Անտերություն

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՅՍ ԱՆՏԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Անահիտ ԲԱԽՇՅԱՆ
 
Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ
 
ՀՀ Կառավարությունը   մի կողմից քամուն է տալիս պետբյուջեն, մյուս կողմից՝ կրճատում աշխատատեղերը՝   բյուջեն լցնելու նպատակով:  
 
2015թ. Պետբյուջեի «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսվել է Երևանի 5 դպրոցների հիմնանորոգում, որոնց թվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցը, որի կապալառու կազմակերպությունն է եղել «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն: Հիմնանորոգումը սկսվել է 29.01.2015թ., հատկացվել է 321մլն 621.հազ. դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև հիմնանորոգումը վաղուց դադարեցվել է, շինարարները  կիսատ թողել գնացել են ու 2 տարի է՝ չեն երևում դպրոցում: Մի մասնաշենքն առանց տանիքի է, ու պատերը գաջել են առանց տանիքի. այսինքն՝ ներդրված գումարն արդեն անձրևը տարել է:
 
Այս մասին նամակ եմ գրել նաև Երևանի քաղաքապետին, քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է, և Երևանի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետով Երևանի քաղաքապետը կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները: 
 
Փաստորեն կառավարության ծրագիրը չի կատարվել, և հայտնի չէ, գումարը ծախսվե՞լ է կամ ո՞ւր է: 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում և ստիպված որոշ դասարանների երեխաներ 2-րդ հերթով են հաճախում դպրոց, իսկ ՀՀ վարչապետը դպրոցների տնօրեններից պահանջում է վերացնել 2-րդ հերթը:
 
Այս դպրոցի պարագում 2-րդ հերթը վերացնելը պետք է պահանջել ՀՀ կառավարությունից:
 
Անտերություն,  ո՞վ է   պատասխանատու այս անտերության համար:
 
ՀՀ կառավարությունը: