Համախումբ ու վստահ՝ նույն ծառի երեք ճյուղերով

ԵՌԱԹԵՎ ՓԱՐՈՍ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ-ԱՐՑԱԽ

Ուզենք, թե չուզենք, խոստովանենք, թե քննադատենք՝ միևնույն է՝ պարտավոր ենք փաստել, որ Հայրենիք-Սփյուռք համահայկական համաժողովը  անշունչ բառերի բարձրախոս և անտարբեր ունկնդիրների հանդիսասրահ չէր: 
 
Դրան մասնակցելու հայտ ներկայացրած սփյուռքաբնակ մեր հայրենակիցների քանակ ի սկզբանե հուշում էր, որ նման հայահավաքը սպասված է ու ցանկալի: Իսկ արդեն երևանյան եռօրյա բուռն քննարկումները վկայում էին, որ հայրենիքում առկա հիմնախնդիրները ոչ միայն հայաստանաբնակների կյանքն են դժվարացնում, այլև հենց այդ դժվարությունների պատճառով հեռացածների հոգիներն են ալեկոծում:
 
Արդեն ավանդական դարձած այս հայահավաքների նախաձեռնողն ու կազմակերպիչը՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը, այսպիսով, ազատ ամբիոն էր տրամադրել՝ ազատորեն կարծիքներ արտահայտելուց զատ նաև հիասթափությունների պատճառները քննարկել՝ դրանցից գործնական առաջարկություններ բխեցնելով: Դիպուկ ընտրված խորագիրն իսկ՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» տրամադրում էր հիրավի կառուցողական ծավալուն բազմախոսություն ծավալել: Ահա թե ինչու՝ հնչող քննադատություններն ընկալվում էին ոչ թե արվածով չգոհացողների խոսքեր, այլ մտահոգ մարդկանց պատրաստակամություն՝ յուրաքանչյուրն ըստ կարելվույն նպաստելու անլուծելի դարձած խնդիրների լուծումը համատեղ ջանքերով որոնելու: Առավել ևս՝ այս համաժողովն առանձնանում է նրանով, որ քննարկվելու է համահայկական խորհուրդ ստեղծելու գաղափարը: Խորհուրդ, որը հնարավորություն կընձեռի լսելի դարձնել հայկական բոլոր գաղթօջախների ձայնը և համատեղ հոգալ մայր հայրենիքի հոգսերը:
 
Ինչպես տեղեկացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝
 
- Սփյուռքի նախարարությունը, հիմք ընդունելով նախորդ համաժողովներում հնչեցված հարցադրումները, գործակցելով հոգևոր, համահայկական, համայնքային կառույցների, այլ նախարարությունների հետ, մշակել և իրականացրել է բազմաբովանդակ ձեռնարկներ, ծրագրեր, որոնց ամփոփ արդյունքները գրքույկի տեսքով ներկայացված է ձեզ:
 
Աշխատանքները հիմնականում նպատակաուղղվել են՝ ամրացնելու Սփյուռքի կապը Հայրենիքի հետ, աշխուժացնելու երիտասարդության շրջանում հայապահպանության աշխատանքները:
 
Մեր միասնության առհավատչյան է նաև այս համաժողովը, այս հայաշունչ սրահը, որին մասնակցում են մեր ժողովրդի ավելի քան 1800 զավակ 71 երկրից:
 
Երիցս ճիշտ էր Արամ Ա կաթողիկոսը՝
 
- Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ. վայ մեզ, եթե միայն այսպես մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայու հավանական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Մեր հավաքական տան նկատմամբ անելիք և ասելիք ունենք և պետք է ունենանք. պետք է հզորացնենք այն մեր ողջ կարողությամբ:
 
Եվ ոչ միայն այդ պահին դահլիճում ներկաների, այլև համայն հայության սրտից էր բխում նրա «հիշեցումը», որ Հայաստանն ու Սփյուռքը գործընկերներ չեն, նրանք նույն ազգի զավակներն են:
 
Դրա տրամաբանական շարունակությունն էր, ասես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը՝
 
- Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից: Մենք ճանաչում և արժևորում ենք սփյուռքն իր բազմաշերտ էության մեջ: Վերջին տարիներին տարբեր առիթներով ես հանդիպել եմ մեծ հաջողությունների հասած կամ դեռ այդ ճանապարհին գտնվող բազմաթիվ երիտասարդների, տեսնում եմ նրանց ավյունը իրենց հայրենիքին օգտակար լինելու հարցում: Մենք պետք է նոր ուղիներ գտնենք նրանց ներգրավվածությունը ապահովելու համար:
 
Հայի ինքնության պահպանման համար հետևողական պայքարի հաղթանակի առհավատչյան էր Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանի հավաստիացումը՝
 
- Մենք լավ գիտենք մեր պատմությունը, և չորս սերունդ ի վեր պայքարում ենք, որպեսզի արդար լուծում ունենա մեր մեծ հայրերի ու մեծ մայրերի ապրած անարդարությունը: Թուրքիան կրկին մութ շրջանի մեջ է: Եվ մենք շատ լավ գիտենք, որ այս մտայնությունը ոճիր է գործում․ 102 տարի առաջ մեծ ոճիր կատարվեց՝ Ցեղասպանություն, և այդ ոճիրը դեռ չշարունակվի, որովհետև յուրաքանչյուր ոճիր, երբ անպատիժ է մնում, նոր ոճիրների պատճառ է դառնում,- ասաց նա՝ հետագայում հավելելով՝ 
 
- Թուրքիայում 90-ականներին ենք սկսել ասել, որ հայ ենք և արդեն 2008թ.-ից հպարտ ասում ենք՝ իմ մեծ մայրը կամ հայրը հայ է: … Անձայն մնալը հանգիստ մնալ չէ, եթե կասենք, որ հայ ենք, հանգստ չենք կարող մնալ ազգայնական այս պայմանների մեջ: Բայց եթե անձայն մնաս, ազգայնականները ավելի վրա կտան:
 
Համաժողովի օրակարգը սպառվեց՝ ճանապարհ բացելով ցանկություն-առաջարների կենսակոչման համար: Այն ծրագրերի, որոնց իրագործմամբ ողջ աշխարհին լսելի կդառնա ազգիս՝ Հայրենիքի շուրջ համախմբած մոտ 12 միլիոն զավակների ձայնը: