«Մենք, դժբախտաբար, մեր հայրենակիցներին ընդունելու 100-ամյա փորձ ունենք»

ՄԱԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանն այսօր հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի ՓՀԳ գերագույն հանձնակատարի գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Օկոթ Օբբոյի գլխավորությամբ: Վերջինս Հայաստան է ժամանել տարածաշրջանային ճանաչողական այցի շրջանակներում:
 
Սփյուռքի նախարարությունում կայացած հադիպման ընթացքում Սերժ Սրապիոնյանը ողջունել է Հայաստան կատարած արդեն երկրորդ այցի կապակցությամբ և մաղթել հաջող աշխատանք:
 
Կողմերը քննարկել են սիրիական պատերազմի ընթացքում Հայաստան եկած սիրիահայերի ինտեգրացման ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած աշխատանքները: Օբբոյի ղեկավարած պատվիրակությանն են ներկայացվել այն բոլոր միջոցառումներն ու աշխատանքները, որ կատարվել են սիրիահայերին օգնելու նրանց՝ հայաստանյան իրականությանը ինտեգրելու ուղղությամբ: Անդրադարձ է եղել նաև նախատեսվող քայլերին: Սերժ Սրապիոնյանն ընդգծել է՝
 
-  Սիրիահայերը այստեղ չեն ընկալվել զուտ որպես փախստականներ, քանի որ մենք, դժբախտաբար, մեր հայրենակիցներին ընդունելու 100-ամյա փորձ ունենք: Եթե ոչ սոցիալական խնդիրները լուծելու հնարավորություն, ապա գոնե հոգեբանական պատրաստվածություն ունենք՝ մեր հայրենակիցներին ընդունելու: Եվ պետք է փաստել, որ այդ ընթացքում մարդկանց նման լուրջ քանակ ընդունելու դեպքում ոչ միայն կենցաղային, այլ նաև հոգեբանական խնդիրներ են առաջանում:
 
ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ավարտական փուլին է հասցրել Սիրիահայերի ինտեգրման ռազմավարությունը ուղենշող ռազմավարությունը, որն ուղարկվել է շահագրգիռ կողմերին՝ եզրակացություններ ստանալու համար: 
 
Ջորջ Օկոթ Օբբոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու կատարված աշխատանքները հանգամանորեն ներկայացնելու համար՝ տեղեկացրել է, որ իրենց գրասենյակը ևս ստացել է փաստաթղթի նախնական տարբերակը: Նա նաև  խնդրել է, որ ավարտական տեսքի բերվելուց հետո փաստաթուղթը նորից իրենց տրամադրվի՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: