«Հայ ժողովրդի գանձարանում ամենաթանկ գանձը հայերենն է». Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ

ՕՐ ՄԱՅՐԵՆԻԻ, ՕՐ՝ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄԻ

Այսօր առավոտնից վերստին աշխատանքային աշխույժով էին համակվել ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ Նախարարի առաջնորդությամբ: Չէ՞ որ հենց այս գերատեսչության նախաձեռնությամբ է ամեն ամ մեծ շուքով նշվում Մայրենիի օրը, որի շրջանակներում իրականացվող միջոցառումների մեկնարկն ավանդաբար տրվում է Օշականում՝ Ուսուցչապետի հիշատակը խնկարկելով:
 
Այնուհետև եկեղեցու դպրատանը տեղի ունեցավ մայրենիին նվիրված ավանդական միջոցառում՝ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտների և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարազգի ուսանողների մասնակցությամբ:
 
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին՝ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. 
 
- Հարգելի ներկաներ, սիրով և ջերմությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս մեր ոսկեղենիկ լեզվի տոնի առթիվ: Արդեն ավանդույթ է դարձել օրը սկսել Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ծաղիկներ խոնարհելով: Մաշտոցը ամենամեծ հայն է, պետք է մեծարենք ու խնկարկենք նրա հիշատակը, նույնը պետք է սովորեցնենք մեր երեխաներին: Օշականը սրբատեղի է հայ ժողովրդի համար և գրկաբաց ընդունում է բոլոր հայերին, շնորհակալ ենք ձեզ այս տոնի համար: Մայրենիի պահպանությունը հատկապես կարևոր է Սփյուռքում: Լեզվի պահպանությունը հայապահպանության գրավականն է: Եթե հայ մանուկը դրսում խոսում է հայերեն, ուրեմն հաղթել ենք: Երեխայի գլխավոր ուսուցիչը հայ մայրն է, և ես խնդրում եմ սփյուռքում ապրող բոլոր մայրերին, որ երեխաների հետ խոսեն միայն հայերեն: Խոսքս ուզում եմ ավարտել լեզվի մասին Համո Սահյանի տողերով՝ 
Մեր լեզուն արյունն է մեր, 
Արյունից ավելի թանկ, 
Մեր բուրմունքն ու գույնն է մեր, 
Մեր լեզուն մենք ենք, որ կանք…:
 
Միջոցառումը սկսվեց Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քհն. Մանուկյանի աղոթքով և օրհնությամբ: 
 
Օշականի դպրոցի աշակերտները փոքրիկ բեմադրություն ներկայացրին մայրենի լեզվի, Մեսրոպ Մաշտոցի մասին, նվագեցին երգեցին ու արտասանեցին: Ելույթ ունեցան նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ, պարսիկ և սփյուռքահայ ուսանողները:
 
Միջոցառման մասնակիցներն այցելեցին նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ծաղկեպսակ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի արձանին: Տոնի առթիվ Երևանի Խ. Աբովյանի անվան N 2 դպրոցի աշակերտները մայրենիին նվիրված բանաստեղծություններ արտասանեցին:
 
Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում կազմակերպված՝ 2016-2017 թթ. ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված արևմտահայերենին նվիրված գրքերի շնորհանդեսով և արևմտահայերենի խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկումով: