Սկիզբ՝ շարունակական ընթացքի

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ

Սփյուռքի նախարարությունում այսօր կայացած հանդիպումը շարունակական ընթացք ապահովող գործնական քայլ կարելի է համարել:
 
Այն Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև սփյուռքի հարցերի համակարգման ուղղությամբ առաջին եռակողմ հանդիպումն էր՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքի մասնակցությամբ:
 
Հիմքում ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև 2017թ. հունիսի 19-ին Երևանում ստորագրված Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման Հուշագիրն էր:
 
Այսօրվա հանդիպումը հաստատեց պաշտոնական երկխոսություն՝ նշանավորելով հայ, կիպրացի և հույն ժողովուրդների միջև պատմական բարեկամական հարաբերությունները: Ինչպես նաև՝ համատեղ ծրագրերի միջոցով, միջկառավարական երկխոսությանը զուգահեռ, նրանց միջև մշակութային, կրոնական և տնտեսական ամուր կապերի, երեք երկրների՝ իրենց սփյուռքյան համայնքներին սատարելու պատրաստակամության և նրանց միջև փոխըմբռնման ու սերտ համագործակցության արտահայտություն:
 
Երեք երկրները համաձայնվեցին նպաստել ակադեմիական ինստիտուտների, մշակութային կենտրոնների, լրատվական խմբերի և գիտական կենտրոների միջև համատեղ տեղեկատվական փոխանակման նախաձեռնությունների և նախագծերի խթանմանը, որոնք նպատակ ունեն նպաստելու նրանց ընդհանուր արժեքներին և սփյուռքի հետ կապված հարցերին:
 
Երեք կողմերը համաձայնվեցին նաև արտերկրում իրենց կազմակերպված սփյուռքների միջև համագործակցության առավել սերտացմանը խրախուսելու մասին՝ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Որոշվեց հաջորդ տարվա գարնանը Ֆրանսիայում հրավիրել երեք սփյուռքների երիտասարդների եռակողմ հանդիպում, որպեսզի այս կարևորագույն փոխգործակցությունը վերածվի կոնկրետ գործողությունների և իր նպաստը բերի սփյուռքի հարցերի վերաբերյալ լավագույն փորձի և գիտելիքի փոխանակմանը: