Պիտի կերտենք Հայաշխարհի միջնաբերդ հզոր Հայաստան
ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Վաղը՝ սեպտեմբերի 18-ին մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համաժողովը
Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր
«Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն». ահա վաղվանից մեկնարկող Հայաստան-Սփյուռք Համահայկական 6-րդ համաժողովի բնաբան-նշանաբանը:
Եվ իրավամբ, հայության կողմից այնքան փայփայվող ու չարչրկված միասնականությունը շարունակելու է մնալ տևական բաղձալի, եթե, տվյալ դեպքում Հայաստան-Սփյուռքի միջև չգոյանա ու չկայանա փոխադարձ վստահությունը: Միասնականությունը, սակայն, ինքնանպատակ արժեք չէ և դա էլ պետք է ձևավորվի, իրականանա՝ հանուն մեկ այլ գերնպատակի՝ հայոց անկախ պետականության կայացման ու հզորացման:
Եվ ինչ խոսք՝ կայացած-հզորացած պետությունն է երաշխիքը՝ բոլոր կարգի հիմնախնդիրների լուծման, որոնք նորովի դիմագրավում է 21-րդ դար թևակոխած ու ցայժմ 26-ամյա անկախ պետականության փորձ ունեցող հայությունը և Հայաստանը:
Մեկ խօսքով՝ հայապահպանում, սոցիալական արդարություն, ազգային թե՛ պետական անվտանգություն, Արցախյան հիմնահարցի հայանպաստ հանգուցալուծում, հայոց պահանջատիրությոիւն ու այս ամենն ընդգրկող՝ Հայ Դատի ու հայոց ազգային գաղափարախոսության հաղթական ավարտը անմիջականորեն պայմանավորված է Հայաշխարհի միջնաբերդ հզոր Հայաստանով ու լիարժեքորեն կայացած նրա պետականութեամբ...:
Ահավասիկ 6-րդ համաժողովում առանցքային օրակարգեր հանդիսացող՝
- Հայաստանի զարգացման հիմնախնդիրները,
- ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում,
- Արտաքին քաղաքականության օրակարգ,
- Հայապահպանութեան հիմնախնդիրներ
ուղղություններն ու առնչակից բոլոր ենթաօրակարգերը լայն քննարկումների արդյունքում պատշաճորեն ուրվագծելու են վերոգրյալ գաղափարների արդիական բանաձևումները, որոնք էլ պետք է կյանքի կոչվեն համապատասխան մեխանիզմների որդեգրմամբ:
Իսկ այդ փուլը թևակոխելու և, այսպես ասած՝ գաղափարներն ու խոսքերը կենսագործելու նպատակով 6-րդ համաժողովում կիրառվելու է՝ «Համազգային խորհուրդ» մարմնի ձևավորման նախնական քայլը, որն ոչ այլ ինչ է, եթե ոչ նույն միասնականությանը բովանդակություն հաղորդելու հուսադրիչ և մոտակա ձեռքբերում՝ հանուն միևնոյն Հայաստանի ու հայության իրատեսական ու համապարփակ հզորացման: