Երթի մեջ աներեր՝ վառ պահելով հայկական ոգին

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԽՕՍՆԱԿ» ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ 60 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ

ՀԲԸՄ «Տէմիրճեան» կենտրոնում  Հայ Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային հանձնաժողովի և Հայ երիտասարդաց ընկերակցության կենտրոնական վարչության պաշտոնաթերթ «Խօսնակ»-ի 60 ամյակին նվիրված հանդիսությունը: Այն նախագահում էր շրջանակային հանձնաժողովի ատենապետ Ժիրայր Թուֆէնքճեանը: Երեկոյի գլխավոր բանախոսն էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
 
Բացման խոսքով հանդես եկավ «Խօսնակ»-ի մշակութային հանձնաժողովի անդամ Հովիկ Առաքելյանը: Ընթերցվեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի օրհնության, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ողջույնի և երախտիքի խոսքերը:
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին մշակութային համարներ, որոնցով հանդես եկան երիտասարդ երգիչ Արամ Շահպազեանը, դաշնակահար Ալեքս Պապահէքեանը, ՀԵԸ «Արին» պարախումբը:
 
Այնուհետև բեմ հրավիրվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նա անդրադարձավ հայ-լիբանանյան սերտ համագործակցությանը, ներկայացրել Լիբանան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության այցի մանրամասները և ուրախությամբ նշեց, որ Լիբանանի ղեկավար այրերը գոհունակությամբ և հպարտությամբ են խոսել հայ համայնքի մասին՝ շեշտելով հայերի աշխատասիրությունն ու հավատարմությունը, համայնքի կազմակերպվածությունը: Նախարարը կարևորեց Բարեգործականի 112-ամյա գործունեությունը, նրա բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում:  
 
- «Խօսնակը»-ը բազմավաստակ կառույցի՝ Բարեգործականի վառած անմար ճրագներից մեկն է, որ լուսավորում է հայ ընթերցողների` դեպի իմաստությունն ու սեփական էությունը տանող ճանապարհը: Իր 60-ամյա երթի ընթացքում «Խօսնակը»-ը մշտապես նախանձախնդիր մոտեցում է ցուցաբերել հայ համայնքում առկա խնդիրներին, պատշաճ ներկայացրել է Բարեգործականի ձեռնարկները, իր երթի մեջ եղել է աներեր և վառ պահել հայկական ոգին ու ազգային ինքնագիտակցությունը՝ սեր և նվիրում սերմանելով Հայրենիքի հանդեպ: Իր հրապարակումներում  մշտապես անդրադառնալով համահայկական խնդիրներին` ամսագիրը կիզակետում է պահել ազգային մնայուն արժեքները: Հեռավոր 1956թ. էր, որ արդեն պատկառելի տարիք ունեցող ՀԲԸՄ- լիբանանյան կառույցը ստեղծեց իր Վետերանների հանձնախումբը՝ Հազարապետ Պողոս Բեյ Թուրսարգիսյան, Ասատուր Մակարյան, Արա Թոփչյան, Սիսակ Վարժապետյան ազդեցիկ մտավորականների կազմով,- նշեց նախարարը:
 
Անդրադառնալով պաշտոնաթերթի բոլոր ժամանակների խմբագիրների գործունեությանը՝ նախարարը այն որակեց իբրև ազգապահպան և առաքինի գործ՝ ընդգծելով՝ 
 
- Այսօր կան և մեր կողքին են Սարգիս Մինասյանը, Պարույր Աղբաշյանը, Արամ Սեփեթչյանը, Համբիկ Մարտիրոսյանը, ովքեր շարունակում են ակտիվորեն ստեղծագործել՝ հարստացնելով մեր մշակութային կյանքը: Նրանք իրենց ներկայությամբ և արժեքավոր հուշերով կարող են էլ՛ ավելի իմաստավորել և ամբողջացնել «Խօսնակի»՝ իրենց ապրած ժամանակաշրջանի պատմությունը: 
 
Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ Հայրենիք-Սփյուռք գործակցությունն ու Սփյուռքի նախարարության գործունեությունը ամսագրի առանցքում են, և պատահական չէ, որ ի տարբերություն այն լրատվամիջոցների, որոնք դեպքից դեպք են անդրադառնում Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, «Խօսնակը» իր յուրաքանչյուր համարում նյութեր է հրապարակում Հայրենիքում, Սփյուռքում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական, կրթամշակութային և մի շարք այլ իրողությունների վերաբերյալ: 
 
Այնուհետև Հրանուշ Հակոբյանը «Խօսնակ»-ի նախկին խմբագիրներ Սարգիս Մինասյանին և Պարույր Աղբաշյանին փոխանցեց ՀՀ վարչապետի մեդալը, իսկ ներկայիս խմբագիր Համբիկ Մարտիրոսյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով: Համբիկ Մարտիրոսյանը ատենապետ Ժիրայր Թուֆէնքճեանի կողմից պարգևատրվեց նաև ՀԲԸՄ հատուկ հուշանվերով:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Խօսնակ»-ի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը պատվոգրեր հանձնեցին ամսաթերթի աշխատակիցներին: 
 
Հանդիսության ավարտին խմբագիր Համբիկ Մարտիրոսյանն իր շնորհակալական խոսքը հայտնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀԲԸՄ-ի երախտավորներին, «Խօսնակ»-ի բոլոր ժամանակների աշխատակիցներին: