Մարտական բոցերում թրծված կամք

ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿԸ

Ամերիկաբնակ Հրանտ Թումասյանը Հայրենիք է բերել հերթական օգնությունը՝ նվիրաբերելու մեր սրբության սրբոց հայրենիքի ազատագրության համար  հաշմված մարդկանց...
 
Արցախյան ազատամարտի տարեգրության մեջ փառավոր հաղթանակների էջերը բազմաթիվ են: Այդ էջերից մեկն էլ պատմում է մարտական պանծալի ուղի անցած «Նիկոլ Դուման» ջոկատի մասին, որի շարքերում կռվել և ռազմական մկրտություն է ստացել Հրանտ Թումասյանը: 
 
Լեռնային Ղարաբաղի ազատագրական մարտերց մեկի ժամանակ ծանր վիրավորում ստացած Հրանտը ներկայումս բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Կամքի մեծ ուժի և տոկունության շնորհիվ հաղթահարելով հաշմանդամության խնդիրները՝ նա կարողացավ վերստին վերադառնալ կյանք, հաղթահարել դժվարությունները: Ավելին, սկսեց ուղիներ որոնել՝ իր զինակից և ճակատագրակից ընկերներին օգնության ձեռք մեկնելու համար:
 
Աննկարագրելի էր նրան ճանաչողների ու հատկապես մարտական ընկերների զարմանքն ու հիացմունքը, երբ Հրանտը տարիներ առաջ ժամանեց Հայաստան: Հաշմանդամության անվասայլակով էր, ասես՝ անօգնական, բայց պարզվեց... օգնություն է բերել արտերկրից: Այն էլ ինչպիսի օգնություն՝ հաշմանդամ ազատամարտիկներին օդ ու ջրի պես անհրաժեշտ ամենատարբեր պարագաներ...
 
ԱՄՆ-ից Հայրենիք այցելությունները դարձան հաճախակի, և Հրանտը երբեք դատարկաձեռն չէր գալիս Հայաստան: Մի դեպքում հաշմանդամություն ունեցաղ ազատամարտիկներին հատուկ հարմարեցված փոխադրամիջոցներ՝ ավտոմեքենաներ, անվասայլակներ, բժշկական և սանիտարական պարագաներ: Նաև՝ իր իսկ նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հեռարձակվող AABC հեռուստաընկերության «Բարև» հեռուստածրագրի հեղինակ և վարող, տաղանդաշատ ասմունքող Նունե Ավետիսյանի աջակցությամբ եթեր հեռարձակված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներ...
 
Եվ ահա Հրանտ Թումասյանը կրկին Հայաստանում է: Իր նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Հայրենիք է բերել հերթական օգնությունը՝ նվիրաբերելու Հայաստանի սահմանների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի ազատագրության մարտերի ժամանակ վիրավորված ու հաշմանդամ դարձած իր զինակից ընկերներին: 
 
Երեկ Երկրապահ կամավորականների միության վարչությունում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաև Հրանտը, հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամ ազատամարտիկներին տրամադրվեցին անվասայլակներ, բժշկական և սանիտարական մեծաքանակ պարագաներ, բաղնիք-աթոռակներ, անվավոր քայլակներ, հատուկ մահճակալներ, ձեռնափայտեր, սիլիկոնե գուլպաներ, սնվելու պարագաներ և այլն:
 
Նստասայլակներ կտրամադրվեն նաև կենտրոնական զինվորական հոսպիտալին:
 
Անակնկալի գալով Հրանտ Թումասյանի մատուցած գեղեցիկ անակնկալներից՝ միջոցառման ընթացքում մի անակնկալ էլ մատուցվեց սիրելի ազատամարտիկին. ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի, 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակի առթիվ և ԵԿՄ ծրագրերին աջակցելու համար՝ ՀՀ «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալով պարգևատրեց Հրանտ Թումասյանին:
 
Արցախյան պատերազմի մասնակից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Հրանտ Թումասյանը, ինչպես նշեցինք, մարտական գործողության ժամանակ վիրավորվելով՝ երկար տարիներ գամված է սայլակին: Նախկին ազատամարտիկն ավելի լավ է հասկանում հաշմանդամ, սայլակի կարիք ունեցող բախտակից ընկերներին և այսօր էլ շարունակում է հնարավորինս օգնել ՝ տարբեր ակցիաներ, բարեգործական միջոցառումներ կազմակերպելով:
 
- Հայաստանի սահմանների պաշտպանության և արցախյան ազատամարտի ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած ազատամարտիկներին ցուցաբերվող օգնությունը կլինի շարունակական,- հավաստիացնում է Հրանտը:- «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրյալները սիրով են ընդունում իմ խնդրանքներն ու առաջարկությունները, քանի որ խոսքը վերաբերում է մեր սրբության սրբոց հայրենիքի ազատագրության համար հաշմված մարդկանց...
 
Հրանտ Թումասյանը ծնվել է 1971 թվականին: 1988-ին ավարտել է Երևանի Պարույր Սևակի անվան 123 դպրոցը, իսկ 1990-ին կամավոր զինվորագրվել հայոց ազատամարտին՝ «Նիկոլ Դուման» ջոկատում: Մասնակցել է Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերի և Երասխի, ապա ԼՂՀ Շուխնուխի և շրջակա գյուղերի համար մղված մարտերին: 1991-1992 թթ. մարտնչել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար, Տավուշի Մովսես և ԼՂՀ Կիչան ու Սրխավենդ գյուղերի համար:
 
Հրանտ Թումասյանը պարգևատրվել է կառավարական բարձր` ՀՀ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով:
 
Մարդու համար ամենաթանկն իր կյանքն ու առողջությունն է, բայց Հրանտ Թումասյանն իր երիտասարդ կյանքի արշալույսին՝ քսանը դեռ չբոլորած, անվարան նետվեց վտանգի մեջ հայտնված հայրենիքը պաշտպանելու: Ծանր վիրավորվեց ու արդեն 27 տարի է՝ գամված է անվասայլակին, բայց կամքի մեծ ուժով կարողացավ նայել առաջ, լցվել ապրելու հույսով ու նաև օգնության ձեռք մեկնել արցախյան ազատամարտում հաշմանդամ դարձած իր մարտական ընկերներին: 
 
Ահա այսպիսին է մեր օրերի հերոսը՝ Հրանտ Թումասյանը, ումից սովորելու շատ բան ունի նոր սերունդը...
 
Վարուժան ԲԱԼՅԱՆ