Համախմբումի գումարելիները
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ
Համահայկական համահավաքի մենարկի նախօրյակին Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն
Օրը կիրակի է, սակայն ՀՀ սփյուռքի նախարարությունում կրկնապատկված է աշխատանքային եռուզեռը: Վաղը մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը, որին տևական ժամանակ խնամքով նախապատրաստվել են այստեղ՝ նախարար Հրանուշ Հակոբյանի անմիջական առաջնորդությամբ:
Ու, չնայած բազմազբաղ օրվան ու սուղ ժամանակին, նախարարն այսօր ընդունեց Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության պատվիրակությանը, որի կազմում էին Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ, ՎիՋիՍի-Արպլան ընկերության ավագ ճարտարապետ Գոհար Թութունջյանը (Կատար), ՃՃՀԱ Կատարի ներկայացուցչություն, հասարակական գործիչ Սիլվա Տեր-Բեդրոսյան-Վարդանյանը (Կատար), ՃՃՀԱ Կատարի ներկայացուցչություն, Շինարարության առողջապահական բնագավառի խորհրդատու Ալիս Կարավետյանը (Լիբանան), ՃՃՀԱ Կատարի ներկայացուցչություն, մարքեթինգի խորհրդատու Գրեգ Փայասյանը (Լիբանան), ՃՃՀԱ գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը (ՀՀ), ՃՃՀԱ վարչության անդամ, ԱՄԷ ներկայացուցչության համակարգող, ճարտարապետ Գյուլիզար Ջոնյանը (ԱՄԷ), ՃՃՀԱ Լիբանանի ներկայացուցչության համակարգող, «Դունբեյթ դիզայն» ճարտարապետական ընկերության ղեկավար, սեփականատեր, ճարտարապետ Վիգեն Թարխանյանը (Լիբանան), ՃՃՀԱ Լիբանանի ներկայացուցչության համակարգող, «Դունբեյթ դիզայն» ճարտարապետական ընկերության համասեփականատեր, ճարտարապետ Րաֆֆի Թարխանյանը (Լիբանան), ՃՃՀԱ Արցախի ներկայացուցչություն, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երևանյան ներկայացուցչության ղեկավար, Շախմատի միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը (Արցախ), ՃՃՀԱ Արցախի ներկայացուցչություն, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երևանյան ներկայացուցչության ղեկավարի օգնական Գագիկ Սարգսյանը (Արցախ), ՃՃՀԱ անդամ Հրաչ Վարդանյանը:
Ողջունելով ընկերակցության անդամներին՝ Հ. Հակոբյանը կարևորեց նրանց մասնակցությունը «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին :
- Շնորհակալ եմ, որ եկել եք: Համահայկական այս մեծ համաժողովին հավաքվելու ենք, որ ցույց տանք մեր միասնական ուժը, համախմբվածությունը, լսենք ձեր գաղափարները, առաջարկներն ու կարծիքները, որ հետո աշխատենք միասնաբար կյանքի կոչել դրանք, վերածել ծրագրերի,- ողջունելով հյուրերին՝ ընդգծեց նախարարը:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին կառույցի մասնակցությանը, ՀՀ սփյուռքի նախարարության և ընկերակցության միջև համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Ընկերակցության համանախագահ, ՎիՋիՍի-Արպլան ընկերության ավագ ճարտարապետ Գոհար Թութունջյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և ներկայացրեց միության ձեռքբերումներն ու ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նրա ծրագրերին:
Նա նշեց, որ ընկերակցությունն այսօր ներկայացուցչություններ ունի աշխարհի 12 երկրներում՝ ԱՄԷ-ում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Հորդանանում, Ֆրանսիայում, Կատարում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրանում, Թուրքիայում, Շվեդիայում, Արցախում: Կապեր է հաստատել Սփյուռքի բոլոր մասնագիտական համայնքների և անհատ մասնագետների հետ՝ ստեղծելով մասնագիտական տվյալների բազա (Database), որի միջոցով խթանում են նմանատիպ գործունեություն ծավալող անհատ մասնագետների և ընկերությունների համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը Հայաստանում, Սփյուռքում և Արցախում:
Ընկերակցությունը մշակել է 8 կետից բաղկացած գործողությունների ծրագիր :
2018թ. հոկտեմբերին Արցախում ՀՀ սփյուռքի նախարարության և ՃՃՀԱ-հետ համատեղ ծրագրվում է Ճարտարապետների 4-րդ համահայկական համաժողովի կազմակերպումը՝ Հայկական սփյուռքի ուշադրությունը դեպի Արցախ սևեռելու նպատակով: Այդ ուղղությամբ արդեն սկսվել են աշխատանքները: