Տունդարձի ճամփեքը միշտ բաց են

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԸ՝ ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ՈԳԵՎՈՐՈՂ ՕՐԻՆԱԿ

Համատարած արտագաղթի մեր ժամանակներում բազմազավակ ընտանիքի հայր, գործարար Կարեն Պապյանի տունդարձը հայրենանվիրության բացառիկ օրինակ է: Առավել տպավորիչ է, որ արդեն վերջնական որոշում դարձած այդ մղումը Պապյանների ընտանիքում ծնվել է նրանց հինգ զավակներից երեքի՝ «Արի տուն» ծրագրին մասնակցելու արդյունքում:
 
Արդ, պատահական չէր նրա այցը ՀՀ սփյուռքի նախարարություն՝ անձամբ նախարարին ասելու, որ անցյալ տարի «Արի տուն» կանչով հայրենիք գալուց հետո նրանք ծնողներին խնդրել են  վերադառնալ ու ապրել Հայաստանում:
 
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Կարեն Պապյանի և նրա կնոջ՝ Սվետլանայի անզուգական ընտանիքը, որում մեծանում են նրանց 5 հիասքանչ զավակները, օրինակ են յուրաքանչյուրի համար: 
 
- 1993 թվականից լինելով Հայրենիքից հեռու, ապրելով Ռուսաստանի Պերմ քաղաքում, լինելով տեղի հայ համայնքի և հայկական մշակութային կենտրոնի ստեղծման ակունքներում՝ Դուք չեք մոռացել Ձեր արմատների, պատմության ու հայրենի հողի մասին, Հայաստանը պահել եք Ձեր սրտում, հայեցի դաստիարակել Ձեր զավակներին: Պատահական չէ, որ 2011թ.-ին հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար Սփյուռքի նախարարության կողմից ստացել եք շնորհակալագիր: Եվ ահա այսօր անչափ ուրախ եմ տեղեկանալ, որ Ձեր մեծ, գեղեցիկ ընտանիքը որոշել է վերջնականապես հայրենադրձվել, ապրել ու արարել ազատ ու անկախ Հայաստանում,- նշեց Հ. Հակոբյանը:
 
Շնորհակալություն հայտնելով նախարարին և ողջ նախարարությանը՝ Կարեն Պապյանը հատկապես շեշտեց «Արի տուն» ծրագրի վճռորոշ դերակատարությունը՝ հայրենադարձվելու որոշում կայացնելու հարցում. 
 
- 2017 թվականին երեք երեխաներս դարձան արիտունցի, վառ տպավորություններ ստացան և մեզ խնդրեցին վերադառնալ ու ապրել Հայաստանում: «Արի տուն» ծրագրի շնորհիվ էլ ավելի ուժգնացավ մեր երեխաների սերը Հայրենիքի նկատմամբ, նրանք ցանկանում են այստեղ սովորել, ստանալ բարձրագույն կրթություն, աշխատել: Վստահ եմ, որ նրանք կլինեն լավ քաղաքացի ու լավ հայ:
 
Ինքնաբուխ ու անկեղծ էր նախարարի գնահատականը՝ Կարեն Պապյանի ընտանիքի վերադարձը Հայրենիք գեղեցիկ և ոգևորող օրինակ է, որը վարակիչ կլինի շատերի համար: