«Ես ինձ մի քիչ հայ զգացի»

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԺՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏԸ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

- Հայաստան գալուց առաջ ես գնացի Մարսել, եղա «A.R.A.M» թանգարանում, ընթերցեցի գաղթական հայերի տպավորությունները, հանդիպեցի համայնքի հետ ու ինձ մի քիչ հայ զգացի: Եվ հիմա ամեն շաբաթ ես լսում եմ որևէ միջոցառման մասին կամ մասնակիցն եմ դառնում նոր ձեռնարկի, որի նախաձեռնողը ֆրանսիայի հայ համայնքի ներկայցուցիչներն են: Կարծում եմ՝ այս տարի, ինչպես Նախագահ Մակրոնը հավաստեց  հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ Ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հշատակի օրի  կլինի ոչ միայն ձեր, այլ նաև ֆրանսիական օրացույցում,- ՀՀ սփյուռքի նախարարությունում երեկ հավաստել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
 
Ընդունելով և ջերմորեն ողջունելով դեսպանին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Հայաստան գալուց առաջ նրա հանդիպումները հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այն վառ տպավորությունը, որ նա թողել է համայնքի ներկայացուցիչների վրա.  
 
- Կարծում եմ, որ գտնվում եք մի երկրում, որը ամենաջերմ ու առանձնաշնորհյալ հարաբերություններն ունի Ֆրանսիայի հետ: Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, կարծում եմ, ֆրանսիախոս հայկական համայնքներին հայրենիքի հետ կապելու մի նոր շրջափուլի սկիզբ կդառնա,- ասել է նախարարը՝ հավելելով. 
 
- Մեր համայնքը միշտ ջերմորեն նշում է, որ երախտապարտ է Ֆրանսիայի պետությանն ու ժողովրդին, որ եղեռնից մազապուրծ հայության բեկորներին ընդունեցին, նրանց կյանքի և գոյության համար նպաստավոր պայմաններ ստեղծեցին, հնարավորություն ընձեռեցին ֆրանսիական բարեգութ հողի վրա հայկական օջախներ ու համայնքներ հիմնել: Ֆրանսիայում հաստատված հայությունը կազմակերպվել է, ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը, իր նպաստը բերել երկրի զարգացմանը՝ միաժամանակ պահպանելով իր ազգային նկարագիրը: Ինչպես Շարլ Ազնավուրն է բնորոշել՝ նրանք 100 տոկոսով ֆրանսիացի են և 100 տոկոսով հայ: 
 
Նախարար Հրանուշ Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու և հայկական Սփյուռքի մեկ միլիոնանոց ֆրանսիախոս համայնքներում: Եվ՝ որ մինչև ամառ Ֆրանսիայում գործող ամենօրյա հայկական դպրոցները քույրանալու են Հայաստանի տարբեր դպրոցների հետ: 
 
Շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ իր համար Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը նշանակում է ապրել ծայրաստիճան հյուրընկալ երկրում և գործ ունենալ կազմակերպված ու կարող հայկական համայնքի հետ: Դեսպանը կարևորել է Երևանում ֆրանսիական համալիր կրթօջախ ստեղծելը՝ ամբողջացնելով մանկապարտեզ, տարրական, հիմնական և ավագ դպրոցի և ֆրանսիական համալսարանի շղթան, որպեսզի Հայաստանում ապրող ֆրանսիացիների և ֆրանսիախոս հայերի երեխաները լիարժեք կրթություն ստանան:
 
Նա խոսել է նաև ինֆորմատիկայի լիցեյ բացելու նախաձեռնության մասին, որ հետագայում կդառնա համալսարանի ֆակուլտետներից մեկը:
Նախարարը և դեսպանը համակարծիք էին որ Երևան-Մարսել և Երևան-Լիոն չվերթների բացումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը: