Սև ամպեր՝ Արա Աբրահամյանի գլխավերևում

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵ՞Լ Է

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավերևում կարծես սև ամպեր են կուտակվում:
 
Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը, որը հայտնի դարձավ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին  ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ, շարունակում է Արա Աբրահամյանին մեղադրել անօրինական ճանապարհով հարստություն կուտակելու, հիմա էլ այլոց բիզնեսը խլելու փորձի համար:
 
Խոսքը «2Ն Քոմփընի» ընկերության մասին է: Այս անգամ ընկերության իրավաբան Յուրի Սեմյոնովը ներկայացրել է մեկ այլ պատմություն, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում:
 
2011 թ. Կալիֆորնիայում ստեղծված Organic America LLC ընկերությունը, որի հիմնադիրներն են Unava (Աբրահամյանի ենթակայությամբ) և World Organics ՍՊ ընկերությունները, բանաջարեղեն, սերմեր և խոտաբույսեր է աճեցնում: 
 
Ընկերությունների ներկայացուցիչները պայմանավորվել էին, որ Արա Աբրահամյանը պետք է դրամական միջոցներ ներդնի Organic America ընկերությունում, ապա՝ օգտագործելով իր բիզնես և քաղաքական կապերը, նպաստի արտադրանքի իրացմանը: 
 
Սակայն, ըստ պնդումների,  Արա Աբրահամյանը ոչ մի ներդրում էլ չի արել: Ավելին, նա մեղադրել է իր գործընկերներին, թե, իբր նրանք սխալ են ղեկավարում ընկերությունը: Դրանից հետո պարտադրել է նոր համաձայնագիր կնքել, այնուհետև փորձել է յուրացնել նրանց պատկանող Organic America-ի մի մասը: 2013թ. նոյեմբերին Աբրահամյանի Unava ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ World Organics ընկերության և դրա հիմնադիրների, որոնցից երկուսը հայեր են:
 
Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանի փաստաբանը հերքել է նրա հասցեին հնչող մեղադրանքները, ապա հայտարարել, թե կեղծել են Արա Աբրահամյանի կնոջ՝ ԱՄՆ քաղաքացի Նատալյա Աբրահամյանի ստորագրությունը:
 
Տպավորությունն այն է, թե սա հերթական գործնական տարաձայնություն է մի քանի բիզնեսմենի միջև, սակայն կարծում ենք՝ դրանում այլ նրբերանգներ էլ կան: 
 
Նախ, եթե տարաձայնությունները 2013-ից են սկսվել, ինչո՞ւ են Ռուբեն Գրիգորյանը և մյուս հայ գործարարները հիմա բարձրաձայնում այս մասին:
 
Երկրորդ՝  այս ամենը համընկավ ԱՄՆ-ի հրապարակած Կրեմյան ցուցակին, որը հստակ «մեսիջ» էր ռուսաստանցի գործարարներին, որոնց շարքում կան նաև հայ գործարարներ: Զարմանալիորեն Արա Աբրահամյանի անունը չկար այդ ցանկում: Սակայն հազիվ թե սա ԱՄՆ իշխանության համակրանքի արտահայտությունը լինի, քանի որ կա մեկ այլ հանգամանք ևս: Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան և Ռուսաստանի հայերի միության նախկին փոխնախագահ Սպարտակ Կոստանյանը  քննադատել էր Արա Աբրահամյանին, իսկ Ռուսաստանի հայերի միությունը համարել ֆիկցիա:
 
Չի բացառվում, որ ռուսաստանաբնակ հայերի լռության չափաբաժինը սպառվել է. եթե նախկինում նրանք նախընտրում էին լռել, կամ դժգոհել համախոհների շրջապատում, ապա հիմա բարձրաձայնում են բացահայտորեն՝ լսելի բոլորին: Գուցե Արա Աբրահամյանը ՌՀ միությունն իր բիզնես շահերի՞ն է ծառայեցնում, հանդես գալիս բոլորի անունից՝ այլոց հեղինակությունը ևս արատավորելով: 
 
Թեև Աբրահամյանը հերքում է մեղադրանքները, սակայն առանց ծխի կրակ չի լինում: Ընդ որում, ՌՀ միության  մասին խոսում են մարդիկ, ովքեր այդ կառույցի գործունեությանը ծանոթ են ի սկզբանե և ամենայն մանրամասնությամբ: 
 
Ռուսաստանն առայժմ չի արձագանքում տեղի ունեցածին, մեր իշխանություններն էլ դեռ ոչինչ չեն ասել: Սակայն հուսանք, որ այս խժդժությունները չեն ստվերի Ռուսաստանի հայ համայնքի  հեղինակությունը: Ավելին՝ նույնիսկ կօգնեն միությանը վերակազմակերպվել և իրոք ծառայել Ռուսաստանում ապրող հայերին: