Նաիրիտյան թնջուկներ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՈԼԴԻՆԳԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է

Բարեբախտաբար սխալ էին այն կասկածները, թե հրդեհից հետո «Նաիրիտի» օգտին ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած EU-Asia Business Finance Center հոլդինգը կկամենա ավերակներ վերականգնել:
 
Ավելին, նրանց մտահոգում է օգոստոսի սկզբին ձեռքբերված պայմանավորվածության ձգձգումը: Եվ հոլդինգի նախագահության անունից դոկտոր Աշոտ Գրիգորյանը Սլովակիայից նամակ է հղել Հայաստանի վարչապետ Կ. Կարապետյանին՝ այդ առնչությամբ որոշակի տարակույսներ արտահայտելով: Ա. Գրիգորյանը նամակի օրինակը տրամադրել է «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնին՝ հրապարակման նպատակով:
 
Մեջբերոում ենք մի հատված այդ նամակից, ինչը նաև մեր ընթերցողին կհետաքրքրի.
 
- ... Արդեն անցել է գրեթե մեկ ամիս, և համաձայնեցված մտադրությունների մասին Արձանագրությունն առ այսօր ստորագրված չէ Ձեր կողմից։ Քանի որ նման ձգձգումը տարակուսանք է առաջացնում հոլդինգի անդամների մոտ և առաջ քաշում Հայաստանի Հանրապետության կառավարության լրջության և աշխատունակության հարցը, բացատրություն ենք պահանջում Ձեզանից, թե ինչու մինչ օրս չեք ստորագրել Արձանագրությունը մտադրությունների մասին, որը հոլդինգը ստորագրել է դեռևս օգոստոսի 11-ին։
 
Նույնպիսի իրավիճակ էր դիտարկվում տենդեր հայտարարելուց հետո, երբ կառավարությունը ոչ միայն չտեղեկացրեց մեզ տենդերի արդյունքների մասին, այլև նույնիսկ չներկայացրեց տենդերային առաջարկությունների բացման արձանագրությունը։
 
Գործելով նման ձևով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը վանում է ներդրողներին և երկրում ստեղծում ներդրողական անբարենպաստ կլիմա։
Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար պահանջում ենք հստակ ու յուրաժամկետ կատարել ձեռք բերված պայմանավորվածություններն և ամենայն օժանդակություն ցուցաբերել հոլդինգին` Նաիրիտ քիմիական կոմբինատի վերականգնման գործում, ինչն անչափ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վերածնման վրա։
 
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող «Նաիրիտ» քիմկոմբինատի վերականգնումը գորրծնական հուն տեղափոխելու նպատակով ՀՀ կառավարության հետ EU-Asia Business Finance Center Holding-ի և NAIRIT-EU կոնսորցիումի ներկայացուցիչների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ հնավորինս սեղմ ժամկետներում ստորագրել Արձանագրություն մտադրությունների մասին: Այն հոլդինգի և աուդիտային անկախ ընկերության մասնագետներին հնարավորություն կտար անցկացնել կոմբինատի տեխնիկական աուդիտ և հետագայում ձեռնամուխ լինել գործարանի վերականգնման ծրագրի իրականացմանը։