«Հայերն ապացուցել են, որ իրենք կոչված են հարատևելու»․ Անտուան ՄԵՅԵ

Ամենայն Հայոց Բանաստեղծը նաև մեր օրերի մասին կասեր՝ ժամանակները խառն են ու խրթին։ Եվ համատարած խառնաշփոթի մեջ մենք ասես կորցնում ենք մեր ազգային նկարագիրը։ Ավելի ստույգ՝ դադարում ենք կարևորել մեր ներդրումը մոլորակի բազմահազարամյա պատմության մեջ, դադարում ենք նշմարել անջնջելի մեր ոտնահետքը համաշխարհային քառուղիներում։ Սակայն հիշատակումներ կան, որոնք թշնամին ջանում է ջնջել-վերացնել կամ փորձում է իրեն վերագրել։ Ահա թե ինչու անհարկի կրկնություն չէ և ոչ էլ ժամանակավրեպ է նման հիշատակումներին անդրադառնալը։
 
Ֆրանսիացի ականավոր լեզվաբան, հայագետ, սլավոնագետ, հասարակական գործիչ, Ֆրանսիական ակադեմիայի (1924 թ.), արտասահմանյան շատ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1906 թ.) Անտուան Մեյեն գրել է․
 
- Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում, որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել իր սեփական լեզուն: Հենց մի քանի հայեր համախմբվում են իրենց գաղթած քաղաքում, նրանք հիմնում են տպարան և իրենց լեզվով թերթ տպագրում: Այնքան մեծ է քաղաքակրթական լեզվի կենսունակությունը:
 
Այն ժամանակ, երբ Ֆրանսիա անունը նույնիսկ գոյություն չուներ, Հայաստանը մեծ դեր է խաղացել պատմության մեջ. այն ժամանակներում, երբ ֆրանսերեն լեզուն դեռևս չէր տարբերվում լատիներենից, գոյություն ուներ հայերեն կարևոր գրականություն:
 
Այն ժամանակ, երբ կազմավորվել է հայ գրականությունը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերից ոչ մեկը դեռևս գոյություն չուներ. ո՛չ Ֆրանսիայի մասին խոսք կարող էր լինել, ո՛չ էլ Անգլիայի: Հայ ազգի գրական հեղինակություններն այնպիսի հնություն ունեն, որ շատ դարերով գերազանցում են Արևմտյան Եվրոպայի ազգերի մեծամասնության հեղինակություններին:
 
Որքան էլ հայերի դժբախտությունները անցած լինեն սովորական չափը, նրանք ապացուցել են, ոը իրենց ուժն էլ է սովորական չափն անցնում, և դրանով նրանք ապացուցել են, որ իրենք կոչված են հարատևելու, կոչված են բարձրանալու բազում դարերից ընկճված վիճակից: Հայերը շատ մեծ ազգ չեն, բայց շատ հին ազգ են, մենք դա գիտենք պատմությունից, հայերի իրավունքներն ունեցողը՝ ճշմարտությունից բացի այլ բանի կարիք չունի:
 
Դարեր շարունակվող արտագաղթը պետք է սպառեր ցեղը: Սակայն հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց՝ տալով, այդպիսով, հզոր կենսունակության ապացույց:
 
Արտագաղթած հայերի գործունեության մասին կարող ենք դատել այն փաստից, որ նրանք Բյուզանդիային տվել են կայսրեր, և որ 19-րդ դարում Եգիպտոսի ամենախոշոր նախարարը՝ Նուբար Փաշան՝ հայ էր:
 
Հայերն այնպես են սիրալիր ընդունում, որ մի փոքր ամաչում եմ… Որքան էլ ասեմ, քիչ է, թե այստեղ որքան սրտաբաց են ընդունում ինձ… Չեմ համարձակվում որևէ բան խնդրել, որովհետև ուզածս անմիջապես կատարում են: Որտեղ ուզեցի ընդունվել, ընդունվեցի: Մարդիկ, որոնց նմանները Ֆրանսիայում մի քայլ անգամ չէին անի ինձ համար, այցելության ելան հյուրանոցի խղճուկ սենյակս: Եվ այս բոլորը նրա համար, որ ես հայագետ եմ:
 
Նկարում՝ Երերույք տաճարը․ 4-5րդ դարեր․ Շիրակի մարզ, Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Ախուրյանի աջ ափին էլ Անի մայրաքաղաքն է։