ՄՈԼՈՐԱԿԻ 2030 ԹՎԱԿԱՆԸ

Գիտական կանխատեսումներ

Ասում են` անշնորհակալ գործ է կանխատեսումներ անելը: Սակայն պրպտուն միտքը, առավել ևս մարդկության վաղվա օրով հետաքրքրված գիտական հայացքը չի կարող գալիքին չնայել: Եվ ամերիկացի գիտնականները «ներթափանցել» են առաջիկա տասնամյակների տասնամյակներ:
 
Պաշտոնապես ԱՄՆ կոնգրեսին սպասարկող խորհրդատվական Network ընկերությունը կանխատեսել է, թե ինչ է սպասվում մարդկությանը 21-րդ դարի 30-ականներին: Իհարկե, կարելի է նաև թերահավատորեն վերաբերվել գիտական այս գուշակությանը, բայց չպետք է անտեսել մի իրողություն. դեռևս 1961 թ. նույն ընկերության հրապարակած տեսությունն 90 %-ով իրականացել է հետագա 30 տարիների ընթացքում:
 
Network-ի զեկույցը շատ ծավալուն է` բաղկացած 241 կետից: Անդրադառնանք մի քանիսին:
≈ Տեխնիկական առաջընթացի հիմքը համատարած կոմպյուտերացումն է: Փոքրիկ համակարգիչները հիշելու են մեր խոսքն ու ձեռագիրը և դառնալու են մեր բազմաթիվ գործառույթները կատարող անձնական քարտուղարներ: Դրանք նաև մեքենաներ են վարելու` նվազեցնելով վարորդների անհրաժեշտությունը: Մեծապես զարգանալու է ռոբոտացումը. այս մարդ-մեքենաներն են տուն մաքրելու, լվացք անելու, ճաշ պատրաստելու, և տերերը դրանց ընդունելու են որպես ընտանի կենդանիներ:
 
≈ Ավարտվելու է նավթի ու ածխի ժամանակը և օգտագործվելու է միայն միջուկային, արևային ու քամու էներգիան: Հեռավոր ճամփորդությունների մարդիկ կմեկնեն ճեպընթաց ինքնաթիռներով` ժամում 2500 կմ արագությամբ. դիցուք, Նյու-Յորքից Եվրոպա կհասնեն ընդամենը 2,5 ժամում: Իսկ ներկայիս երկաթուղին կփոխարինվի մագնիսական բարձերով գնացքներով:
 
 ≈ Լուսնի վրա կհայտնվի օգտակար հանածոներ պեղող առաջին գաղութը, և ի հայտ կգան իրապես ֆանտաստիկ բույսեր ու կենդանիներ: Մի քանի կիլոգրամանոց լոլիկն ու ոչխարի մեծության հավերն այլևս ոչ մեկին չեն զարմացնի: Ավելին, ծնողները հնարավորություն կունենան նախապես ընտրել իրեն ապագա երեխայի սեռը, քաշը, մազերի ու աչքերի գույնը և այլն:
 
  Մոլորակի վրա ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5 %-ով: Կանադայի հարավում մերձարևադարձային երկրներ կլինեն, իսկ Ամերիկայի հարավը կվերածվի անապատի: Հարավ-Արևելյան Ասիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի տարածքների 15 տոկոսը ջրածածկ կլինի:
 
  Կդադարեցվի օգնությունը թույլ զարգացած երկրներին. բնապահպանական նկատառումներով դրանց տարածքները կհայտարարվեն համաշխարհային արգելոցներ և դրանց վրա արտաքին կառավարում կիրականացվի:
 
  Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում կաշխատի մարդկության 10 %-ը, աշխատուժի 60 տոկոսն ընդգրկված կլինի ինֆորմատիկայի և սպասարկման ոլորտներում, իսկ մնացյալ 30 %-ը կդառնա գործազուրկ: Հասարակությունից մերժվածների` թափառաշրջիկների, հարբեցողների, թմրամոլների, հոգեկան հիվանդների համար կստեղծվեն հատուկ բնակատեղիներ:
 
  Հանցագործությունների աճը կառավարություններին կստիպի լրջորեն խստացնել քրեական օրենսդրությունը և կիրառել ցմահ բանտարկություններ ու մահապատիժներ: Ինքնասպանությունը սովորական երևույթ կդառնա, իսկ երկարակեցությունը կընկալվի որպես եսամոլություն:
 
  Տղամարդկանց ու կանանց հարաբերակցությունը կկազմի 40:60, ինչը կփոխի սեռերի դերերը, և սեռական հետապնդումների կենթարկվեն տղամարդիկ: Տղամարդկանց միջին հասակը կկազմի 185-190, իսկ կանանցը` 175-180 սմ: 50 տարեկանում կճաղատանա տղամարդկանց 60, իսկ կանանց` 20 %-ը, սակայն արհեստական մազերի փոխպատվաստումը սովորական երևույթ կդառնա:
Մոլորակի գերբեռնվածության պատճառով ամենուր սահմանափակում կմտցվի. Ընտանիքում՝ 2 երեխայից ոչ ավելի: Բուժելի կդառնա քաղցկեղը, ՁԻԱՀ-ը, շաքարախտն ու մինչ օրս անբուժելի համարվող այլ հիվանդություններ, սակայն ի հայտ կգան ոչ պակաս սարսափելի այլ ախտեր: Մարդկանց 80 %-ը սեռական ակտից առաջ ստիպված կլինի խթանող միջոցներ ընդունել…
 
Հավատ չներշնչե՞ց այս կանխատեսումը. հոգ չէ: Կարելի է համբերատար լինել և անձամբ համոզվել: Դրա համար հարկավոր է զինվել առողջությամբ և անպայման ապրել առնվազն 20-30 տարի: Շատ չէ` ընդամենը 2X10 տարի: 
Բարի ընթացք` դեպի պայծառ ապագա, տիկնայք և պարոնայք: