել է իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում առաջացած և խորացած վիհը: 
 
Նոր Հայաստանն այսօր ընթանում է արմատական և անհրաժեշտ փոփոխությունների ուղղիով և փորձում է լուծել, 
 
1) ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՑԻ և ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ՝ Հայաստանից աղքատության իսպառ վերացումը։ 
 
2) ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ժողովրդավարությունը, կեղծիքներով իշխանություն ձևավորելու երևույթի վերացումը։ 
 
3) ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ. ինքնավստահություն ներշնչելով ՀՀ Բանակին, նրա սպային և զինվորին՝ պաշտպանելով մեր երկիրը, մեր արդար իրավունքները։ 
 
Սիրելի հայ ժողովուրդ. 
 
ՀՀ անվտանգությունն ու պետական շահը թելադրում են, որ սկսած կենսական փոփոխությունները շարունակվեն առանց ցնցումների՝ չխաթարելով երկրի կայունությունը: Ուստիև, Հայաստանից Սփյուռք ազգովի կանգնած ենք, «ԱՅՈ՛ ԿԱՄ Ո՛Չ» պատմական հարցադրման առջեւ։ Պատմական այս պահին հապաղելու և թերանալու իրավունք չունենք։ 
 
Մենք պարտավոր ենք գիտակցել, որ միայն ողջ հայության զորակցությունը վայելող ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կարող է կերտել մեր երազած Հայաստանը, ՀՀ քաղաքացուն և համայն հայությանը վերադարձնել ազգային արժանապատվությունն ու հպարտությունը։ 
 
Հետևաբար, հաշվի առնելով անցնող շուրջ 25 տարիների մարդկային և նյութական ծանր կորուստների ցավալի, սակայն ուսանելի իրողությունները և հիմք ունենալով Հայաստանի ինքնիշխանությունն ու սեփական ժողովրդի արժանապատվությունն ու անվտանգությունը, ԱՍԱԼԱ-յին (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) և Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարին անվերապահորեն սատարող և զորակցող՝ Հայկական ժողովրդային շարժումը (ՀԺՇ), պաշտպանելով Սփյուռքում ձևավորվող Նոր Հայաստանին զորակցող առաջադիմական ուժերին և մերժելով Սփյուռքի դասական կառույցների կրավորական և մերթընդմերթ հակահեղափոխական դրսևորումներն ու հատվածական և պառակտիչ գործունեությունը, որն ավելի շուտ քայքայել է Սփյուռքը և մեծ վնասներ հասցրել նորանկախ մեր երկրին, հայտարարում է, որ օգոստոսի 17-ը, նույնքան ճակատագրական է, որքան բախտորոշիչ էր ապրիլի 22-ը։ 
Հայ ժողովրդի համբերությունը չարաշահող հայ քաղաքական մակաբույծ ուժերին, ովքեր անցնող քսանհինգ թանկագին տարիների ընթացքում պետություն կերտելու և ինքնակազմակերպվելու առիթները վատնեցին հորդորում ենք դադարեցնել իրնց սադրիչ գործունեությունը։ 
 
Ողջ Հայ ժողովրդին կոչ ենք ուղղում, հանուն Արդար, Ազատ, Ժողովրդավար և Միասնական Հայաստանի օգոստոսի 17-ին, ամենուրեք, զորակցել Նոր Հայաստանի նոր կառավարությանը: 
 
Հայկական Ժողովրդական Շարժում Կենտրոնական խորհուրդ