Օտար ափերում՝ կարոտի կանթեղը միշտ վառ

ԵՐԲ ՏՈՒՆԴ ՀԵՌՎՈՒՄ Է

Իսպանիայից ստացված հերթական լուրը ջերմացնելուց զատ՝ վերստին մտորումներ է արթնացնում: Հայն, իսկապես, չի կարող ապրել առանց արարելու՝ որտեղ էլ ապրի: Աշխարհի որ ծագում էլ ծվարած լինի՝ հայացքը հայրենիքին է հառած՝ կարոտի կանթեղը միշտ վառ:
 
Հայաստանյան ամեն իրողություն, յուրաքանչյուր իրադարձություն արձագանքվում է «Արարատ» Հայկական միության ծրագրերում: Միություն, որի նախագահի գերնպատակն իսպանական ափերում բնավորված հայ մարդկանց հայրենիքից չօտարանալն է: Հայկական իրականության երկու կարևորագույն իրադարձությունները՝ Հայաստանի հանրապետության 100 և Երևանի 2800-ամյա հոբելյանները ևս չէին կարող շրջանցել այնտեղ։ Եվ ահա առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն արդեն տրված է. Վալենսիայի շրջանի Մանիսես քաղաքում օրերս բացվեց քանդակագործ-նկարիչ, «Արարատ» միության փոխնախագահ Ջիվան Միրզոյանի անհատական ցուցահանդեսը՝  «Հայաստանի գույները» խորագրով։
 
 
Հոբելյանական մեկնարկը
 
Հանրությանն ի ցույց են դրվել արվեստագետի Հայաստանին և հայկականությանը նվիրված գործերը, որոնք մինչև մայիսի 31-ը կզարդարեն Մանիսեսի Արվեստի կենտրոնի պատերը։ Սա Ջիվան Միրզոյանի հերթական ցուցահանդեսն է, որի բացմանը ներկա էին Մանիսեսի քաղաքապետարանի խորհրդականներ՝ Մշակույթի խորհրդական Խավիեր Մորանտի (Xavier Morant) և Ձախ Միության խոսնակ Մանուել Գուտիեռեսի ( Manuel Gutiérrez) գլխավորությամբ, ինչպես նաև Ալակուասի քաղաքապետարանի Կանանց հարցերով խորհրդական Լոլա Ռոդրիգեսը (Lola Rodríguez), Վալենսիայի Կոնտիգո նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, հայեր, իսպանացիներ։ 
 
Ողջունելով բոլոր ներկաներին և շնորհակալություն հայտնելով հատկապես Մանիսեսի քաղաքապետարանին՝ աջակցության համար, հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի պատմության խնդրահարույց ժամանակաշրջանն ու գեղանկարչի գործունեությունը։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Ձախ Միության խոսնակ Մանուել Գուտիեռեսը, ով բարձր գնահատեց հայկական միության գործունեությունը՝ ինտեգրման, բազմամշակութային հասարակություն ստեղծելու և համակեցության ոլորտում։
 
Մեծ կարոտ և երկու հայրենիք՝ հոգում ամբարած
 
Քանդակագործ, նկարիչ Ջիվան Միրզոյանի արվեստը միշտ գնահատվել է նաև օտար արվեսասերների և, որ ամենակարևորն է՝ անվանի մասնագետների կողմից:
 
Արդեն 20 տարի՝ բնակվում է իսպանական Վալենսիա ինքնավար համայնքի Միսլատա բնակավայրում և, ընդգրկված լինելով «Արարատ» Հայկական Միության շարքերում՝ ակտիվորեն մասնակցում է միության կազմակերպչական աշխատանքներին: Դրանից առաջ Սանկտ Պետերբուրգ վերանվանված Լենինգրադում է ուսանել և ապրել՝ երփնագիրը հղկելով Գեղարվեստի ակադեմիայում (Մ. Անիկուշինի արվեստանոցոմ): Հենց այնտեղ էլ՝ տակավին պատանի, վայելել է շնորհալիության առաջին դափնիները. դեռ 3-րդ կուրսում ուսանող Ջիվան Միրզոյանը ԽՍՀՄ մշակույթի նախարարությունից պատվեր ստացավ՝ կերտելու «Սուսերամարտիկուհին» քանդակը, որն առ այսօր Սոչիի արվեստի թանգարանի մշտական ցուցանմուշներից է:
 
Ինչպես հաճախ ու տաղանդավոր մեր շատ հայրենակիցների մասին ենք ասում ու լսում՝ «հայի ճակատագիր է»՝ ապրել ու արարել օտար ափերում՝ Հայաստան-հայրենիքի կարոտը հոգում: Ջիվանի հոգու այդ կարոտը նրա քանդակների տեսքով է պոռթկում: Դրա վկայություններից մեկը Միսլատայի Garden of Sendra այգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կենաց խաչ» խաչքարն է: Այն Հայաստանն է խորհրդանշում. Սուրբ Էջմիածնի, Գառնո տաճարի, Մեսրոպ Մաշտոցի, Նոյան տապանի պատկերներն ասես ամբողջացնում են հայատառ «Հայաստան» փորագրությունը և աջ ու ձախ կողմերու բազմած առյուծն ու արծիվը: Վերևում ծագող արևը ազատության հանգանակն է, իսկ խաչքարի հակառակ կողմում Միսլատայի ամենահայտնի խորհրդանիշերից մեկն է՝ որպես բարեկամության ու երախտիքի առհավատչյա:
 
Միսլատայում Ջիվանի մեր կարճատև զրույցի ընթացքում դժվար էր անդրադառնալ նրա կերտած բոլոր աշխատանքներին, ծրագրերին, սակայն ակնհայտ էին արվեստագետի լավատեսությունը, նվիրվածությունն ընտանիքին, նվիրումը՝ արվեստին ու հայրենիքին: 
 
Ջիվան Միրզոյանի կերտած շախատանքների անվանումներն իսկ հուշում են անափ սերը Հյաստանի հանդեպ, ցավը՝ իր ժողովրդի կրած տառապանքների համար, հարգանքը՝ իրեն ու հազարավոր հայերի ապաստանած Վալենսիայի նկատմամբ: Հիմա նա ամբողջացնում է «Հայրենիք» քանդակը, որտեղ Վալենսիայի խորհրդանիշ Չղջիկն իր թևերով գրկել է Հայաստանն ու Վալենսիան. Հակառակ կողմում Մայր Իսպանիան է...