Հավատարիմ՝ հավատամքին

«ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԴՊՐՈՑՆ Է»

«Դպրոցասեր» ամենօրյա վարժարանի ակունքները 19-րդ դարում են:
 
Հայ մտավորական կանանց նախաձեռնությամբ և հանրության նյութական օժանդակությամբ՝ Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վարժարանների համար ուսուցիչներ պատրաստելու նպատակով 1879 թ. Կ.Պոլսում հիմնված կրթօջախը չի գործել միայն 1896-1908 թթ.: Հայոց եղեռնից հետո այն դարձել է որբանոց՝ ապաստանելով հրաշքով վերապրածներին: Իսկ 1922 թ. տեղափոխվել է նախ Սալոնիկ, ապա՝ Մարսել: 1927- ից հաստատվել է Փարիզի Ռենսի արվարձանում՝ արդիական հարմարություններ ունեցող շենքում:
 
1948 թվականից ֆրանսիական կառավարությունն այն ճանաչել է որպես երկրորդական վարժարան, ուր արևմտահայերենով  դասավանդվում է  հայոց լեզու, գրականություն, պատմություն: Այստեղ ուսանում է շուրջ 270 աշակերտ, դասավանդում են մոտ 20-25 ուսուցիչ: 
 
Կրթարանի առօրյան առավել հագեցած են դարձնում այնտեղ գործող երգչախումբն ու ֆուտբոլային խումբ: Կրթօջախի  ուսուցիչները  մասնակցել են Հայաստանում  կազմակերպված  վերապատրաստման ծրագրերի:
 
Ահա թե ինչու է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անգնահատելի համարում «Դպրոցասեր»-ի ավանդը ֆրանսահայ համայնքի պահպանման գործում և ամենօրյա հայկական վարժարանի տնօրեն Հայկ առաջարկում ուսուցիչների վերապատրաստման ծրագիր իրականացնել:  
 
- Եթե համայնքում դպրոց, եկեղեցի չկա՝ ձուլումն անխուսափելի է, դրա համար ես խորապես համոզված եմ, որ համայնքի կենտրոնը դպրոցն է,- փաստում է Հ. Հակոբյանը:
 
«Դպրոցասեր»-ի տնօրենն ու Սփյուռքի նախարարն իրենց  հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հայաստանի դպրոցների հետ գործակցության հարցեր: Մասնավորապես Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող դպրոցների քույրացման ծրագիրը, որի առաջին քայլերն արված են: Իսկ այսօր արդեն, որպես գործնականության վկայություն՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանի և Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանը և Ստեփան Զորյանի անվան դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը:
 
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նորաթուխ գործընկերներն այսուհետ իրականացնելու են համատեղ ուսումնական, կրթական ծրագրեր, փոխանակելու են տեղեկատվություն, կրթօջախների, մանկավարժների և աշակերտների փոխճանաչման նպատակով կազմակերպելու են փոխայցելություններ:
 
Ծրագրվել է նաև կազմակերպել ուսուցիչների վերապատրաստում, մանկավարժական փորձի փոխանակում, առցանց հաղորդակցության ապահովում, հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության, հայ մշակույթի առարկայական դասընթացների մշակում և առցանց ուսուցման կազմակերպում:
 
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է հայոց լեզվի, հայոց պատմության, հայագիտական գիտելիքների համատեղ մրցույթների կազմակերպում, հեռավար բաց դասերի, թեմատիկ տեսահամաժողովների, կլոր սեղանների, բանավեճերի անցկացում, աշակերտների շփման առցանց հնարավորությունների ստեղծում և ակտիվ մասնակցություն՝ Սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, կրթամշակութային և երիտասարդական ծրագրերին: