ՌԴ ԳԱ բարձրագույն պարգև՝ հայազգի ակադեմիկոսին

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահությունը փետրվարի 27-ի որոշմամբ իր բարձրագույն պարգևին է արժանացրել հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանին: Նա համալրելու է 2017թ. պարգևատրված ակադեմիկոսների շարքը:
 
Յուրի Հովհաննիսյանը, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, աշխատում է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, զբաղվում է գերծանր քիմիական տարրերի սինթեզով: Նրա հետ միասին ՌԴ ԳԱ մեծ մեդալի է արժանացել նաև շվեդ միջուկային ֆիզիկոս Բյորն Յոնսենը:
Մեր հայրենակից ակադեմիկոսին, ինչպես նաև նույն օրը  Վ. Ի. Վերնադսկու անվան մեդալի արժանացած Էրիկ Գալիմովին իրեց պարգևնեևը կհանձնեն մեկ ամիս անց՝ մարտի 30-ին:
 
Ինչ խոսք՝ Ռուսաստանում նման պարգևի արժանանալու համար մարդը պետք է մեծ ծառայություններ մատուցած լինի և իր հետազոտությունների մեջ անգերազանցելի արդյունքների հասած: Փոքրիկ Հայաստանում նման մեծ ուղեղների համար աշխատելու, արարելու, արդյունք ստանալու հնարավորություններ, գոնե առայժմ, չկան: Մենք, սակայն, այնպիսի հանրություն ենք, որ օժտված ենք աշխարհի բոլոր անկյուններում բաբախող հայկական զարկերակն զգալու հատկությամբ: Ճիշտ է՝ առայժմ հաճախ դա այնքան էլ լավ չենք ընկալում: 
 
Հայ գիտնականն այսօր աշխատում է Ռուսաստանի հզորացման ճակատում, իսկ Ռուսաստանը հզորացնում է մեր ոսոխին՝ մեր դեմ ճակատ տալու համար: Գուցե բնության գաղտնիքները բացահայտող միտքը չի կարող ամլության դատապարտվել, նա պետք է գործի ու ստեղծի այնտեղ, որտեղ դրա հնարավորությունն ունի: Բայց նաև ցանկալի է, որ նման անհատներն իրենց կշիռն ու դերն օգտագերծեին հօգուտ իրանց կյանք տված հայրենիքի: Հուսանք՝ այսօր ՌԴ-ում բարձր պարգևի արժանացած գիտնականը նրանցից մեկն է: