Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում

ՀՈՐԴՈՐ ԵՎ ԱՀԱԶԱՆԳ՝ ԱՆԹԻԼԻԱՍԻՑ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի՝ Հայաստան-Սփյուռք համաժողովուհնչեցրած խոսքը, հիրավի, պատգամ էր, հորդոր: Բայց այն նաև կարևոր շեշտադրումներ ուներ, որոն իր խոսքի վերջում նա ինքը բանաձևեց՝ համեմելով Հովհաննեսն Շիրազի խոսքերով՝ 
 
- «Բա՛վ է հայեր ցրված մնաք մատներիս պես. բռունցքվելն է հավերժությունը Հայաստանի»: Ա՛յս է դարերեն եկող ու դարերուն գացող պատգամը հայոց պատմության։
 
Մեր երևելիների իրատեական խոսքը սովորաբար  ընկալվում է որպես անողոք քննադատություն, դատափետում, բայց ոչ երբեք՝ սրտաբուխ մտահոգություն, որն առաջ նայելով՝ նախկին սխալներից ձերբազատվելու պահանջ է՝ նախևառաջ:
 
- Կը գտնվինք մեր պատմության մեկ վճռադրոշմ խաչմերուկին դիմաց։ Եկեք ըլլանք իրապաշտ ու անկեղծ։ Հայաստանը կը պարպվի, իսկ Սփյուռքը կը մաշի։ Այս վտանգալից իրականության դիմաց պատահական նախաձեռնություններ չեն կրնան մեր տագնապները լուծել և վերքերը դարմանել։ Ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ, ախտաճանաչումը պետք է ճիշտ կատարել և համապատասխան կողմնորոշումներ ճշտել ու ազդու միջոցների դիմել,- ասում է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
 
Ավելի հստակ չես ախտորոշի՝ Հայաստանը պարպվում է, Սփյուռքը՝ մաշվում: Տկարացած ու օրավուր հյուծվող հայրենիքի օտարաբնակ զավակներին միայն վերջնական ձուլման և ուծացման հեռանկարն է սպառնում:
 
Կաթողիկոսը նաև ելք է առաջարկում՝ այդ վտանգից: Հայաստանի ու ամեն հայի շահից է բխում Հայաստան-Սփյուռք գործակցությունը պատահական ներդրումների ու զբոսաշրջային այցելությունների շրջանակից դուրս բերելը և այն մեր ազգային քաղաքականության կարևոր հիմքերից մեկը դարձնելը:
 
Ազգային քաղաքականություն և ազգային գաղափարախոսություն. ահա, թե ինչն է մեզ պակասել ավելի քան մեկ հազարամյակ՝ մեր պետականությունը կորցնելուց ի վեր: Վերջին 25 տարում, իհարկե, հազիվ թե հնարավոր լիներ այդ կորսվածը վերականգնել, սակայն նույն այդ՝ նորակերտ անկախության տարիներին, կարծես, չենք էլ փորձում վերականգնել մեր ազգային դիմագիծը: 
 
Զարմանալիորեն՝ մի ամբողջ դար ողբում ենք արյունարբու յաթաղանի զոհը դարձած Արևմտյան Հայաստանի ու նահատակված մեր պապերի համար: Դրա հակառակը ուրացումը կլիներ, բայց միայն ողբով ապագա չե՛ս կերտի: 20-րդ դարը լուսավոր պահեր պարգևեց հային ու նաև նրա ստեղծագործ մտքի թռիչքով ու անդուլ արարումով լուսավորեց սովետմիության զարգացման ուղին: Ասել է թե՝ հայ մարդը կարո՛ղ է շենացնել, եթե չի խոչընդոտվում նրա մտքի թռիչքն ու բազկի ուժը: Բայց այսօր նույն հայն ափնիբերան՝ «ուրիշի ձեռքին է նայում», կարոտ աչքերով  հեռուներից օգնություն սպասում :
 
Տիրոջ իրավունքն ունեցողի պահանջի պես է հնչում Արամ Ա կաթողիկոսի այն նկատառումը, որ՝
 
- Հայրենիքը հող ու ժողովուրդ է՝ պետություն ու տնտեսություն լինելուց առաջ։ Հավատարմությունը հայրենիքի նկատմամբ վեր է ամեն տեսակ նկատումներից։ Հետևաբար, անհրաժեշտ է և անհետաձգելի՝ արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թվային աճը ապահովելու ձգտող կոնկրետ միջոցների կիրարումը։ Հարկ է ըլլալ զգոյշ։ Եթե Հայաստանի տնտեսության զարգացումը ընթանա համրաքայլ և փտածության առաջն առնելը դառնա դժվար, և մյուս կողմից՝ եթե ժողովրդի կենսամակարդակը չդառնա գոհացուցիչ, արտագաղթը նույն թափով կարող է շարունակվել և աղքատությունը դառնալ աղբյուր ամեն տեսակ ընկերային ու բարոյական չարիքների։
 
Ասվածի վկան այսօրվա իրականությունն է. ինչպես ասում են՝ ով չի ալարում ու մի քիչ  էլ փող է հայթայթում՝ իսկույն դեպի օտարություն մեկնող ճեպընթացն է նետվում: Պատճառը միայն դժվար ապրուստը չէ. գուցե դրանից էլ առաջ՝ մարդկանց վանում է տարատեսակ անարդարություններն են ու անվստահությունը՝ զավակների վաղվա օրվա հանդեպ:
 
Հստակեցրե՞լ ենք ամբողջական ու անվտանգ Հայաստանի տեսլականը: Ավելի ստույգ՝ դեպի ամբողջական ու անվտանգ Հայաստան տանող այն «քարտեզը», որի վրա օտարներն իրենց շահերը չպե՛տք է ամրագրեն: Համենայն դեպս՝ առ այսօր օտարների հետ ենք հույսեր կապում, իսկ օտարները հայ զինվորի արյամբ պաշտպանվող մեր անվտանգությունը իրեն ու իր զենքին է վերագրում:
 
- Հայաստանը զբոսավայր չէ, բիզնեսի շուկա չէ, անցագիր չէ, վայ մեզ, եթե միայն այսպես մոտենանք Հայաստանին: Հայաստանը հայու հավանական տունն է, անցյալի, ներկայի ու ապագայի տունը: Մեր հավաքական տան նկատմամբ անելիք և ասելիք ունենք և պետք է ունենանք. պետք է հզորացնենք այն մեր ողջ կարողությամբ,- Արամ Ա վեհափառի այս նուրբ դիտողությունը խոսուն է բոլոր քննադատություններից: