Հայրենիքի հետ՝ թեև հեռվից

ՏԵՍԱԺՈՂՈՎ

ՌԴ Բուրյաթիայի Հանրապետության հայկական համայնքի ներկայացուցիչների հետ այսօր  ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած տեսաժողովին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ: 
Բուրյաթիայից տեսակապով միացել էին ՌՀՄ  Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ  Վահե Տոնականյանը, նախագահի տեղակալ   Մարսել Հարությունյանը, պարախմբի ղեկավար Երվանդ Կալաչյանը, համայնքի ներկայացուցիչներ:
 
Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց համայնքի հետ կապերի ակտիվացումը, որը կնպաստի նախարարության ծրագրերին առավել գործուն մասնակցությանը: 
 
- Համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործոն է հայոց լեզվի պահպանումը: Կոչ եմ անում բոլորիդ՝ տանը խոսել հայերեն. այդպես մեր երիտասարդներին հայ կպահենք:  Մյուս խնդրանքս է՝ բոլոր ուժերը միավորել դպրոցը վերաբացելու համար: Դպրոցն է պահպանում հայկականությունը, լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները: Մենք կօգնենք դասագրքերով, ուսումնաօժանդակ նյութերով, անհրաժեշտ ամեն ինչով: Անգնահատելի է հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Եվ վերջապես հայապահպանության հզոր գործոն է նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը և Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Կարծում եմ՝ ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը, միայն այդպես հայ երեխան կմտածի հայ մնալու մասին: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը,- ընդգծեց Նախարարը:
 
Ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, Նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հրավիրեց մասնակցելու դրանց: Ծրագրերի պայմաններին և նպատակներին ավելի հանգամանորեն ծանոթացրեց Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:
 
Իսկ Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ  Վահե Տոնականյանն ու նախագահի տեղակալ   Մարսել Հարությունյանն անդրադարձան համայնքի հաջողություններին, նշեցին, որ  2015թ. ապրիլի 26-ին Բուրյաթիայի Հանրապետության Ուլան Ուդե քաղաքում հայկական համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար և կազմակերպվել ծառատունկ՝ տնկվել է 100 թխկի: Հպարտությամբ հավելեցին շախմատային, ֆուտբոլային ակումբները հաղթանակների, պարային համույթի հաջող ելույթների մասին: Նշեցին, որ ամեն ինչ կանեն կիրակնօրյա դպրոցը վերաբացելու համար: 
 
Հետաքրքիր առաջարկ ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջիկա ծրագրերին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին անդրադառնալով. Հայաստանում տուրիզմի զարգացման համար լավ կլիներ Ուլան Ուդե-Երևան ուղիղ ավիաչվերթներ կազմակերպել և զբոսաշրջային հատուկ ծրագրեր ստեղծել:  Նա նաև հավաստիացրեց, որ այս տարի անպայման կմասնակցեն նախարարության ծրագրերին՝ լիահույս, որ համագործակցությունն այսուհետ ավելի ակտիվ ու արդյունավետ կլինի: